Ի՞նչ է երիկամային քարը։
Հիվանդությունը, որի ժամանակ երիկամներում առաջանում են քարեր, կոչվում է երիկամաքարային հիվանդություն կամ միզաքարային հիվանդություն: Երիկամային քարը պինդ մարմին է, որն առաջանում է մեզում առկա հանքանյութերից և աղից։ Երիկամները ֆիլտրում են արյունը և ավելորդ նյութերը հեռացնում մեզի մեջ լուծվելով։ Երբ մեզը խտանում է, օրինակ՝ երբ Դուք ջուր քիչ եք խմում, այդ նյութերը բյուրեղանում են։ Ապա աստիճանաբար մեծանում են և վերածվում քարերի։ Դրանք կարող են լինել ավազահատիկի չափ փոքր, կամ հազվադեպ դեպքերում հասնել գոլֆի գնդակի չափերի։

Ինչի՞ց են կազմված երիկամային քարերը։
Երիկամային քարերը լինում են չորս հիմնական տեսակի.
- Կալցիումական քարեր
Երիկամային քարերի 80%-ը կալցիումական քարերն են։ Դրանք լինում են 2 տեսակի` կալցիումի օքսալատ և կալցիումի ֆոսֆատ։ Սննդային գործոնները, ստամոքսը շրջանցող վիրահատությունները, D վիտամինի հավելումները մեծացնում են կալցիումի օքսալատի առաջացման հավանականությունը։ Կալցիումի ֆոսֆատային քարերը ավելի հաճախ առաջանում են երիկամային խողովակային ացիդոզի և որոշ դեղերի օգտագործման արդյունքում (օրինակ` տոպիրամատը միգրենի բուժման համար): - Միզաթթվային աղեր
Այս տեսակի քարերն առաջանում են մեզի թթվային լինելու պատճառով։ Մեզը կարող է թթվային լինել բազմաթիվ հիվանդությունների պատճառով, օրինակ՝ ճարպակալում, քրոնիկ լուծ, տիպ 2 շաքարային դիաբետ, հոդատապ և կենդանական սպիտակուց շատ պարունակող սննդակարգ։
- Ստրուվիտային քարեր
Ստրուվիտային քարերը երիկամային քարերի եզակի հանդիպող տեսակ է։ Դրանք առաջանում են միզուղիների կրկնվող ինֆեկցիաների պատճառով։ - Ցիստինային քարեր
Ամենահազվադեպը հանդիպում են ցիստինային քարերը։ Դրանք առաջանում են մեզում ցիստինի չափից շատ լինելու պատճառով (ցիստինուրիա)։ Վերջինս մետաբոլիկ հիվանդություն է, որը հաճախ հանգեցնում է մանկական տարիքում երիկամային քարերի առաջացման։
Ու՞մ մոտ են առաջանում երիկամային քարերը։
Բոլորս էլ կարող ենք ունենալ երիկամային քարեր։ Դա ամենահաճախ հանդիպող երիկամային հիվանդություններից մեկն է։ Որոշ գործոններ մեծացնում են երիկամաքարային հիվանդության ռիսկը։ Ահա ամետարածված սննդային ռիսկի գործոնների ցանկը․
- քիչ ջուր խմել
- քիչ կալցիում պարունակող սննդակարգ
- կալցիումի և վիտամին D-ի հավելումներ
- կենդանական սպիտակուցի բարձր պարունակությամբ սննդակարգ
- շաքարների (ֆրուկտոզ, սուկրոզ) բարձր պարունակությամբ սննդակարգ
- աղի չարաշահում
- սպանախի հաճախակի օգտագործում
Այլ, ոչ սննդային գործոններ նույնպես կարող են մեծացնել ռիսկը, օրինակ՝
- երիկամաքարային հիվանդության ընտանեկան պատմություն
- երիկամային քարեր ունենալու պատմություն
- միզուղիների կրկնվող ինֆեկցիաներ
- որոշակի առողջական խնդիրներ (ճարպակալում, շաքարային դիաբետ, զարկերակային գերճնշում, առաջնային հիպերպարաթիրեոիդիզմ, հոդատապ, Կրոնի հիվանդություն)
- քաշի կորստի համար կատարվող վիրահատություններ (օրինակ՝ ստամոքսը շրջանցող վիրահատություն)
- լուծողականների, կալցիումի հիմքով թթվամարիչների չարաշահում, միգրենի ու դեպրեսիայի բուժման համար որոշ դեղերի օգտագործում
Ինչպե՞ս կարող եմ իմանալ, որ ունեմ երիկամաքարային հիվանդություն։
