Ալկոհոլի օգտագործման խանգարում

Ալկոհոլի օգտագործման խանգարում

Ալկոհոլի օգտագործման խանգարումը բժշկական տերմին է, որով բժիշկները բնութագրում են ալկոհոլային կախվածությունը։ Այս հոդվածում մենք կքննարկենք ալկոհոլի օգտագործման խանգարման ախտորոշումը և բուժումը։ Ալկոհոլի օգտագործման խանգարումը, խնդրային խմելը և բարձր ռիսկի խմբերը քննարկվել են նախորդ հոդվածում

Ախտորոշում

Բժշկական ոլորտի մասնագետը Ձեզ կտա որոշակի հարցեր Ձեր սովորությունների, նախորդող բժշկական պատմության և ընտանեկան պատմության մասին։

Հարցերը վերաբերվում են ալկոհոլի օգտագործման քանակին և հաճախականությանը, կյանքի վրա խմելու ազդեցությանը և հանման ախտանիշների առկայությանը կամ բացակայությանը։ Այս հարցերի հիման վրա էլ Ձեր խանգարումը գնահատվում է որպես թեթև, միջին ծանրության կամ ծանր աստիճանի։ 

Մանրակրկիտ ֆիզիկական զննման ժամանակ բժիշկը կփնտրի ալկոհոլի` Ձեր ֆիզկական առողջության վրա ունեցած բացասական ազդեցության նշաններ։ 

Գոյություն չունեն հատուկ լաբորատոր կամ գործիքային հետազոտություններ ալկոհոլի օգտագործման խանգարման ախտորոշման համար։ Սակայն դրանցից որոշներն անհրաժեշտ են բարդությունների ախտորոշման և տարբեր օրգանների գնահատման համար (օրինակ` լյարդ, սիրտ և այլն):

Դուք գուցե ուղղորդվեք մեկ այլ մասնագետի մոտ, ինչպես օրինակ, հոգեկան առողջության մասնագետի, մանրակրկիտ հոգեբանական գնահատման համար։ 

Բուժում

Սովորաբար, մինչև բուժումը սկսելը, թիմը հստակեցնում է բուժման նպատակները։ Իդեալական տարբերակը ալկոհոլի լրիվ բացառումն է, սակայն երբեմն, օգտագործվող քանակի նվազեցումը նույնպես կարող է ընդունելի լինել։

Ալկոհոլից լիարժեք հրաժարումը կոչվում է ժուժկալություն։  

Ալկոհոլի օգտագործման խանգարման բուժման մեկ այլ առանցքային հարցերից է հանման համախտանիշի ախտորոշումը և բուժումը։ Չբուժվելու դեպքում հանման ախտանիշները (տե՛ս նախորդ հոդվածը) կարող են առաջացնել բուժումից խուսափում և վախ։ Ալկոհոլի օգտագործման խանգարման բուժման պլանները տարբեր են, կախված հիվանդության ծանրության աստիճանից։ Որոշ մարդկանց համար գուցե կարիք լինի բուժման ընթացքում մնալու հատուկ մասնագիտացված կենտրոններում (ստացիոնար բուժում) ռեաբիլիտացիայի համար։ Բուժումը սկսելուց առաջ պետք է հաշվի առնել նաև բարդությունների առկայությունը (տե՛ս նախորդ հոդվածը): 

Թեթև ծանրության հիվանդության բուժման համար վարքային թերապիաները և աջակցման խմբերը կարող են լինել բավարար։ Սակայն ծանր աստիճանի ալկոհոլի օգտագործման խանգարման բուժումը անպայման պետք է ընդգրկի դեղորայքային թերապիան։

Դեղորայքն օգնում է դադարեցնել կամ նվազեցնել ալկոհոլի օգտագործումը կամ կանխարգելում է խմելը վերսկսելը։ Բուժման համար առկա են մի քանի արդյունավետ դեղեր. նալտրեքսոն, ակամպրոզատ, դիսուլֆիրամ և տոպիրամատ։ Այս բոլոր դեղերը առկա են բերանացի ընդունման դեղաձևերով, և միայն Նալտրեքսոնն է, որ հասանելի է միջմկանային ներարկման լուծույթի տեսքով (բրենդային անունը Վիվիտրոլ):  

Ի՞նչ է Վիվիտրոլը։ 

Վիվիտրոլը դեղատոմսով նշանակվող ներարկվող դեղորայք է։ Այն օփիոիդային անտագոնիստ է, այսինքն պաշարում է օփիոիդային ընկալիչները։ Այս ընկալիչները պատասխանատու են էյֆորիայի և արբածության զգացողության համար, որոնք առաջանում են ալկոհոլ կամ օփիոիդներ օգտագործելիս։ 

Ինչպե՞ս է այն աշխատում։

Վիվիտրոլը նվազեցնում է ալկոհոլի հանդեպ ձգտումը և օգտագործվող ալկոհոլի քանակը։ Վիվիտրոլը օփիոիդ չէ, ինչը նշանակում է, որ այն չի առաջացնում կախվածություն և հանման ախտանիշներ։ Վիվիտրոլով բուժումից առաջ Դուք չպետք է ունենանք ֆիզիկական կախվածություն ալկոհոլից կամ այլ նյութերից։ Վիվիտրոլը սովորաբար օգտագործվում է դետոքսից հետո։

