Աուտիստիկ սպեկտրի խանգարումը նյարդաբանական և զարգացման հատուկ վիճակ է՝ պայմանավորված ուղեղի որոշակի առանձնահատկություններով։ Այս վիճակն ազդում է անձի հաղորդակցման հմտությունների և վարքի վրա։ Աուտիզմը կարող է առաջացնել դժվարություններ ուսման և աշխատանքի մեջ (երբեմն նաև աշխատանքի որոնման փուլում)։ Կարող է ախտորոշվել ցանկացած տարիքում, չնայած ախտանիշները հիմնականում դրսևորվում են վաղ մանկության փուլում՝ մինչև 3 տարեկան։
Աուտիզմի ախտանիշները մեծահասակների մոտ մեծ մասամբ չեն տարբերվում մանկական աուտիզմի ախտանիշներից։ Այստեղ հիմնական տարբերությունը ախտանիշների դրսևորման ձևի և ուժգնության մեջ է։ Աուտիզմ ունեցող մեծահասակների զգալի մասը կյանքի որոշակի փուլում սովորում են քողարկել ախտանիշները։ Այդպիսի քողարկումը որոշակի դեպքերում կարող է տևական սթրեսի, տագնապի կամ դեպրեսիայի պատճառ դառնալ։ Բայց բարձր ֆունկցիոնալ աուտիզմ ունեցող անձինք մեծամասամբ կարողանում են հաջողությամբ ինտերգրվել հասարակության մեջ։
Ի՞նչ ենք հասկանում «բարձր ֆունկցիոնալ աուտիզմ» ասելով
Աուտիզմ ունեցող անձանց կարիքները, հնարավորությունները և խնդիրները շատ տարբեր կարող են լինել, քանի որ ախտանիշները տատանվում են բավականին լայն միջակայքում։ Կախված ախտանիշների սրությունից ու արտահայտման ուժգնությունից մենք առաձնացնում ենք աուտիզմի տարբեր տեսակներ։ Աուտիստիկ սպեկտրի խանգարում ունեցող որոշ անձինք կարող են ունենալ նորմալ և նույնիսկ բարձր ինտելեկտ (IQ), կարող են սովորել, աշխատել և վարել ինքնուրույն կենսակերպ։ Հենց այս պարագայում մենք օգտագործում ենք«բարձր ֆունկցիոնալ աուտիզմ» բնորոշումը։
«Բարձր ֆունկցիոնալ աուտիզմ»-ը բժշկական կամ առհասարակ գիտական եզրույթ չէ։ Մենք օգտագործում ենք այն, որպեսզի հստակեցնենք, որ աուտիզմ ունեցող անձանց մի մասն ունի խոսելու, կարդալու, գրելու, հաղորդակցվելու և ինքնուրույն կենսակերպ վարելու կարողություններ։
Բարձր ֆունկցիոնալ աուտիզմ, թ՞ե Ասպերգերի համախտանիշ
Վստահաբար շատերդ եք լսել Ասպերգերի համախտանիշի մասին։ «Մեծ պայթյունի թեորիա» հայտնի հեռուստասերիալի հերոս Շելդոն Կուպերն Ասպերգերի համախտանիշի վառ օրինակ է։ Իհարկե նա ընդամենն ուռճացված կերպար է, բայց շատ մարդիկ հենց այդ կերպարի շնորհիվ են իմացել Ասպերգերի մասին և սկսել տարբերակել դրա ախտանիշները։
Իրականում բարձր ֆունկցիոնալ աուտիզմն ու Ասպերգերի համախտանիշը լրիվ նույն իմաստն են կրում։ Երկուսն էլ միտված են բնորոշելու աուտիստիկ սպեկտրի խանգարման նույն մակարդակը։
Բարձր ֆունկցիոնալ աուտիզմով մեծահասակների զգալի մասն ինտեգրված է հասարակության մեջ։ Նրանք կարող են կրթություն ստանալ, աշխատել, կառուցել երկարատև հարաբերություններ, ունենալ ընտանիք և ընկերներ։ Բայց նույնիսկ շատ լավ ինտեգրված անձինք հաճախ տառապում են տևական սթրեսի և նեյրոտիպիկ («նորմալ») միջավայրում գտնվելու պատճառով։
Մեծահասակների մոտ բարձր ֆունկցիոնալ աուտիզմի հիմնական ախտանիշները
