Ե՞րբ է խմելը դառնում խնդրային
ԱՄՆ-ում 12 տարեկանից բարձր բնակչության ավելի քան կեսը խմում են ալկոհոլ: Ալկոհոլի քիչ քանակը կարող է լինել անվնաս, սակայն ինչպե՞ս կարելի է հասկանալ, թե երբ է խմելը դարձել խնդիր: Ալկոհոլ խմելը խնդրային է դառնում, երբ այն ունենում է բացասական ազդեցություն Ձեր առօրյայի, հասարակական և մասնագիտական կյանքի վրա:
Ալկոհոլի օգտագործման հետ կապված խանգարումը բժշկական տերմին է, որն օգտագործվում է բժիշկների կողմից հարբեցողությունը նկարագրելու համար: Եթե առկա են ստորև թվարկված նշաններից երկուսը կամ ավելին, ապա ամենայն հավանականությամբ, Դուք կամ Ձեր շրջապատից որևէ մեկը ունեք ալկոհոլի օգտագործման հետ կապված խանգարում.
- խմում եք ավելի շատ կամ ավելի երկար, քան պլանավորել էիք
- ուզում եք ավելի քիչ խմել, բայց չեք կարողանում
- շատ ժամանակ եք ծախսում ալկոհոլ փնտրելու, խմելու և խմելուց հետո վերականգնվելու վրա
- ունեք ալկոհոլ օգտագործելու շատ ուժեղ ցանկություն
- դադարեցնում եք աշխատելը, ընտանեկան հավաքույթներին չեք մասնակցում կամ չեք ծավալում հասարարական այլ գործունեություն
- շարունակում եք խմել, երբ նույնիսկ այն բացասաբար է ազդում Ձեր առողջության կամ անվտանգության վրա (օրինակ, խմում եք լողալու կամ մեքենա վարելու ընթացքում)
- շարունակում եք խմել, չնայած լուրջ առողջական խնդիրների առկայությանը
- ամեն անգամ ավելի ու ավելի շատ խմիչքի օգտագործմամբ եք հասնում նույն էֆեկտին (սա կոչվում է տոլերանտություն)
- խմելը դադարեցնելիս ունենում եք «հանման ախտանիշներ» (թվարկված են հաջորդ պարբերություններում)
Եթե կարծում եք, որ ունեք ալկոհոլի օգտագործման հետ կապված խանգարում, առաջին քայլը Ձեր թերապևտին դիմելն է:
Ալկոհոլի օգտագործման ընթացքում մարդիկ ունենում է ալկոհոլային ինտոքսիկացիայի ախտանշաններ: Դրանք առաջանում են արյան մեջ ալկոհոլի բարձր քանակի պատճառով: Ալկոհոլային ինտոքսիկացիայի սիմպտոմներն են.
- ոչ պատշաճ վարքագիծ և դատողության կորուստ
- տրամադրության փոփոխություններ
- լղոզված խոսք
- ուշադրության և հիշողության հետ կապված խնդիրներ
- հավասարակշռության և քայլքի հետ կապված խնդիրներ
- կոմա
- մահ
Երբ հարբեցողություն ունեցող անձը դադարում է ալկոհոլի ընդունումը, առաջանում են «հանման ախտանիշներ»: Ահա ամենահաճախ հանդիպող «հանման ախտանիշներ»-ի ցանկը.
- գերքրտնարտադրություն
- սրտի ռիթմի հետ կապված խնդիրներ (առիթմիա)
- դող
- անքնություն
- սրտխառնոց և փսխում
- հալուցինացիաներ (տեսնում, զգում կամ լսում եք գոյություն չունեցող բաներ)
- տագնապ
- գրգռվածություն
- ցնցումներ
Ալկոհոլի խնդրային օգտագործում
Կան մարդիկ, ովքեր հարբեցող չեն, սակայն ալկոհոլի օգտագործման հետ կապված խանգարումներ և դրանից բխող խնդիրներ ունենալու բարձր ռիսկի խմբում են: Նրանք երբեմն կրում են ալկոհոլ խմելու բացասական հետևանքները օրինակ՝ պատահական տրավմաները:
Ալկոհոլի խնդրային օգտագործման մասին խոսելիս, նախ պետք է պարզաբանել, թե ո՞րն է մեկ ստանդարտ բաժակ ալկոհոլը:
ԱՄՆ-ում ստանդարտ բաժակը պարունակում է 0,6 հեղուկ ունցիա կամ 14 գրամ մաքուր ալկոհոլ, և հավասար է.
