Լեյկեմիա

Լեյկեմիա

Ի՞նչ է լեյկեմիան

Լեյկեմիան արյան քաղցկեղային հիվանդություն է։ Լեյկեմիա տերմինը գալիս է հունարենից, որը բառացի նշանակում է սպիտակ արյուն, leukos՝ սպիտակ, haima` արյուն։
Արյունը կազմված է հեղուկ մասից և բջիջներից։ Արյան բջիջների մեծ մասը արտադրվում է ոսկրածուծում ցողունային բջիջներից։ Ոսկրածուծը փափուկ, սպունգանման հյուսված է, գտնում է ոսկրերի մեջ։ Ցողունային բջիջները չտարբերակաված, ոչ հասուն բջիջներ են, որոնք կարող են բազմանալ և տարբերակվել մասնագիտացված բջիջների։
Արյան բջիջներից են էրիթրոցիտները, թրոմբոցիտները և լեյկոցիտները։ Էրիթրոցիտները թթվածին են մատակարարում օրգանիզմի բոլոր հյուսվածքներին, որն անհրաժեշտ է բջիջներիում էներգիայի արտադրության համար։ Թրոմբոցիտները կարևոր դեր ունեն արյան մակարդման գործընթացում։ Լեյկոցիտները իմուն համակարգի կարևոր դերակատարներից են և պատասխանատու են արտաքին միջավայրից օրգանիզմ ներթափանցած ինֆեկցիաների, ինչպես նաև օրգանիզմում առաջացած, ձևափոխված (ուռուցքային) բջիջների հայտնաբերման և ոչնչացման համար։ 


Լեյկեմիա զարգանում է, երբ ոսկրածուծում բջիջներից մեկը ենթարկվում է մուտացիայի։ Մուտացիան բջջի ԴՆԹ հաջորդականության փոփոխությունն է, որի հետևանքով բջիջը ձեռք է բերում նոր հատկություններ։ Արդյունքում ոսկրածուծում սկսվում է արտադրվել մեծ քանակությամբ ձևափոխված լեյկոցիտներ, որոնք չեն կարող կատարել իրենց պաշտպանական ֆունկցիան։ Մյուս կողմից, օգտագործելով ոսկրածուծի ամբողջ ռեսուրսները, այս բջիջների գերաճի պատճառով ընկճվում է մյուս բջիջների՝ էրիթրոցիտների և թրոմբոցիտների աճը, զարգանում է էրիթրոպենիա և թրոմբոցիտոպենիա։ Էրիթրոցիտների աճի ընկճման հետևանքով հյուսվածքները և օրգանները չեն ստանում բավարար քանակի թվածին, ինչի արդյունքում օրգանների աշխատանքը խանգարվում է։ Ունենալով մեծ քանակությամբ, բայց ոչ ֆունկցիոնալ լեյկոցիտներ, բարձրանում է նաև ինֆեկցիոն հիվանդությունների զարգացման ռիսկը։

Ո՞վ կարող է ձեռք բերել լեյկեմիա


Գործոններ, որոնք բարձրացնում են լեյկեմիա ձեռք բերելու հավանականությունը՝

▪ Նախկինում կրած քաղցկեղի բուժում
Այն մարդիկ ովքեր ստացել են քիմիոթերապիա կամ ճառագայթային թերապիա մեկ այլ քաղցկեղի կապակցությամբ, ունեն լեյկեմիա ձեռք բերելու բարձր ռիսկ։
▪ Գենետիկ խնդիրներ
Կան մի շարք գենետիկ հիվանդություններ, որոնք ասոցացվում են լեյկեմիայի զարգացման բարձր ռիսկի հետ։  Օրինակ Դաունի համախտանիշը մեծացնում է լեյկեմիայի զարգացման ռիսկը։
▪ Քիմիական նյութերի ազդեցություն
Որոշ քիմիական նյութեր, օրինակ բենզոլը, որն առկա է բենզինում և օգտագործվում է քիմիական արդյունաբերությունում, հանդիսանում է քաղցկեղածին (նյութեր, օրգանիզմներ կամ ֆիզիկական գործոններ, որոնք կարող են առաջացնել քաղցկեղ) և մեծացնում է լեյկեմիայի ռիսկը։
▪ Ծխելը
Ծխախոտ ծխելը մեծացնում է սուր միելոյիդ լեյկեմիայի ռիսկը։
▪ Լեյկեմիայի ընտանեկան պատմություն
Եթե ընտանիքի անդամներից մեկը ունի լեյկեմիա, մյուս անդամների մոտ լեյկեմիա ձեռք բերելու ռիսկը բարձր է։