Բարձր ֆունկցիոնալ աուտիզմ ունեցող մեծահասակների մոտ հաճախ հանդիպում են հետևյալ ախտանիշները՝
| Ախտանիշ | Նկարագրություն |
| սոցիալական հմտությունների պակաս | Նրանք հաճախ դժվարանում են վիզուալ կոնտակտ կազմել կամ երկարատև զրույցի մեջ մտնել, չեն կարողանում տարբերակել հնչերանգները, նկատել հեգնանքը և այլն։ |
| բարձր հուզական զգայունություն և հույզերի ուժգնություն; | Որոշ դեպքերում բարձր ֆունկցիոնալ աուտիզմ ունեցող անձինք չեն կարողանում առերեսվել սեփական հույզերի հետ։ Նրանք կարող են ուժեղ զայրույթ կամ վախ զգալ այնպիսի իրավիճակում, որն անտարբեր կթողնի նեյրոտիպիկ անձանձ։ Հույզերի ուժգնությունն այս պարագայում կարող է չափազանց կամ նույնիսկ անտանելի թվալ։ |
| գերզգայունություն | Ֆիզիկական կոնտակտի, լույսի կամ ձայնի ուժգնության հետևանքով կարող են սուր հուզական ռեակցիաներ առաջանալ։ |
| ուժեղ հետաքրքրվածություն կամ նույնիսկ ֆիքսացիա կոնկրետ թեմաների շուրջ | Բազմաֆունկցիոնալությունն աուտիստիկ սպեկտրի խանգարման մասին չէ, նույնիսկ եթե խոսքը գնում է բարձր ֆունկցիոնալ աուտիզմի մասին։ Բայց միևնույն ժամանակ այս վիճակն օգնում է կենտրոնանալ մանրուքների վրա, ինչի շնորհիվ շատերի մոտ ստացվում է հաջողել կոնկրետ ոլորտներում (արվեստներ, մաթեմանիկա, ծրագրավորում, և այլն)։ |
| կապվածություն առօրյային և սահմանակ սովորություններին | Առօրյան և անկոտրուն սովորություններն օգնում են վերահսկել իրավիճակը։ Նույնիսկ չնչին փոփոխությունները կարող են սուր հուզական արձագանքի պատճառ դառնալ և խարխլել անձի կայունությունը։ |
Անհնար է կազմել ախտանիշների լիարժեք ցուցակ, որովհետև դրանք կարող են տարբերվել՝ կախված անձի առանձնահատկություններից և միջավայրից։
Ախտորոշման դժվարությունները
Աուտիստիկ սպեկտրի խանգարում մեծահասակների մոտ բավականին դժվար է ախտորոշել, հատկապես երբ խոսքը գնում է բարձր ֆունկցիոնալ աուտիզմի մասին։
Դժվարությունները պայմանավորված են հետևյալ գործոններով՝
- քողարկված ախտանիշների առկայություն;
- ախտորոշման մեթոդների ու գործիքների պակաս;
- արժեք;
- ժամանակ։
Ախտորոշման առավելությունները
Եթե դուք նկատում եք ձեզ մոտ աուտիստիկ սպեկտրի խանգարման նշաններ, ախտորոշումը կարող է ձեզ տալ հետևյալ առավելությունները՝
- հասանելիություն որոշակի ծառայություններին (օր․ ապահովագրություն թերապիայի համար);
- աշխատանքի պաշտպանություն;
- հասանելիություն համայնքներին (հատուկ հասարակական կառույցներ կամ աջակցության խմբեր);
- սեփական վիճակի ճանաչում;
- ինքնաընդունում;
- բուժման հասանելիություն։
Ե՞րբ է անհրաժեշտ դիմել բժշկի
Բարձր ֆունկցիոնալ աուտիզմ ունեցող որոշ մեծահասակներ ընդհանրապես չունեն բուժման կարիք։ Ախտորոշումն այս դեպքում կարող է օգնել ավելի լավ հասկանալ իրավիճակը և սովորել գործ ունենալ դրա հետ։ Ոմանք էլ կարող են աջակցության և նույնիսկ դեղամիջոցների սուր կարիք ունենալ։