Ինչպե՞ս է այն նշանակվում։ 

Օրալ նալտրեքսոնի համեմատ, որը ամեն օր է օգտագործվում, Վիվիտրոլը ներարկվում է ամիսը մեկ անգամ։ Այն ներարկվում է հետույքամկանի մեջ բժշկական ոլորտի մասնագետի կողմից։ Դուք չեք կարող ինքներդ Ձեզ ներարկել, քանի որ կարող են լուրջ ռեակցիաներ առաջանալ։ 

Կա՞ն արդյոք անվտանգության կանխարգելիչ միջոցառումներ Վիվիտրոլի օգտագործումից առաջ։

Վիվիտրոլով բուժումը սկսելուց առաջ Դուք պետք է ասեք ձեր բժշկին, եթե ունեք

  • լյարդային և երիկամային խնդիրներ կամ այլ առողջական խնդիր
  • հղիություն, պլանավորում եք հղիություն կամ կերակրում եք կրծքով
  • օգտագործում եք թմրանյութեր
  • օգտագործում եք առանց դեղատոմսի և դեղատոմսով բաց թողնվող դեղեր, հատկապես օփիոիդ պարունակող, օրինակ` հակահազային, հակահարբուխային, ցավազրկող կամ հակալուծային դեղորայք
  • ալերգիա նալտրեքսոնի կամ վիվիտրոլի այլ բաղադրիչների հանդեպ
  • կամ հիմա բուժվում եք ալկոհոլի կամ օփիոիդների օգտագործման խանգարումների կապակցությամբ

Որո՞նք են Վիվիտրոլի կողմնակի էֆեկտները։ 

  1. Վիվիտրոլի ամենալուրջ և կյանքին վտանգ սպառնացող կողմնակի էֆեկտը օփիոիդային գերդոզավորումն է։ Դա տեղի է ունենում, երբ պացիենտը փորձում է Վիվիտրոլի օփիոիդ-պաշարող ազդեցությունը հաղթահարել մեծ քանակի օփիոիդների (օրինակ` հերոին) կամ օփիոիդ պարունակող դեղերի օգտագործմամբ:  Վիվիտրոլի ազդեցությունը ժամանակի ընթացքում աստիճանաբար նվազում է։ Եթե Դուք օգտագործեք թմրամիջոցներ նույն քանակով, ինչ Վիվիտրոլով բուժումից առաջ, կարող է առաջանալ գերդոզավորում կամ մահ։ Եթե Դուք կամ Ձեր ներկայությամբ որևէ մեկը ունի գերդոզավորման սիմպտոմներ անհրաժեշտ է զանգել 9-1-1։ Դրանք են.
  • դժվարաշնչություն, մակերեսային կամ հազվակի շնչառություն
  • քնկոտություն
  • գլխապտույտ, շփոթվածություն կամ արտասովոր սիմպտոմներ
  1. Ներարկման տեղում ծանր ռեակցիա, ներառյալ հյուսվածքների մահը։ Զանգեք  Ձեր բժշկին, եթե ներարկման տեղում նկատում եք
  • ուժեղ ցավ
  • այտուց կամ պնդացում
  • բշտիկներ
  • բաց վերք
  • մուգ կեղև
  1. Հանկարծակի օփիոիդային հանման համախտանիշ
  2. Լյարդի վնասում կամ հեպատիտ
  3. Տրամադրության անկում
  4. Թոքաբորբ
  5. Ալերգիկ ռեակցիաներ
  6. Այլ (սրտխառնոց և փսխում, քնկոտություն, գլխացավ, մկանային և հոդային ցավ, գլխացավ, ատամնացավ, հարբուխի սիմպտոմներ, քնի խանգարում) 
  7. Զանգեք Ձեր բժշկին եթե ունեք նշված կողմնակի ազդեցությունները և դրանք չեն անցնում։ 

Պրոգնոզ

Մարդկանց մեծ մասի համար ալկոհոլի օգտագործման խանգարման բուժումը լինում է արդյունավետ։ Ալկոհոլային կախվածության դեմ պայքարը շարունակական պրոցես է։ Դուք կարող եք ունենալ ռեցիդիվ (հետ վերադառնալ ալկոհոլի օգտագործմանը), հատկապես, սթրեսը հաղթահարելու համար։ Անկախ ամեն ինչից, Դուք պետք է փորձեք դադարեցնել ալկոհոլը և անմիջապես վերադառնաք բուժմանը։

Ինֆորմացիայի աղբյուրներ․
Cleveland Clinic
Medline Plus
UpToDate
Vivitrol.com
Substance Abuse and Mental Health Administration

Arrow Left Arrow Right
Mariam Avetisyan, MD

Հեղինակի մասին

Mariam Avetisyan, MD

is a pediatric anesthesiologist and intensive care specialist in Armenia. Through her writing, she explains complex medical topics in simple terms and helps families spot health concerns early.