Ինֆեկցիոն հիվանդություններ

Ինֆեկցիոն հիվանդություններ

Ի՞նչ է ինֆեկցիոն հիվանդությունը։

Ինֆեկցիոն հիվանդությունները (վարակիչ հիվանդություններ) վնասակար օրգանիզմների՝ պաթոգենների կամ մանրէների պատճառով առաջացող բազմազան հիվանդություններ են։ Մանրէները ներխուժում են մարդու օրգանիզմ, վնասում մեր առողջությանը և առաջացնում տարբեր ախտանշաններ։ Այս հիվանդությունները կարող են լինել տարբեր ծանրության՝ թեթև, միջին, ծանր և նույնիսկ կյանքին վտանգ սպառնացող։

Ո՞վ կարող է վարակվել ինֆեկցիոն հիվանդություններով։

Բոլորիս մոտ էլ կարող են առաջանալ ինֆեկցիոն հիվանդություններ։ Այնուամենայնիվ, որոշ մարդկանց մոտ հիվանդանալու հավանականությունը ավելի բարձր է։ Ինֆեկցիոն հիվանդությունների ռիսկի գործոններն են․

  • թուլացած իմունային համակարգ (քաղցկեղի, մարդու իմունային անբավարարության վիրուսի (ՄԻԱՎ), կամ իմունիտետը ընկճող դեղորայքի ազդեցության պատճառով)
  • հղիություն
  • 60 տարեկանից բարձր տարիք
  • 5 տարեկանից ցածր տարիք
  • առողջապահական ոլորտում աշխատանք
  • տրոպիկական շրջաններում բնակություն կամ ճանապարհորդություն
  • թերսնուցում
  • հիվանդանոցային պրոցեդուրաներ

Ի՞նչերն են առաջացնում ինֆեկցիոն հիվանդություններ։

Վարակիչ հիվանդությունների հարուցիչներ կարող են հանդիսանալ տարբեր օրգանզիմներ։ 

  • Վիրուսները մանրէներ են, որոնք ապրում և բազմանում են կենդանի օրգանիզմներում։ Վիրուսներով հարուցվող հիվանդություններն են օրինակ՝ COVID-19, ՁԻԱՀ-ը (ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշ), հարբուխը և գրիպը։
  • Բակտերիաները միաբջիջ օրգանիզմներ են, վիրուսներից ավելի մեծ են, սակայն մարդու աչքի համար անտեսանելի են։ Դրանք ամենուր են, նույնիսկ մեր մարմնում։ Ավելին, բակտերիաներից որոշները  անհրաժեշտ են մեր օրգանիզմի առողջ կենսագործունեության համար (օրինակ՝ աղիների միկրոֆլորան)։ Այնուամենայնիվ, որոշ բակտերիաներ կարող են առաջացնել ծանր հիվանդություններ, օրինակ՝ թոքաբորբ, տուբերկուլյոզ, մենինգիտ, խոլերա և այլն։
  • Սնկերը կենդանի օրգանիզմներ են, որոնք տարածվում են մանր մասնիկների՝ սպորների միջոցով։ Մեր շուրջը կան միլիոնավոր սնկեր, որոշներն էլ նույնիսկ մեր մարմնում են, սակայն դրանցից միայն մի փոքր մասն է առաջացնում հիվանդություններ։ Սնկային վարակը կոչվում է նաև միկոզ։ Օրինակներն են կանդիդոզը, ասպերգիլոզը և այլն։
  • Մակաբույծներ․ այս օրգանիզմների կյանքը և տարածումը խիստ կախված են տիրոջ օրգանիզմից։ Մակաբույծների տեր կարող են հանդիսանալ տարբեր կենդանիներ՝ շները, կատուները, ձկները, կովերը և մարդիկ։ Մակաբուծային վարակների օրինակներն են մալարիան, աղիքային որդերը, գլխի և ցայլքի ոջիլները, և այլն։
  • Պրիոնները ոչ նորմալ սպիտակուցներ են, որոնք անցնում են մարդուն վարակված սննդի միջոցով։ Պրիոնային հիվանդությունները շատ հազվադեպ են և խիստ մահացու։

Ինչպե՞ս է մարդը ձեռք բերում վարակիչ հիվանդություններ։ 

Ախտածին մանրէները մուտք են գործում Ձեր օրգանիզմ արտաքին միջավայրից։ Յուրաքանչյուր մանրէ ունի տարածման իր ուրույն ձևը։ Վարակվելու հիմնական ուղիներն են․ 

  • շնչառություն (երբ վարակված մարդը հազում կամ փռշտում է Ձեր մոտ)
  • այլ անձի հետ սերտ շփում (օրինակ՝ համբուրվել կամ ցանկացած տեսակի սեռական հարաբերություն)
  • սպասքի ընդհանուր օգտագործում
  • հպում մակերեսներին, օրինակ՝ դռների բռնակներին և բջջային հեռախոսներին
  • կենդանիների հետ շփում
  • վարակված կենդանիների կամ մարդու կղանքի հետ շփում
  • կենդանիների կամ միջատների խայթոցներ
  • վարակված և թերի եփված սնունդ
  • վարակված հողի հետ աշխատանք
  • հղի կնոջից վարակի փոխանցում պտղին
  • արյան փոխներարկումներ, օրգանների և հյուսվածքների տրանսպլանտացիաներ

