Աուտիստիկ սպեկտրի խանգարումը (ԱՍԽ) բարդ նյարդաբանական և զարգացման վիճակ է։ Ախտորոշումն ինքն իրենով շատ ինֆորմացիա չի տալիս, քանի որ աուտիզմի ախտանիշները գտնվում են լայն միջակայքում՝ տատանվելով թեթևից մինչև շատ ծանր։ Բացի այդ անձը կարող է նկատելի դժվարություններ ունենալ մի ոլորտում, օրինակ՝ վերբալ հաղորդակցության մեջ, մինչդեռ նրա մնացած կարողությունները կարող են մնալ անփոփոխ։
Ի՞նչ ենք հասկանում «ոչ վերբալ աուտիզմ» ասելով:
Մենք նախընտրում ենք օգտագործել «անխոս աուտիզմ» եզրույթը «ոչ վերբալ աուտիզմ»-ի փոխարեն, քանի որ շատ աուտիստիկ մարդիկ, ովքեր չեն օգտագործում խոսքը հաղորդակցության համար, այնուամենայնիվ օգտագործում են բառեր, որպեսզի հաղորդակցվեն այլ ձևերով։
Նաև կարևոր է, թե ինչպես ենք մենք խոսում կարողությունների, սահմանափակումների կամ մարտահրավերների մասին։ «Ոչ վերբալ» եզրույթը լիարժեք չի արտահայտում աուտիստիկ անձի լեզվական հնարավորությունները։ Չնայած նրան, որ եզրույթը կիրառական է կլինիկական կոնտեքստում, աուտիստիկ համայնքի ներկայացուցիչները գտնում են, որ այն խարանող է (ստիգմատիզացնող) և նաև ենթադրում է, որ անձը չի կարող ընկալել կամ վերարտադրել լեզուն։
Անխոս աուտիզմ ունենալը չի նշանակում, որ անձը չի հաղորդակցվում, չի կարող հաղորդակցվել կամ չի հասկանում լեզուն։ Մեծամասամբ ենթադրվում է միայն, որ անձը չի հենվում բանավոր խոսքի վրա։ Դրա փոխարեն նա կարող է գտնել հաղորդակցության այլ ձևեր։
Անխոս աուտիզմը մեծահասակների և երեխաների մոտ՝ տարբերությունները
Աուտիստիկ սպեկտրի խանգարումը մեծահասակների և երեխաների մոտ մեծամասամբ ուղեկցվում է նույն ախտանիշներով։ Բայց անխոս աուտիզմ ունեցող մեծահասակների մեծ մասը հանդիպում են են ավելի շատ խնդիրների, որովհետև նրանց համար աջակցության ծառայությունները ավելի դժվարհասանելի են ։
Չխոսող աուտիստիկ մեծահասակները կարող են առնչվել լուրջ մարտահրավերների հետ սոցիալական միջավայրում, կենտրոնացած լինել իրենց առօրյայի վրա կամ ունենալ գերզգայունություն լույսի, ձայնի և այլ գրգռիչների հանդեպ։ Նրանցից շատերի համար դժվար կամ նույնիսկ անհնար է վարել ինքնուրույն, անկախ կենսակերպ։
Հետազոտությունները ցույց են տվել, որ աուտիստիկ անձանձ մոտ 27%-ը գործազուրկ է։ Մոտ 25% աուտիստիկ անձինք նշել են, որ չեն ստանում բավարար աջակցություն։ Այսպիսով, եթե ԱՍԽ-ն ներառում է խնդիրներ լեզվի հետ, ապա աուտիստիկ անձի համար շատ ավելի դժվար է ստանալ պատշաճ աջակցություն, կրթություն և ինքնուրույն աշխատանք։
Անխոս աուտիզմի հիմնական ախտանիշները
Հիմնական ախտորոշիչ չափանիշն աուտիզմի համար անձի մոտ շարունակական դժվարությունների առկայությունն է հասարակական փոխազդեցությունների բազմաթիվ համատեքստերում։ Եթե մենք խոսում ենք չխոսող աուտիստիկ անձանց մասին, ապա այստեղ նաև առկա է լեզվական պատնեշը։
Հիմնական ախտանիշները հետևյալն են՝
- ընդհանրապես չխոսելը;