Բարձր ֆունկցիոնալ աուտիզմը յուրահատուկ վիճակ է, որը մեծամասամբ կախված է անձի առանձնահատկություններից և միջավայրից։ Այսպիսով, մենք չենք կարող տալ միանշանակ խորհուրդ, որը տեղին կլինի բոլորի համար։
Եթե դուք տառապում եք ձեր վիճակից և չեք կարողանում ինքնուրույն դիմակայել առաջացող մարտահրավերներին, դա արդեն իսկ բավարար ազդանշան է բժշկին դիմելու համար։
Ստորև թվարկված են հիմնական նշանները, որոնց առկայության դեպքում կա մասնագիտական օգնության կարիք։
- Դուք չեք կարողանում պատշաճ կերպով հարաբերվել հասարակության հետ։
- Դուք չեք կարողանում հաղթահարել հարցազրույցների փուլը և աշխատանք գտնել։
- Դուք տառապում եք ամուսնալուծության կամ կորստի հոգեբանական հետևանքների պատճառով։
- Տևական սթրեսի մեջ եք։
- Դուք ունեք դեպրեսիա կամ OCD (խանգարում, որին բնորոշ են կպչուն մտքերն ու գործողությունները)։
Այս ցուցակը լիարժեք չէ և չի կարող լինել այդպիսին։ Եթե դուք ձեզ լավ չեք զգում կամ չեք կարողանում բավարարել ձեր կարիքները, դա արդեն իսկ բավարար է աջակցություն կամ նույնիսկ բուժում փնտրելու համար։

Image source: other-autism.com
Ո՞ր մասնագետը կարող է օգնել
Եթե դուք կամ ձեր հարազատը տառապում եք(է) բարձր ֆունկցիոնալ աուտիզմի ախտանշաններից, ապա կարող եք դիմել ձեր առաջնային օղակի բժշկին։ Անհրաժեշտության դեպքում նա կուղղորդի հետևյալ մասնագետներից մեկի մոտ՝
- հոգեբան(նեյրոհոգեբան);
- նյարդաբան;
- հոգեբույժ։
Այսպիսի վիճակների բուժումը մեծամասամբ իրականացվում է մասնագետների թիմային մոտեցմամբ։ Այնպես որ կարող է առաջանալ մեկից ավելի մասնագետի դիմելու անհրաժեշտություն։
Ինչպե՞ս շփվել բարձր ֆունկցիոնալ աուտիզմ ունեցող անձանց հետ
Բարձր ֆունկցիոնալ աուտիզմ ունեցող մեծահասակները մեծամասամբ ունենում են թեթև արտահայտված կամ քողարկված ախտանիշներ, ինչի շնորհիվ լավ ինտեգրվում են հասարակության մեջ։ Դա չի նշանակում, որ նրանք չեն տառապում տարբեր մարտահրավերների հետ պայքարում։ Այսպիսով, եթե դուք տեղյակ եք, որ անձն ունի բարձր ֆունկցիոնալ աուտիզմ, աշխատեք կարեկցանքով և բարձր գիտակցվածությամբ մոտենալ իր հետ շփմանը։
Հիշեք, որ նրանք կարող են նորմալ հաղորդակցվել և աշխատել, բայց իրենց բնորոշ հատուկ ձևով։ Մեկ-մեկ նրանք կարող են աջակցության կարիք ունենալ, իսկ որոշ դեպքերում բավարար է թողնել նրանց հանգիստ և չխանգարել ինքնուրույն առերեսվել մարտահրավերներին։ Պետք չի գրկել նրանց առանց թույլտվության կամ այլ կերպով ներխուժել անձնական տարածք։
Նաև կարևոր է գիտակցել, որ բուժման կամ աջակցության կարիքը մի բան է, որը կախված է միայն կոնկրետ անձից։ Բարձր ֆունկցիոնալ աուտիզմը հիվանդություն չէ սովորական իմաստով և միշտ չէ, որ բուժման կարիք ունի։ Շատ դեպքերում բարձր ֆունկցիոնալ աուտիզմի ախտանիշները կարող են անձի ինքնության հիմնաքարերից լինել, իսկ ինքնությունը փոփոխության կամ բուժման ենթակա չէ։
Ինֆորմացիայի աղբյուրներն են:
Harvard Health Publishing
Mayo Clinic
NHS
MedicalNewsToday
WebMD