Ի՞նչ է ակնեն:
Ակնեն մաշկային խնդիր է, որի պատճառով մաշկի վրա առաջանում են սպիտակ և սև կոմեդոններ, պզուկներ: Ակնեի բժշկական անվանումը «հասարակ ակնե» է: ԱՄՆ-ում ակնեն ամենատարածված մաշկային հիվանդությունն է, ախտահարում է երիտասարդների գրեթե 85%-ին:
Ու՞մ մոտ կարող է առաջանալ ակնե:
Ակնեն կարող է բոլորին էլ ախտահարել, սակայն ավելի հաճախ հանդիպում է դեռահասների և երիտասարդների մոտ: Պատճառը սեռահասունացման ժամանակ տեղի ունեցող հորմոնալ փոփոխություններն են: Սովորաբար, ակնեն անցնում է 30-40 տարեկանում: Դեռահասների մոտ ակնեն ավելի տարածված է տղաների, իսկ ավելի մեծ տարիքում՝ կանանց շրջանում:
Որոշ գործոններ մեծացնում են ակնե ունենալու հավանականությունը: Ահա դրանցից մի քանիսը.
- հորմոնալ փոփոխություններ (սեռահասունացում, հղիություն)
- առողջական խնդրի առկայություն (օրինակ՝ պոլիկիստոզ ձվարանների համախտանիշ, ճարպակալում)
- ակնեի դրական ընտանեկան անամնեզ
- մաշկի խնամքի ճարպոտոտ նյութերի օգտագործում (օրինակ՝ լոսյոններ, կոսմետիկ նյութեր)
- մաշկի շարունակական վնասում (օրինակ՝ սաղավարտների կամ պինդ օձիքների առաջացրած ճնշում, դեմքի սքրաբների օգտագործում)
- Սննդակարգի դերը ակնեի առաջացման գործում դեռևս լիարժեք պարզաբանված չէ:
Ինչպե՞ս է ակնեն առաջանում:
Ակնեի առաջացման հիմնական պատճառը խցանված մազարմատներն են կամ ծակոտիները: Ֆոլիկուլները մաշկի փոսիկներ են, որոնց մեջ «կանգնած են» մազերը: Առողջ մաշկում բազմաթիվ պրոցեսներ են տեղի ունենում.
- Ճարպային գեղձերն արտադրում են ճարպ, որը պաշտպանում է մեր մաշկը:
- Մաշկի հին բջիջները մեռնում և շերտազատվում են, տեղ են ազատում նոր բջիջների համար:
- Մաշկի վրա ապրում են որոշ բակտերիաներ (Cutibacterium acnes):
Ամփոփելով, վերը նշված պրոցեսները խաթարվում են, ինչը հանգեցնում է ակնեի առաջացման: Ճարպային նյութերի և նորմալ մաշկային բջիջների գերքանակները խցանում են մազի ֆոլիկուլները: Ուժեղացած ճարպագոյացումը նպաստում է նաև բակտերիաների աճին: Արդյունքում, ծակոտիները բորբոքվում են և պատռվում, ու հանգեցնում են պզուկների առաջացման:
Որտե՞ղ է ակնեն առաջանում:
Ակնեն սովորաբար առաջանում է մարմնի այն հատվածներում, որտեղ ճարպագեղձերն ամենաշատն են: Որպես կանոն, ակնեն առաջանում է դեմքին, ճակատին, պարանոցին, կրծքավանդակին, մեջքի և բազուկների վերին հատվածներում:
Որո՞նք են ակնեի ախտանշանները:
Ակնեի ախտանշաններն են.
- պապուլաներ – փոքր, անգույն կամ կարմիր, փափուկ բշտիկներ են
- պուստուլաներ (պզուկներ) – թարախով լցված պապուլաներն են
- սև կոմեդոններ – սև ծայր ունեցող խցանված ծակոտիներն են
- սպիտակ կոմեդոններ – սպիտակ ծայր ունեցող խցանված ծակոտիներն են
- հանգույցիկներ – մեծ, ցավոտ գնդեր են մաշկի տակ
- կիստաներ – ցավոտ, թարախով լցված գոյացություններ են մաշկի տակ

Ինչքա՞ն ծանր կարող է լինել ակնեն:
Ակնեն ըստ ծանրության դասակարգվում է 4 աստիճանի.
