Սովորությունից մինչև վնասակարություն. Երբ խմելը դառնում է խնդիր

Սովորությունից մինչև վնասակարություն. Երբ խմելը դառնում է խնդիր

Ե՞րբ է խմելը դառնում խնդրային

ԱՄՆ-ում 12 տարեկանից բարձր բնակչության ավելի քան կեսը խմում են ալկոհոլ: Ալկոհոլի քիչ քանակը կարող է լինել անվնաս, սակայն ինչպե՞ս կարելի է հասկանալ, թե երբ է խմելը դարձել խնդիր: Ալկոհոլ խմելը խնդրային է դառնում, երբ այն ունենում է բացասական ազդեցություն Ձեր առօրյայի, հասարակական և մասնագիտական կյանքի վրա:

Ալկոհոլի օգտագործման հետ կապված խանգարումը բժշկական տերմին է, որն օգտագործվում է բժիշկների կողմից հարբեցողությունը նկարագրելու համար: Եթե առկա են ստորև թվարկված նշաններից երկուսը կամ ավելին, ապա ամենայն հավանականությամբ, Դուք կամ Ձեր շրջապատից որևէ մեկը ունեք ալկոհոլի օգտագործման հետ կապված խանգարում.

  • խմում եք ավելի շատ կամ ավելի երկար, քան պլանավորել էիք
  • ուզում եք ավելի քիչ խմել, բայց չեք կարողանում
  • շատ ժամանակ եք ծախսում ալկոհոլ փնտրելու, խմելու և խմելուց հետո վերականգնվելու վրա
  • ունեք ալկոհոլ օգտագործելու շատ ուժեղ ցանկություն
  • դադարեցնում եք աշխատելը, ընտանեկան հավաքույթներին չեք մասնակցում կամ չեք ծավալում հասարարական այլ գործունեություն 
  • շարունակում եք խմել, երբ նույնիսկ այն բացասաբար է ազդում Ձեր առողջության կամ անվտանգության վրա (օրինակ, խմում եք լողալու կամ մեքենա վարելու ընթացքում)
  • շարունակում եք խմել, չնայած լուրջ առողջական խնդիրների առկայությանը 
  • ամեն անգամ ավելի ու ավելի շատ խմիչքի օգտագործմամբ եք հասնում նույն էֆեկտին (սա կոչվում է տոլերանտություն)
  • խմելը դադարեցնելիս ունենում եք «հանման ախտանիշներ» (թվարկված են հաջորդ պարբերություններում)

Եթե կարծում եք, որ ունեք ալկոհոլի օգտագործման հետ կապված խանգարում, առաջին քայլը Ձեր թերապևտին դիմելն է

Ալկոհոլի օգտագործման ընթացքում մարդիկ ունենում է ալկոհոլային ինտոքսիկացիայի ախտանշաններ: Դրանք առաջանում են արյան մեջ ալկոհոլի բարձր քանակի պատճառով: Ալկոհոլային ինտոքսիկացիայի սիմպտոմներն են.

  • ոչ պատշաճ վարքագիծ և դատողության կորուստ
  • տրամադրության փոփոխություններ
  • լղոզված խոսք
  • ուշադրության և հիշողության հետ կապված խնդիրներ
  • հավասարակշռության և քայլքի հետ կապված խնդիրներ
  • կոմա
  • մահ

Երբ հարբեցողություն ունեցող անձը դադարում է ալկոհոլի ընդունումը, առաջանում են «հանման ախտանիշներ»: Ահա ամենահաճախ հանդիպող «հանման ախտանիշներ»-ի ցանկը.

  • գերքրտնարտադրություն
  • սրտի ռիթմի հետ կապված խնդիրներ (առիթմիա)
  • դող
  • անքնություն
  • սրտխառնոց և փսխում
  • հալուցինացիաներ (տեսնում, զգում կամ լսում եք գոյություն չունեցող բաներ)
  • տագնապ
  • գրգռվածություն
  • ցնցումներ

Ալկոհոլի խնդրային օգտագործում

Կան մարդիկ, ովքեր հարբեցող չեն, սակայն ալկոհոլի օգտագործման հետ կապված խանգարումներ և դրանից բխող խնդիրներ ունենալու բարձր ռիսկի խմբում են: Նրանք երբեմն կրում են ալկոհոլ խմելու բացասական հետևանքները օրինակ՝ պատահական տրավմաները:

Ալկոհոլի խնդրային օգտագործման մասին խոսելիս, նախ պետք է պարզաբանել, թե ո՞րն է մեկ ստանդարտ բաժակ ալկոհոլը:

ԱՄՆ-ում ստանդարտ բաժակը պարունակում է 0,6 հեղուկ ունցիա կամ 14 գրամ մաքուր ալկոհոլ, և հավասար է. 