Լեյկեմիաների ի՞նչ տեսակներ կան

Լեյկեմիաների դասակարգման հիմքում ընկած է զարգացման արագությունը և բջջի տեսակը։

Ըստ զարգացման արագության լեյկեմիաները լինում են՝

▪ Սուր լեյկեմիա։ Այս դեպքում լեյկեմոիդ բջիջները կիսվում են կայծակնային արագությամբ և հիվանդությունը շատ արագ է զարգանում։ Ախտանիշները դրսևորվում են հիվանդության սկզբից։ Սուր լեյկեմիան պահանջում է անհապաղ բուժում։ Մանկական տարիքում ամենահաճախ հանդիպող քաղցկեղի տեսակն է։ 

▪ Քրոնիկ լեյկեմիա։ Այս դեպքում բջիջները կիսվում են ավելի դանդաղ։ Ախտանիշները կարող են դրսևորվել տարիներ անց։ Ավելի հաճախ հանդիպում է մեծահասակների մոտ։

Ըստ բջջի տեսակի լեյկեմիաները լինում են՝

▪ Լիմֆոցիտային կամ լիմֆոբլաստային լեյկեմիա ՝ զարգանում է լիմֆոյիդ բջիջներից։ Նորմայում լիմֆոյիդ բջիջներից ձևավորվում են լեյկոցիտներ, որոնք իմուն համակարգի կարևոր մաս են կազմում։  

▪ Միելոյիդ լեյկեմիա՝ զարգանում է միելոիդ բջիջներից։ Նորմայում միելոյիդ բջիջներից ձևավորվում են էրիթրոցիտները, թրոմբոցիտները և որոշ լեյկոցիտներ (բազոֆիլներ, էոզինոֆիլներ և նեյտրոֆիլներ)։ 


Լեյկեմիաների տեսակները

Կան լեյկեմիայի չորս հիմնական տեսակներ՝

Ըստ բջջի տեսակիԸստ զարգացման արագության
ՍուրՔրոնիկ
Միելոյիդ լեյկեմիաՍուր միելոյիդ լեյկեմիա (ՍՄԼ)Քրոնիկ միելոյիդ լեյկեմիա (ՔՄԼ)
Լիմֆոցիտային կամ լիմֆոբլաստային լեյկեմիաՍուր լիմֆոցիտային լեյկեմիա (ՍԼԼ)Քրոնիկ լիմֆոցիտային լեյկեմիա (ՔԼԼ)
ՏեսակՎիճակագրությունՏարածվածություն
ՍՄԼՀիվանդանում են մեծահասակները և երեխամերը80%
ՔՄԼՏարածված է 65 տարեկանից մեծ մարդկանց շրջանում, ավելի հազվադեպ՝ երեխաների90%
ՍԼԼՀանդիպում է երեխաների մոտ33%
ՔԼԼԱռավելապես դիտվում է 65 տարեկանից մեծ մարդկանց շրջանում30%



Ախտանիշները

Ախտանիշները կախված են լեյկեմիայի տեսակից։
Ամենատարածված ախտանիշներն են՝
▪Հոգնածություն, թուլություն
▪Բարձր ջերմություն, գիշերային գերքրտնարտադրություն
▪Ինֆեկցիաներով հաճախակի հիվանդացություն
▪Հևոց
▪Գունատություն
▪Քաշի անբացատրելի կորուստ
▪Հոդերում և ոսկրերում ցավոտություն
▪Ձեխ թուլակողային շրջանում ցավոտություն կամ լցվածության զգացողություն
▪Պարանոցային, անութային, աճուկային կամ որովայնային ավշահանգույցների մեծացում, սպլենոմեգալիա, հեպատոմեգալիա
▪Կապտուկների հեշտ առաջացում, արյունահոսություններ, այդ թվում քթային և լնդային, պետեխիաներ։