Որո՞նք են ինֆեկցիոն հիվանդությունների ախտանիշները։

Ինֆեկցիոն հիվանդություններ եզրույթը ներառում է բազմազան հիվանդություններ։ Հետևաբար, ախտանիշները նույնպես շատ տարբեր են։ Որոշները բնորոշ են կոնկրետ հիվանդությանը, օրինակ՝ ցլի աչքի նմանվող ցանը Լայմի հիվանդության ժամանակ։ Այլ ախտանիշներն էլ ոչ սպեցիֆիկ են և կարող են հանդիպել շատ վարակիչ հիվանդությունների ժամանակ։ Ամենահաճախ հանդիպող ախտանիշներն են․

  • տենդ
  • ընդհանուր թուլություն
  • լուծ
  • սրտի հաճախացած զարկեր
  • մկանացավեր
  • հազ
  • դող
  • գլխացավ
  • քթահոսություն
  • գիշերային քրտնարտադրություն

Ե՞րբ դիմել բժշկի։

Դիմե՛ք թերապևտին, եթե ունեք հետևյալներից որևէ մեկը․

  • վարակի ախտանիշներ, որոնք չեն անցնում 1-2 շաբաթվա ընթացքում
  • շնչառությունը դժվարացած է
  • ունեք ուժեղ գլխացավ և տենդ
  • ունեք տարածուն, ցավոտ կամ շոշափելիս տաք ցան
  • ցանը ուղեկցվում է տենդով
  • ունեք չբացատրվող, երկարատև տենդ
  • Ձեզ կծել է կենդանին

Դուք պետք է խոսեք բժշկի հետ նաև արտերկիր ճանապարհորդելիս՝ հնարավոր վարակները կանխարգելելու նպատակով։

Ինչպե՞ս են ախտորոշվում ինֆեկցիոն հիվանդությունները։

Ինֆեկցիոն հիվանդությունները ախտորոշվում են հիվանդության պատմության, ֆիզիկական զննման, լաբորատոր հետազոտությունների և, երբեմն, գործիքային հետազոտությունների հիման վրա։ Հաճախ օգտագործվող հետազոտություններն են․

  • արյան անալիզներ
  • մեզի անալիզներ
  • քսուկներ քթից և բերանից
  • կղանքի անալիզներ
  • ողնուղեղային պունկցիա
  • մաշկի և այլ հյուսվածքների բիոպսիա (փոքր նմուշի հետզոտություն մանրադիտակով)

Գործիքային հետազոտություններն են ռենտգենը, ուլտրաձայնային հետազոտությունը (սոնոգրաֆիա), համակարգչային շերտագրությունը (ՀՇ) և մագնիսառեզոնանսային շերտագրությունը (ՄՌՇ)։

Ինչպե՞ս են բուժվում ինֆեկցիոն հիվանդությունները։

Բուժման պլանը կախված է վարակիչ հիվանդության տեսակից։ Այս նպատակով կարող են օգտագործվել հետևյալ դեղերը․

  • Հակաբակտերիալ 
  • Հակավիրուսային
  • Հակասնկային
  • Հակամակաբուծային

Շատ ինֆեկցիոն հիվանդություններ, ինչպես օրինակ հարբուխը, անցնում են առանց հատուկ բուժման։ Պետք է միայն առատ հեղուկներ խմել , հանգստանալ և խուսափել այլ անձանց հետ շփումներից։

Հնարավո՞ր է արդյոք կանխարգելել ինֆեկցիոն հիվանդությունը։

Վարակիչ հիվանդություններից պաշտպանվելու բացարձակ մեթոդ գոյություն չունի։ Սակայն հնարավոր է նվազեցնել հիվանդանալու ռիսկը։ Կանխարգելելու մեթոդներն են․

  • պատվաստումներ
  • առօրյա կանխարգելիչ գործողություններ, օրինակ՝ ձեռքերը օճառով և ջրով լվալ
  • անվտանգ սեռական հարաբերություններ (սեռավարակների կանխարգելման համար)
  • միջատների խայթոցից խուսափել (բնության գրկում գտնվելիս ծածկե՛ք մաշկը և ստուգե՛ք մարմնին տզերի առկայությունը անտառում կամ բարձր խոտերի մեջ գտնվելուց հետո)

Ինֆորմացիայի աղբյուրերն են․
Cleveland Clinic
Mayo Clinic
CDC

Arrow Left Arrow Right
Mariam Avetisyan, MD

Հեղինակի մասին

Mariam Avetisyan, MD

is a pediatric anesthesiologist and intensive care specialist in Armenia. Through her writing, she explains complex medical topics in simple terms and helps families spot health concerns early.