- 12 ունցիա (355 միլիլիտր) սովորական գարեջրին (մոտ 5% ալկոհոլ)
- 8-ից 9 ունցիա (237 to 266 միլիլիտր) Մալթի լիկյորին (մոտ 7% ալկոհոլ)
- 5 ունցիա (148 միլիլիտր) գինուն (մոտ 12% ալկոհոլ)
- 1.5 ունցիա (44 միլիլիտր) թունդ լիկյորին կամ թորած օղիին (մոտ 40% ալկոհոլ)
Այս օրինակներում ընդգրկված չեն կոկտեյլները և խմիչքների խառնուրդները : Վերոնշյալ դեպքերում ալկոհոլի դոզան մեկ բաժակից ավել կարող է լինել:
Միջին քանակի խմողների մոտ ալկոհոլի պատճառով առաջող խնդիրների ռիսկը ցածր է: Նրանք խմում են օրական 1 բաժակից ոչ ավել (կանանց և 65 տարեկանից բարձր անձանց դեպքում) և 2 բաժակից ոչ ավել (տղամարդկանց դեպքում):
Ծանր խմողները ալկոհոլի հետևանքով առաջացող խնդիրների բարձր ռիսկի խմբում են: Անձը համարվում է ծանր խմող, երբ:
- կինը խմում է շաբաթական 7 բաժակից կամ մեկ առիթի ժամանակ 3 բաժակից ավել
- տղամարդը խմում է շաբաթական 14 բաժակից կամ մեկ առիթի ժամանակ 4 բաժակից ավել
Առիթից առիթ ալկոհոլը չարաշահողները ալկոհոլի խնդրային օգտագործողների մեկ այլ խումբ են: Նրանք խմում են միայն առիթներին, միջինում մոտ երկու ժամվա ընթացքում, կանայք խմում են 4 բաժակից ավել, իսկ տղամարդիկ 5 բաժակից ավել:
Բարձր ռիսկային խմբեր
Որոշ գործոններ բարձրացնում են ալկոհոլի օգտագործման հետ կապված խանգարումներ ունենալու ռիսկը: Դրանք են.
- երկարաժամկետ ալկոհոլի կանոնավոր ընդունում
- վաղ տարիքում ալկոհոլ խմելը սկսելը
- ալկոհոլի օգտագործման խանգարում ունեցող ընտանիքի անդամ ունենալը
- հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունենալը (օրինակ՝ դեպրեսիա, շիզոֆրենիա կամ տագնապ).
- անցյալում էմոցիոնալ կամ ֆիզկական տրավմա
- Ընտանիքը, ընկերները կամ սոցիալական ցանցերը կարող են ազդել սովորությունների վրա և մեծացնել ալկոհոլի օգտագործման հետ կապված խանգարում ունենալու ռիսկը:
Բարդություններ
Ալկոհոլն ազդում է նյարդային համակարգի վրա և ընկճում այն: Ալկոհոլը խաթարում է դատողությունը, մտածողությունը և հիշողությունը, և հարբեցողներին դնում է ֆիզիկապես վտանգավոր իրավիճակներում: Ալկոհոլի չարաշահման հետ կապված բարդությունները նաև կապված են տարբեր ներքին օրգանների վրա ալկոհոլի բացասական ազդեցության հետ:
Ալկոհոլի օգտագործման հետ կապված վտանգավոր իրավիճակներն ու վարքագծերն են.
- պատահարներ և վնասվածքներ, ներառյալ ավտովթարներ
- ընտանիքի անդամների, ընկերների կամ այլ մարդկանց հետ շփման խնդիրներ
- աշխատելու կամ սովորելու անկարողություն
- օրենքի հետ կապված խնդիրներ, ինչպես օրինակ, հանցագործությունների մեջ ընդգրկված լինելու բարձր ռիսկը՝ և՛ որպես հանցագործ և՛ որպես զոհ
- կախվածություն այլ նյութերից
- վտանգավոր կամ չպաշտպանված սեռական հարաբերությունների բարձր ռիսկ, կամ սեռական բռնության ենթարկվելու վտանգ
- ինքնասպանության փորձերի բարձր ռիսկ
Առողջական խնդիրները շատ տարբեր են և ներառում են գրեթե բոլոր օրգան-համակարգերը: Հարբեցողության պատճառով առաջացած առողջական խնդիրներն են.
- Լյարդի վնասում, որը հանգեցնում է լյարդում ճարպի կուտակման և բորբոքման (ալկոհոլ ասոցացված լյարդի ճարպային հիվանդույթուն և ալկոհոլային հեպատիտ): Շարունակական հարբեցողությունը հանգեցնում է լյարդի հյուսվածքում սպիերի ձևավորման և անդառնալի վնասի, որը կոչվում է ցիռոզ:
- ստամոքսի բորբոքում (գաստրիտ) և խոցեր
- ենթաստամոքսային գեղձի բորբոքում (պանկրեատիտ)
- սրտի ռիթմի խանգարումներ (առիթմիա)
- չկարգավորվող բարձր զարկերակային ճնշում (հիպերտենզիա)
- տեսողության հետ կապված խնդիրներ
- ոսկրերի խտության նվազում (օստեոպորոզ)
- արյան ցածր շաքար (հիպոգլիկեմիա), հատկապես դիաբետ ունեցող և ինսուլին ստացող անձանց մոտ
- վերջույթների թմրածություն և ցավ (ծայրամասային նեյրոպաթիա)
- կենտրոնական նյարդային համակարգի հիվանդություններ, օրինակ՝ դեմենցիա, կարճատև հիշողության կորուստ
- քաղցկեղների ռիսկի մեծացում (բերանի, կոկորդի, լյարդի, ենթաստամոքսային գեղձի, ստամոքսի և կրծքագեղձի)
- Այլ դեղերի հետ փոխազդեցությունը իջեցնում է դրանց էֆեկտիվությունը և բերում կողմնակի ազդեցությունների առաջացման:
- Հղիության ընթացքում խմելը կարող է հանգեցնել երեխայի մոտ զարգացման բնածին արատների:
Ինֆորմացիայի աղբյուրները:
UpToDate
Mayo Clinic
Cleveland Clinic
National Institute on Alcohol Abuse and Alcoholism (NIAAA)