Ինչպե՞ս են ախտորոշում լեյկեմիան

Միայն ռուտին արյան ընդհանուր քննությունը արդեն կարող է հուշել որ առկա է սուր կամ քրոնիկ լեյկեմիա և կարիք կա հետագա ստուգման։Ախտորոշման համար իրականացվում է՝

Ֆիզիկալ զննում
Ընտանեկան բժիշկը ֆիզիկալ զննման ընթացքում շոշափում է ավշային հանգույցները, լյարդը, փայծախը։ Զննում Է լնդերը արյունահոսություն կապակցությամբ, ինչպես նաև մաշկը ցաներ հայտնաբերելու նպատակով։ Լեյկեմիայով պայմանավորված ցաները կարող են լինել կարմիր, մանուշակագույն կամ շականակագույն։
Արյան ընդհանուր քննություն
Այս հետազոտությունը բժշկին թույլ է տալիս պարզել արդյոք կա արյան բջիջների քանակի նորմայից շեղում։ Լեյկեմիայի դեպքում ամենայան հավանականությամբ կդիտվի լեյկոցիտների մեծ քանակ, էրիթրոցիտների և թորոմբոցիտների ցածր ցուցանիշ։
Արյան բջիջների քննություն
Լրացուցիչ հետազոտման մեթոդներից են հոսքային ցիտոմետրիան և ծայրամասային արյան քսուկի քննությունը։
Ոսկրածուծի բիոպսիա (ոսկրածուծի ասպիրացիա)
Երկար ասեղով ծակում են ոսկրածուծը (սովորաբար կոնքոսկրը)  և վերցնում են ոսկրածուծից նմուշ։  Ստացված նմուշը հետազոտում են լաբորատորիայում ոսկրածուծում անոմալ բջիջների քանակը որոշելու և լեյկեմիա ախտորոշումը հաստատելու համար։
Վիզուալիզացնող հետազոտություններ
Բժիշկը կարող է նշանակել կրծքավանդակի ռենդգենագրություն, ՀՇ կամ ՄՌՇ եթե ախտանիշները հուշում են որ կա ոսկրերի կամ մեկ այլ օրգանի և հյուսվածքի ախտահարում։ Լեյկեմոիդ բջիջները այս հետազտոտությամբ չեն հայտնաբերվում։
Գոտկային պունկցիա
Բժիշկը կարող է վերցնել ուղեղ-ողնուղեղային հեղուկի նմուշը, պարզելու համար արդյոք լեյկոզը տարածվել է ԿՆՀ թե ոչ։


Ինչպե՞ս բուժել լեյկեմիան

Լեյկեմիայի բուժումը կախված է լեյկեմիայի ենթատեսակից, հիվանդի տարիքից, առողջության ընդհանուր վիճակից, ինչպես նաև այն հանգամանքից, արդյո՞ք լեյկոզը տարածվել է այլ օրգան համակարգեր թե ոչ։