- միայն մի քանի բառ օգտագործելը կամ չխոսելը լիակազմ նախադասություններով;
- բառերի փոխարեն ձայներ օգտագործելը;
- բանավոր խոսքի վրա՝ որպես հաղորդակցության հիմնական միջոց, չհենվելը։
Այս ախտանիշները կարող են մեզ օգնել անխոս աուտիզմը, օրինակ, բարձր ֆունկցիոնալ աուտիզմից տարանջատելու համար։ Բայց հիմնականում վերբալ հաղորդակցության լուրջ անբավարարությունն ուղեկցվում է այլ ծանր ախտանիշներով, որոնք մտնում են 3-րդ կարգի աուտիզմի մեջ։
| Ախտանիշ | Նկարագրություն |
| սոցիալական ունակությունների անբավարարություն | Չխոսող աուտիստիկ անձինք չեն կարող հաղորդակցվել սովորական ձևով։ Նրանք նաև կարող են դժվարություններ ունենալ ժեստերի օգտագործման կամ նրանց նշանակությունը հասկանալու հարցում։ Նրանք հաճախ խուսափում են հայացքների հանդիպումից և սթրեսի են ենթարկվում մարդաշատ վայրերում։ Բացի այդ, նրանք ունենում են ծայրահեղ ոչ ճկուն բնավորություն։ |
| դժվարություններ հույզերի կառավարման հետ | Առկա է հույզերի հանդեպ գերզգայունություն և հույզերի չափազանց մեծ ուժգնություն։ Նույնիսկ չնչին փոփոխությունը կարող է առաջացնել հուզական և վարքային «պայթյուն»։ |
| հետաքրքրությունների և վարքագծերի սահմանափակ շրջանակ | Ուշադրության տեղափոխումը մի բանից մեկ այլ բանի կարող է ծայրահեղ անտանելի թվալ։ Ինչի հետևանքով ձևավորվում է խիստ նեղ շրջանակ, որից դուրս գալն անհնար է թվում։ |
| զգայական օրգանների գերզգայունություն | Հպումները, ուժեղ լույսը կամ բարձր ձայները կարող են անտանելի թվալ և ուժեղ հուզական պոռթկումներ առաջացնել։ |
| սահմանափակ և կրկնվող վարքային դրսևորումներ | Այս մակարդակի ԱՍԽ-ի դեպքում կա առօրյայի և կրկնվող գործողությունների (օր․ ձեռքերի կամ ոտքերի կրկնվող շարժումներ, մարմնի շարժումներ, կրկնվող ձայներ) ուժեղ կարիք։ |
Վիճակի առաջացման պատճառները
Մենք չենք կարող վստահաբար ասել, թե ինչն է առաջացնում աուտիզմ և որ գործոններն են նպաստում ախտանիշների զարգացմանը։
Այնուամենայնիվ, մենք կարող ենք նշել մի քանի հավանական գործոն՝
- ժառանգականություն;
- մի շարք ժառանգական և քրոմոսոմային հիվանդություններ, որոնցից են տուբերոզ սկլերոզը և փխրուն X համախտանիշը;
- պրենատալ շրջան (զարգացումը հղիության ընթացքում);
- վաղ մանկական զարգացման առանձնահատկություններ։
Չկա հստակ առանձնացված հատուկ գործոն, որը պատասխանատու է աուտիստիկ անձանց մոտ լեզվի զարգացման համար։ Այնուամենայնիվ աուտիստիկ անձանձ 25-30%-ը չխոսող կամ մինիմալ խոսող են։
Ախտորոշումը
Եթե համեմատենք բարձր ֆունկցիոնալ աուտիզմի հետ, չխոսող աուտիստիկ մեծահասակների զգալի մասն ունեն ախտորոշում մանկական տարիքից։ Տարբերությունն աուտիզմի այդ երկու տեսակների միջև զգալի է, որովհետև չխոսող աուտիստիկ անձը դժվար թե կարող է քողարկել իր ախտանիշները և ինտեգրվել հասարակության մեջ։
