Առողջական խնդիրներ ունենալիս Դուք առաջին հերթին առնչվում եք առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) օղակի հետ: Առողջության առաջնային պահպանման բժիշկը (ԱԱՊԲ), կամ որ ավելի հայտնի բնորոշում է՝ ընդհանուր բժիշկը, Ձեր բուժող բժիշկն է: Նա իրականացնում է պացիենտների ընդհանուր բժշկական օգնություն:
Առողջության առաջնային պահպանումը Ձեր առողջության պահպանման
տարբեր ասպեկտներ է ներառում: Քննարկենք ԱԱՊ հիմնաքարային գործառույթները:
Կանխարգելում
Կանխարգելումը ԱԱՊ նշանակալի բաղադրիչներից մեկն է: Կանխարգելման նպատակը տարբեր հիվանդությունների զարգացումը կանխելն է: Այս նպատակով կիրառվում են տարբեր մեթոդներ, ինչպես օրինակ տարեկան բուժզննումներ, սքրինինգներ, պատվաստումներ և այլն:
Բուժզննումներ
Կանոնավոր բուժզննումը հիվանդությունների կանխարգելման և վաղ հայտնաբերման հիմնաքարերից է: Դուք պետք է այցելեք ԱԱՊԲ-ին տարին մեկ անգամ, կամ գոնե երկու տարին մեկ: Կանոնավոր բուժզննումները ներառում են.
- ֆիզիկական զննություն և հիվանդությունների պատմության վերլուծություն,
- պարբերաբար կատարվող արյան անալիզներ և գործիքային հետազոտություններ,
- կանխարգելիչ միջոցներ և պատվաստումներ,
- կենսակերպի հետ կապված խորհուրդներ և աջակցում,
- պացիենտների իրազեկում և ախտանշանների մոնիտորինգ:
Կանոնավոր բուժզննումներն ունեն բազմաթիվ առավելություններ, օրինակ՝
- հիվանդությունների վաղ հայտնաբերում,
- հիվանդությունների կանխարգելում,
- առողջության պահպանման անհատական պլան
- Ձեր բժշկի հետ վստահելի հարաբերությունների կառուցում:
Սքրինինգներ
Սքրինինգները կանխարգելիչ բուժօգնության կարևոր մասն են, քանի որ դրանք օգնում են հայտնաբերել պոտենցիալ ծանր հիվանդությունները վաղ փուլերում: Սովորաբար, այս փուլում Դուք կարող եք ախտանշաններ չունենալ: Ձեր տարիքից, սեռից, ընտանեկան պատմությունից, ռիսկի գործոններից և ուղեկցող հիվանդություններից կախված գուցե հատուկ սքրինինգների կարիք ունենաք: Ահա ամենատարածված սքրինինգային հետազոտությունների ցանկը.
- Արյան մեջ խոլեստերինի մակարդակը որոշվում է սիրտանոթային հիվանդությունների ռիսկի գնահատման համար:
- Կղանքում արյան հայտնաբերման թեստը խորհուրդ է տրվում 50 տարեկանից սկսած: Կղանքում արյան առկայությունը կարող է հաստ և ուղիղ աղիների քաղցկեղի նշան լինել:
- PAP թեստը (PAP քսուք) խորհուրդ է տրվում մինչև 65 տարեկան, ակտիվ սեռական կյանք ունեցող կանանց: Այն հայտնաբերում է արգանդի վզիկի քաղցկեղը:
- Մամոգրաֆիան խորհուրդ է տրվում 50 տարեկանից հետո, տարեկան 1 կամ 2 անգամ: Այն հայտնաբերում է կրծքագեղձի քաղցկեղը:
- Կոլոնոսկոպիան խորհուրդ է տրվում 50 տարեկանից հետո, հաստ աղու քաղցկեղի և պոլիպների հայտնաբերման համար:
- Դիաբետի և պրեդիաբետի սքրինինգը խորհուրդ է տրվում 45 տարեկանից սկսած՝ անկախ քաշից:
Սուր հիվանդությունների վարում
ԱԱՊ բժիշկները ախտորոշում և բուժում են տարբեր հիվանդություններ: Ահա նրանց կողմից բուժվող սուր հիվանդությունների և ինֆեկցիաների ցանկը.