Տարածված բուժման  մեթոդները նեռաում են հետևյալ եղանակների համակցումը՝
Քիմիաթերապիա
Քիմիաթերապիան լեյկեմիայի բուժման առաջնային մեթոդ է։ Կիրառվում են դեղորայքներ, որոնք սպանում են լեյկեմոյիդ բջիջներին կամ ճնշում են դրանց բազմացումը։ Քիմիաթերապևտիկ դեղորայքները կարող են տրվել հաբերի ձևով, ներերակային ներմուծման եղանակով կամ ենթամաշկային ներարկամն տարբերակով։ Սովորաբար նշանակում են քիմաթերապևտիկ դեղորայքների համակցում, որպեսզի բարձրացվի արդյունավետությունը։
Իմունաթերապիա (կենսաբանական թերապիա)
Բուժման այս մեթոդի դեպքում կիրառվում են դեղորայքներ, որոնք խթանում են օրգանիզմի պաշտպանական համակարգին՝ իմուն համակարգին, պայքարել լեյկեմիայի դեմ։
Թիրախային թերապիա
Թիրախային թերապիայի դեպքում դեղորայքն ուղղված է լեյկեմոյիդ բջիջների որոշակի տեղամասին (ձևափոխված սպիտակուց կամ գեն)։ Բուժման այս եղանակը կարող է կանխել լեյկեմոյիդ բջջի բազմացումը կամ ուղղակիորեն սպանել այդ բջիջներին։ Այսդեպքում համեմատաբար քիչ են վնասում նորմալ բջիջները։ Թիրախային թերապիայի դեղորայքների օրինակ են մոնոկլոնալ հակամարմինները և թիրոզին կինազի ինհիբիտորները։
Ճառագայթային թերապիա
Այս բուժման ժամանակ օգտագործվում են բարձր էներգետիկ կամ ռենտգենյան ճառագայթներ, որոնք ոչնչացնում են լեյկեմոյիդ բջիջները, կամ կանխում են դրանց աճը։ Բուժման ընթացքում թիրախավորվում է մարմնի այն հատվածը, որտեղ գտնվում են ուռուցքային բջիջները, կամ ճառագայթվում է ամբողջ օրգանիզմը։ Ամբողջ օրգնիզմի ճառագայթումը իրականացվում է հեմատոպոետիկ բջիջների փոխպատվաստումից առաջ։
Հեմատոպոետիկ բջիջների փոխպատվաստում (ցողունային բջիջների կամ ոսկրածուծի փոխպատվաստում)
Այս բուժման ժամանակ քիմիաթերապիայով և/կամ ճառագայթային թերապիայով ոչնչացված արյունաստեղծ բջիջները փոխարինվում են առողջ բջիջներով։ Որոշ դեպքերում հնարավոր է լինում նախապես՝ մինչև քիմիա- և/կամ ճառագայթային թերապիա սկսելը, վերցնել սեփական առողջ ցողունային բջիջները՝ հետագայում փոխպատվաստելու նպատակով։ Հնարավոր է նաև փոխպատվաստել դոնորական ցողունային բջիջներ։
Քիմերիկ հակածին ընկալիչ (CAR) T-բջջային թերապիա
Հանդիսանում է բուժման նորագույն մեթոդ, որի ընթացքում օրգանիզմից վերցվում է ինֆեկցիայի դեմ պայքարող T-բջջիջները, ձևափոխվում են, ձեռք են բերում լեյկեմոյիդ բջիջների դեմ կռվելու հատկություններ, որից հետո վերադարձվում են օրգանիզմ։ 

Ինչպիսի՞ն է լեյկեմիայի կանխատեսումը 

Բուժման ելքը կախված է հետևյալ գործոններից՝

Գենետիկ խանգարումներ կամ մուտացիաներ
Բուժման ամենակարևոր կանխատեսող գործոններից է լեյկեմոիդ բջջում առկա մուտացիայի տեսակը։
Լեյկեմիայի տեսակը
Որոշ տեսակներ ունեն ավելի բարենպաստ ելք քան մյուսները
Լեյկեմոիդ բջիջների քանակը ախտորոշման պահին
Տարիք
Ինչքան փոքր է տարիքը, այնքան բարենպաստ է ելքը։
Առողջություն
Որքան լավ է օրգանիզմի ընդհանուր վիճակը և քիչ են կամ բացակայում են ուղեկցող հիվանդությունները, այնքան բարենպաստ է ելքը։
Բուժման արձագանքը
Ինչքան կարճ է տևում ռեմիսիային հասնելը, այնքան մեծ է հաջողված բուժման հավանականությունը։
Լեյկեմոիդ բջիջների առկայությունը ԿՆՀ-ում
Ողնուղեղային հեղուկում լեյկեմոիդ բջիջների առկայությունը դժվարեցնում է բուժումը։