Այնուամենայնիվ, միշտ կա սխալ ախտորոշում ստանալու հավանականություն։ Պարբերաբար աուտիզմի փոխարեն սխալմամբ ախտորոշում են ուշադրության դեֆիցիտի և հիպերակտիվության խանգարում (ՈՒԴՀԽ), տագնապային խանգարում կամ օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարում։
Ե՞րբ կա բժշկի դիմելու անհրաժեշտություն:
Ինչպես արդեն ասվել է, որոշ չխոսող աուտիստիկ անձինք ունեն 3-րդ կարգի աուտիզմ ախտորոշումը։ Նման դեպքերում հիմնականում անհրաժեշտ է մշտական աջակցություն՝ ներառյալ բժշկի և այլ մասնագետների մոտ պարբերական այցերը։ Այս ախտորոշումն ունեցող մարդիկ չեն կարող ինքնուրույն ստեղծել իրենց առօրյան և ապրել լրիվ անկախ։
Նշաններ, որոնք վկայում են օգնության անհրաժեշտության մասին՝
- տագնապ կամ դեպրեսիա;
- շարունակական սթրես;
- առօրյայի փոփոխություն (ցանկացած փոփոխություն կարող է մարտահրավերային լինել);
- հուզական «պայթյուններ»։
Այս ցուցակը կարելի է անվերջ շարունակել։ Այնուամենայնիվ, եթե դուք կամ ձեր հարազատը տառապում է (եք) ծանր ախտանիշների կամ կյանքի մարտահրավերների պատճառով, ապա հարկավոր է դիմել ձեր առաջնային օղակի բժշկին։ Անհրաժեշտության դեպքում նա կուղղորդի այլ մասնագետի մոտ՝ կախված վիճակից։
Ինչպե՞ս հաղորդակցվել չխոսող աուտիստիկ անձանց հետ
Կան հաղորդակցման հատուկ ռազմավարություններ, որոնք կարող են օգնել հասկանալ ծանր ԱՍԽ ունեցող անձի կարիքները և դարձնել հաղորդակցությունն առավել հարմար թե՛ Ձեր, թե՛ նրա համար։
Մի քանի օգտակար գործիք՝
- ժեստերի լեզու;
- գրավոր կամ տպագիր խոսքի միջոցով հաղորդակցություն;
- նկարներ;
- հաղորդակցման համար նախատեսված հատուկ սարքեր։

Հատուկ գործիքները բավականին օգտակար են, քանի որ չեն պահանջում բանավոր խոսք, բայց օգնում են հաղորդակցության այլ ճանապարհ գտնել։
Նաև կարևոր է իմանալ, որ աուտիստիկ անձինք հաճախ ունենում են իրենց այլընտրանքային լեզուն։ Աուտիստիկ անձը կարող է յուրովի օգտագործել ձայները։ Նման դեպքերում պետք է աշխատել ուսումնասիրել այլընտրանքային լեզուն և հաղորդակցվել այդ հատուկ ձևով։
Որոշ խնամակալներ կարող են ճնշում գործադրել աուտիստիկ անձի վրա՝ ստիպելով նրան հաղորդակցվել նեյրոտիպիկ («նորմալ») ձևով։ Այդպիսի ռազմավարությունը կարող է վնասակար լինել և դառնալ տագնապի, սթրեսի, հուզական այրման ու նույնիսկ դեպրեսիայի պատճառ։ Դրա փոխարեն օգտագործելով այլընտրանքային լեզուն, որը հարմար է կոնկրետ մարդուն, կարելի է զգալիորեն նվազեցնել վերոնշյալ ախտանիշների առաջացման հավանականությունը։
Աջակցության ռազմավարությունները
Աջակցության հիմնական ձևերն են՝
- հոգեթերապիա;
- ադապտացիան խթանող մեթոդներ;
- դեղորայք։
Ճիշտ աջակցության և այլընտրանքային հաղորդակցության ընդունման պարագայում շատ չխոսող աուտիստիկ մեծահասակներ կարող են դառնալ բացառիկ հաղորդակցվողներ, թե՛ լեզվի օգնությամբ, թե՛ առանց դրա։
Աղբյուրներն են՝
MedicalNewsToday
ASAN (Autistic Self Advocacy Network)
Verywellmind
Connect n Care
Autism speaks