- Հարբուխ, գրիպ և այլ շնչառական վարակներ
- Անգինա և կոկորդի այլ վարակներ
- Ականջի վարակներ
- Հարքթային խոռոչների վարակներ
- Թոքաբորբ
- Բրոնխիտ
- Միզուղիների վարակ
- Մաշկային վարակներ (օրինակ՝ իմպետիգո, ցելյուլիտ)
- Գաստրոէնտերիտ (օրինակ՝ սննդային թունավորում, վիրուսային գաստրիտ)
- Գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս հիվանդություն (ԳԷՌՀ)
- Ստամոքսի խոցեր
- Կոնյուկտիվիտ
- Մոնոնուկլեոզ
- Արևայրուքներ
- Միջատների խայթոցներ
- Սպորտային վնասվածքներ (գերձգումներ, սալջարդներ, ոսկրերի կոտրվածքներ)
- Փոքր վնասվածքներ (կտրած և քերծված վերքեր)
Եթե պացիենտն ունի ավելի լուրջ հիվանդություն, ԱԱՊԲ-ը կարող է ուղղորդել նեղ մասնագետի մոտ (օրինակ՝ մաշկաբան, թոքաբան) հետագա ախտորոշման և բուժման համար:
Քրոնիկ հիվանդությունների վարում
Քրոնիկ հիվանդությունների վարման հարցում հնարավոր չէ թերագնահատել ԱԱՊԲ-ների դերը: Քրոնիկ հիվանդությունները երկարատև վիճակներ են, որոնք կարող են ախտահարել տարբեր օրգաններ: ԱԱՊԲ-ը ախտորոշում և բուժում է բազմաթիվ հիվանդություններ, օրինակ՝
- Շաքարային դիաբետ
- Բարձր զարկերակային ճնշում
- Արյան բարձր խոլեսթերին
- Սրտային հիվանդություններ (օրինակ՝ աթերոսկլերոզ, կարդիոմիոպաթիա)
- Ասթմա
- Արթրիտ
- Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն (ԹՔՕՀ)
- Վահանձև գեղձի հիվանդություններ (հիպոթիրեոզ, հիպերթիրեոզ)
- Ճարպակալում
- Դեպրեսիա և տագնապ
- Նյութերի չարաշահումներ (օրինակ՝ ալկոհոլի օգտագործման խանգարում)
Կանանց բուժօգնություն
ԱԱՊԲ-ները նաև ախտորոշում և բուժում են կանանց վերարտադրողական համակարգի հետ կապված հիվանդությունները: Մասնավորապես, ԱԱՊԲ-ները կարող են վարել.
- դաշտանադադարը,
- օստեոպորոզը,
- հետծննդաբերական դեպրեսիան,
- անմիզապահությունը:
ԱԲԲ-երը կարող են նաև օգնել հղիության կանխարգելման, պլանավորման և նախածննդյան խնամքի հարցում, իրականացնում են որոշ հետազոտություն(օրինակ՝ PAP թեստ):
Տղամարդկանց բուժօգնություն
ԱԱՊԲ-ները կարող են ախտորոշել և բուժել տղամարդկանց վերարտադրողական համակարգի հետ կապված հիվանդությունները, օրինակ՝
- շագանակագեղձի հիվանդություններ (օրինակ՝ շագանակագեղձի բարորակ հիպերպլազիա)
- էրեկտիլ դիսֆունկցիա
- անմիզապահություն
Հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ
Ձեր ԱԱՊ-ը կարող է նաև վարել հոգեկան առողջության հետ կապված խանգարումները, ինչպիսիք են, օրինակ, տագնապը և դեպրեսիան: Երբեմն Ձեզ կարող են նաև ուղղորդել հոգեբանի կամ հոգեբույժի մոտ:
Քրոնիկ ցավի վարում
Երեք ամիս և ավել ձգձգվող ցավը կոչվում է քրոնիկ ցավ: Վերջինս շատ հաճախ է հանդիպում՝ ԱՄՆ-ում մեծահասակների 20%-ից ավելին ունի քրոնիկ ցավ: Քրոնիկ ցավի օրինակներն են մեջքի ցավը, արթրիտը, գլխացավերը և նեյրոպաթիկ ցավը: Քրոնիկ ցավի բուժմամբ զբաղվում են տարբեր մասնագետներ զբաղվել, ներառյալ առողջության առաջնային պահպանման բժիշկները: Նրանք բուժում են ցավի պատճառը, տալիս խորհուրդներ կենսակերպի և սթրեսի կառավարման հետ կապված, և բարդ դեպքերում, ուղղորդում այլ մասնագետի մոտ (ցավի մասնագետ, նյարդաբան, հոգեբույժ):
Ապահովում հասանելիություն նեղ մասնագետներին
ԱԱՊԲ-ները կարող են զբաղվել ցանկացած առողջական խնդրով: Նրանք կարող են նշանակել անալիզներ և հետազոտություններ, դուրս գրել դեղորայք: Սակայն նրանք նաև համագործակցում են նեղ մասնագետների հետ: Բժշկական նեղ մասնագիտական բուժօգնություն իրականացնողները, կամ այլ կերպ՝ նեղ մասնագետները, բուժում են կոնկրետ օրգաններ, օրինակ՝ սիրտ, թոքեր, երիկամներ և այլն: Հիմնականում նեղ մասնագետների մոտ խորհրդատվության գրանցվելու համար անհրաժեշտ է ԱԱՊԲ-ի կողմից ուղղորդում:
Առողջության առաջնային պահպանման առավելությունները
- ԱԱՊԲ-ի մոտ կանոնավոր հաճախելը նվազեցնում է առողջապահական ընդհանուր ծախսերը և կարող է երկարաժամկետ կտրվածքով խնայել Ձեր գումարը:
- Ձեր ողջ բժշկական պատմությունը լինում է մեկ վայրում:
- Դուք ավելի քիչ եք այցելում հոսպիտալներ կամ դիմում Շտապ Օգնության:
- Ավելի լավ հաղորդակցություն. ավելի հեշտ է խոսել ծանոթ մարդու հետ, հարազատ միջավայրում:
Ինֆորմացիայի աղբյուրներն են.
American Academy of Family Physicians
WHO
John Hopkins Medicine
MedlinePlus
Harvard Health Publishing