Երիկամային քարերը կարող են տարիներ շարունակ առանց ախտանիշների ընթանալ։ Երբեմն, փոքրիկ քարերը երիկամներից շարժվում են դեպի միզածորաններ, ապա միզապարկ և միզուկ, և դուրս են գալիս առանց որևէ ախտանշան առաջացնելու։ Ավելի մեծ քարերը կարող են մնալ երիկամներում կամ շարժվել և խոչընդոտել մեզի հոսքը` առաջացնելով ծանր ախտանշաններ։ Դուք կարող եք ունենալ հետևյալ նշաններից մեկը կամ մի քանիսը․
- ուժեղ, սուր ցավ կողերի տակ կամ մեջքի շրջանում
- ցավ, որը ճառագայթում է որովայնի ստորին շրջաններ և շեքի շրջան
- ալիքաձև առաջացող և թուլացող ցավ, որը պարբերաբար ուժգնանում և նվազում է
- ցավ միզելիս
- մեզում արյուն (վարդագույն, կարմիր կամ շագանակագույն մեզ)
- պղտոր կամ տհաճ հոտով մեզ
- մեզում ավազահատիկներ
- միզելու անզուսպ ցանկություն
- սրտխառնոց և փսխում
- տենդ և դող
Երիկամային քարերի առաջացրած ցավը կոչվում է երիկամային խիթ։ Դա ամենաուժգին ցավերից մեկն է։ Այն կարող է փոփոխվել քարի դիրքից կախված։ Օրինակ, ցավը կարող է սկզբում լինել որովայնի շրջանում, ապա մեջքի, կամ էլ դառնալ էլ ավելի ուժեղ։
Ե՞րբ դիմել բժշկի։
Դիմեք Ձեր թերապևտին, եթե ունեք երիկամաքարային հիվանդության հետևյալ սիմպտոմներից մեկը․
- ցավն այնքան ուժեղ է, որ չեք կարողանում հանգիստ մնալ կամ հարմար դիրք գտնել
- ցավը ճառագայթում է դեպի ստամոքս և ունեք փսխում
- տենդով և դողով ուղեկցվող ցավ
- արյուն մեզում (հեմատուրիա)
- ցավ միզելիս կամ միզելու դժվարություն
Ինչպե՞ս է ախտորոշում երիկամաքարային հիվանդությունը։
Երիկամի փոքր քարերը սովորաբար ախտանշաններ չեն առաջացնում և հայտնաբերվում են տարեկան բուժզննումների ժամանակ։ Բժիշկը կզննի Ձեզ և կնշանակի արյան անալիզներ և գործիքային հետազոտություններ։ Ախտորոշման համար կարող է նաև քարերի բաղադրությունը որոշող թեստերի կարիք լինել։
Արյան միջոցով կատարվող անալիզներով հայտնաբերվում են արյան մեջ բարձր գլյուկոզան, կալցիումը կամ միզաթթուն։
Մեզի անալիզներ․ բժիշկը կարող է խորհուրդ տալ հավաքել մեզը 24 ժամվա ընթացքում, որպեսզի հայտնաբերվեն քար գոյացնող նյութերը։
Հաճախ նաև կարիք է լինում գործիքային հետազոտությունների՝ սոնոգրաֆիա, ՀՇ և ռենտգեն։ Բժիշկը կարող է նաև նշանակել գենետիկ քննություն, եթե Ձեր մոտ կասկածի առաջնային հիպերօքսալուրիա։
Ինչպե՞ս են բուժվում երիկամային քարերը։
Երիկամային քարերի բուժումը կախված է քարերի չափից, տեսակից և տեղակայումից։ Փոքր քարերը, որոնք չեն խանգարում մեզի հոսքին, բուժվում են տանը։ Բժիշկը կարող է խորհուրդ տալ․
- շատ հեղուկ խմել
- ցավազրկողներ կամ այլ դեղեր խմել
- մաղի միջով միզել՝ քարերը «բռնելու» համար
Եթե քարերը մեծ են, կարող է հոսպիտալային բուժման կարիք լինել։ Բուժումը կարող է ընդգրկել․
- դեղորայք
- լիթոտրիպսիա
- միջմաշկային նեֆրոլիթոտոմիա
- ուրետերոսկոպիա
Կարո՞ղ եմ արդյոք կանխարգելել երիկամային քարերի առաջացումը։
Մեկ անգամ երիկամային քար ունենալուց հետո հաջորդիվ կրկնվելու հավանականությունը ավելի մեծ է։ Ռիսկը նվազեցնելու համար բժիշկը կարող է խորհուրդ տալ․
- առատ հեղուկներ խմել
- քիչ աղ ուտել
- շատ մրգեր և բանջարեղեններ ուտել
- ընդունել նշանակված կանխարգելիչ դեղորայքը
- Կախված քարի տեսակից, որոշակի սննդատեսակներ պետք է հանվեն սննդակարգից։
Ինֆորմացիայի աղբյուրներն են․
UpToDate
American Urological Association
National Kidney Foundation
Mayo Clinic