Թեթև ծանրության (առաջին աստիճան) – գերազանցապես սև և սպիտակ կոմեդոններ են, եզակի պապուլաներ և պուստուլաներ
Միջին ծանրության կամ պուստուլար ակնե (երկրորդ աստիճան) – բազմաթիվ պապուլաներ և պուստուլաներ դեմքին
Ոչ շատ ծանր կամ նոդուլոցիստիկ ակնե (երրորդ աստիճան) – բազմաթիվ պապուլաներ և պուստուլաներ, որոշ բորբոքված հանգույցիկներ դեմքին, մեջքին և կրծքավանդակին
Ծանր նոդուլոցիստիկ ակնե (չորրորդ աստիճան) – բազմաթիվ հանգույցիկներ և բորբոքված պուստուլաներ
Երբեմն կարող են առաջանալ ակնեի բարդություններ, օրինակ՝ սպիներ և մաշկի գույնի փոփոխություններ. մաշկը կարող է դառնալ ավելի մուգ (հիպերպիգմենտացիա) կամ ավելի բաց (հիպոպիգմենտացիա):
Կարո՞ղ եմ ինքնուրույն բուժել իմ ակնեն:
Եթե Ձեր ակնեն թեթև աստիճանի է, կարող եք փորձել ինքնուրույն բուժել: Ակնեի բուժման համար կան առանց դեղատոմսի նշանակվող բազմաթիվ դեղեր: Օրինակ՝ սալիցիլաթթու, բենզոիլ պերօքսիդ, ծծումբ, ալֆա հիդրօքի թթու, ադապալեն կամ թեյի ծառի յուղ:
Ակնեի դեպքում մաշկի խնամքը նույնպես շատ կարևոր է: Ահա որոշ կարևոր խորհուրդներ.
- Դեմքը լվացեք օրական երկու անգամից ոչ ավել, օգտագործեք նուրբ, օճառ չպարունակող դեմքը մաքրող միջոցներ և գոլ (ոչ թե տաք) ջուր: Ցանկալի է խուսափել լուֆայից կամ սպունգից, փոխարենը, դեմքը ձեռքերով լվացեք: Կոպիտ լվացումը կամ սքրաբների օգտագործումը կարող են վնասել մաշկը:
- Օրվա վերջում անպայման մաքրեք շպարը:
- Խուսափեք մաշկի խնամքի համար նախատեսված գրգոռ նյութեր պարունակող պարագաներից (օրինակ՝ ալկոհոլ, տտպող միջոցներ, տոներներ և էքսֆոլիանտներ).
- Մի սեղմեք կամ պոկեք պզուկները, որովհետև դա կարող է խորացնել ակնեն և առաջացնել մաշկի բորբոքում կամ սպի:
- Օգտագործեք դեմքը խոնավեցնող միջոցներ: Ընտրեք «ոչ կոմեդոգեն» պիտակ ունեցողները:
- Խուսափեք արևի ճառագայթներից և օգտագործեք լայն սպեկտրի (պաշտպանում են և՛ UVA և՛ UVB ճառագայթներից) արևապաշտպան միջոցներ SPF 30 և բարձր:
Ե՞րբ դիմել բժշկի:
Կապվեք ձեր թերապևտի հետ, եթե Դուք բուժում եք ակնեն առանց դեղատոմսի դուրս գրվող դեղերով 3 ամսից ավել, և ակնեն չի անցնում: Նաև պետք է դիմել մասնագետի օգնությանը, եթե ունեք միջին աստիճանի կամ ծանր ակնե (երկրորդ, երրորդ և չորրորդ աստիճան):
Ո՞վ է բուժում ակնեն:
Եթե ակնեն ծանր աստիճանի է, Ձեր թերապևտը կարող է ուղղորդել մաշկաբանի մոտ: Մաշկաբանը մաշկային հիվանդություններով զբաղվող մասնագետն է:
Ինչպե՞ս է ակնեն ախտորոշվում:
Ակնեն ախտորոշվում է մաշկի արտաքին զննման և բժշկական պատմության հիման վրա: Բժիշկը կարող է հարցեր տալ ընտանիքում ակնե ունեցող անձանց, Ձեր ընդունած դեղորայքի, դաշտանային ցիկլի և առկա սթրեսի մասին:
Ախտորոշիչ հետազոտությունների կարիք հազվադեպ է լինում: Այնուամենայնիվ, բժիշկը կարող է որոշ հետազոտությունններ նշանակել՝ այլ խնդիրները բացառելու նպատակով:
Ինչպե՞ս է բուժվում ակնեն:
Ակնեի բուժման համար բազմաթիվ դեղեր կան: Բժիշկն ընտրում է բուժման պլանը Ձեր տարիքը, ակնեի ծանրության աստիճանը և պատճառները հաշվի առնելով: Բուժման նպատակներն են կանխարգելել նոր գոյացությունների առաջացումը և բուժել մաշկը: Բժիշկը կարող է խորհուրդ տալ օգտագործել տեղային օգտագորխման կամ խմելու դեղեր, կամ նույնիսկ համադրել երկուսն էլ:
Տեղային օգտագործման դեղերը կարող են պարունակել տարբեր նյութեր՝ բենեզոիլ պերօքսիդ, սալիցիլաթթու, ազելաթթու, ռետինոիդներ, անտիբիոտիկներ և դապսոն:
Խմելու դեղերը կարող են պարունակել անտիբիոտիկներ, իզոտռետինոին, հակաբեղմնավորիչներ, հորմոններ և այլն:
Ինֆորմացիայի աղբյուրներն են.
UpToDate
Mayo Clinic
Cleveland Clinic