Իչքա՞ն է տարածված լեյկեմիան

Լեյկեմիան քաղցկեղային հիվանդությունների մեջ տարածվածությամբ 10-րդն է ԱՄՆ-ում և կազմում է նոր հայտնաբերված քաղցկեղների 3.2%-ը։ Լեյկեմիայով հիվանդանում են բոլորը, բայց առավել հաճախ հանդիպում է 65-74 տարեկանների, տղամարդկանց և եվրոպոյիդ ռասայի, սպիտակամորթների շրջանում։
Շատ մարդիկ մտածում են թե լեյկեմիան մանկական քացղկեղ է, բայց որոշ տեսակներ զարգանում են գլխավորապես մեծահասակների մոտ։ Չնայած լեյկեմիան երեխաների մոտ հազվադեպ է դիտվում, այն երեխաների շրջանում ամենահաճախ հանդիպող քաղցկեղն է։

Որքա՞ն է լեյկեմիայի ապրելիությունը

Ըստ ԱՄՆ քաղցկեղի ազգային ինստիտուտի տվյալների, լեյկեմիայի չորս հիմնական տեսակների ապրելիությունը հետևյալն է ՝

Լեյկեմիայի տեսակըՍԼԼՍՄԼՔԼԼՔՄԼ
5 տարվա ապրելիությունը*69.9%29.5%87.2%70.6%
Մահերի քանակը 100․000 մարդկանցից0.42.71.10.3
Մահացությունը ամենաբարձրն է տվյալ տարիքային խմբում65-8465+75+75+

*Ապրելիությունը համեմատում է քաղցկեղով հիվանդ մարդկանց և նույն տարիքի, ռասայի և սեռի առողջ մարդկանց
Տվյալների աղբյուրը՝  SEER Cancer Statistics Review, 1975-2017, National Cancer Institute. Bethesda, MD. 

Հնարավոր է՞ լեյկեմիայի լիարժեք բուժում

Լեյկեմիան չունի լիարժեք երաշխավորված բուժում։  Լիարժեք բուժում նշանակում է օրգանիզմում էլ չկան լեյկեմոիդ բջիջներ և այլևս պետք չի լինելու բուժում։ Լեյկեմիայի դեպքում հնարվոր չէ համոզված լինել, որ ռեցիդիվ չի լնելու։  Բուժման նպատակը երկարատև ռեմիսիային հասնելն է։ 
Երկարատև ռեմիսիայի ժամանակ չկան քաղցկեղի նշաններ և ախտանիշներ անկախ նրանից բուժումը շարունակվում է թե ոչ։ Ռեմիսիան կարող է տևել շաբաթներ կամ տարիներ։ Որոշ դեպքերում հնարավոր է մշտական ռեմիսիա։


Ե՞րբ դիմել բժշկի

Եթե ունեք ձեզ անհանգստացնող ախտանիշներ և նշաններ հերթագրվեք ձեր ընտանեկան բժշկի մոտ։ Լեյկեմիայի նշանները հաճախ ոչ հստակ են և ոչ սպեցիֆիկ: Լեյկեմիայի վաղ նշանները կարող են մնալ աննկատ, քանի որ լեյկեմիայի ախտանիշները շատ նման գրիպի և այլ տարածված հիվանդությունների ախտանիշներին։ Երբեմն լեյկեմիան հայտնաբերվում է պատահական մեյլ հիվանդության կապակցությամբ իրականացված արյան քննություններով։

Աղբյուրներ՝
UpToDate
Mayo Clinic
Cleveland Clinic
Osmosis

Arrow Left Arrow Right
Mariam Avetisyan, MD

Հեղինակի մասին

Mariam Avetisyan, MD

is a pediatric anesthesiologist and intensive care specialist in Armenia. Through her writing, she explains complex medical topics in simple terms and helps families spot health concerns early.