  • 12 ունցիա (355 միլիլիտր) սովորական գարեջրին (մոտ 5% ալկոհոլ)
  • 8-ից 9 ունցիա (237 to 266 միլիլիտր) Մալթի լիկյորին (մոտ 7% ալկոհոլ)
  • 5 ունցիա (148 միլիլիտր) գինուն (մոտ 12% ալկոհոլ)
  • 1.5 ունցիա (44 միլիլիտր) թունդ լիկյորին կամ թորած օղիին (մոտ 40% ալկոհոլ)

Այս օրինակներում ընդգրկված չեն կոկտեյլները և խմիչքների խառնուրդները : Վերոնշյալ դեպքերում ալկոհոլի դոզան մեկ բաժակից ավել կարող է լինել: 

Միջին քանակի խմողների մոտ ալկոհոլի պատճառով առաջող խնդիրների ռիսկը ցածր է: Նրանք խմում են օրական 1 բաժակից ոչ ավել (կանանց և 65 տարեկանից բարձր անձանց դեպքում) և 2 բաժակից ոչ ավել (տղամարդկանց դեպքում):

Ծանր խմողները ալկոհոլի հետևանքով առաջացող խնդիրների բարձր ռիսկի խմբում են: Անձը համարվում է ծանր խմող, երբ:

  • կինը խմում է շաբաթական 7 բաժակից կամ մեկ առիթի ժամանակ 3 բաժակից ավել
  • տղամարդը խմում է  շաբաթական 14 բաժակից կամ մեկ առիթի ժամանակ 4 բաժակից ավել

Առիթից առիթ ալկոհոլը չարաշահողները ալկոհոլի խնդրային օգտագործողների մեկ այլ խումբ են: Նրանք խմում են միայն առիթներին, միջինում մոտ երկու ժամվա ընթացքում, կանայք խմում են 4 բաժակից ավել, իսկ տղամարդիկ 5 բաժակից ավել: 

Բարձր ռիսկային խմբեր

Որոշ գործոններ բարձրացնում են ալկոհոլի օգտագործման հետ կապված խանգարումներ ունենալու ռիսկը: Դրանք են.

  • երկարաժամկետ ալկոհոլի կանոնավոր ընդունում
  • վաղ տարիքում ալկոհոլ խմելը սկսելը 
  • ալկոհոլի օգտագործման խանգարում ունեցող ընտանիքի անդամ ունենալը 
  • հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունենալը (օրինակ՝ դեպրեսիա, շիզոֆրենիա կամ տագնապ).
  • անցյալում էմոցիոնալ կամ ֆիզկական տրավմա
  • Ընտանիքը, ընկերները կամ սոցիալական ցանցերը կարող են ազդել սովորությունների վրա և մեծացնել ալկոհոլի օգտագործման հետ կապված խանգարում ունենալու ռիսկը: 

Բարդություններ

Ալկոհոլն ազդում է նյարդային համակարգի վրա և  ընկճում այն: Ալկոհոլը խաթարում է դատողությունը, մտածողությունը և հիշողությունը, և հարբեցողներին դնում է ֆիզիկապես վտանգավոր իրավիճակներում: Ալկոհոլի չարաշահման հետ կապված բարդությունները նաև կապված են տարբեր ներքին օրգանների վրա ալկոհոլի բացասական ազդեցության հետ: 

Ալկոհոլի օգտագործման հետ կապված վտանգավոր իրավիճակներն ու վարքագծերն են. 

  • պատահարներ և վնասվածքներ, ներառյալ ավտովթարներ
  • ընտանիքի անդամների, ընկերների կամ այլ մարդկանց հետ շփման խնդիրներ
  • աշխատելու կամ սովորելու անկարողություն 
  • օրենքի հետ կապված խնդիրներ, ինչպես օրինակ, հանցագործությունների մեջ ընդգրկված լինելու բարձր ռիսկը՝ և՛ որպես հանցագործ և՛ որպես զոհ
  • կախվածություն այլ նյութերից
  • վտանգավոր կամ չպաշտպանված սեռական հարաբերությունների բարձր ռիսկ, կամ սեռական բռնության ենթարկվելու վտանգ 
  • ինքնասպանության փորձերի բարձր ռիսկ

Առողջական խնդիրները շատ տարբեր են և ներառում են գրեթե բոլոր օրգան-համակարգերը: Հարբեցողության պատճառով առաջացած առողջական խնդիրներն են.

  • Լյարդի վնասում, որը հանգեցնում է լյարդում ճարպի կուտակման և բորբոքման (ալկոհոլ ասոցացված լյարդի ճարպային հիվանդույթուն և ալկոհոլային հեպատիտ): Շարունակական հարբեցողությունը հանգեցնում է լյարդի հյուսվածքում սպիերի ձևավորման և անդառնալի վնասի, որը կոչվում է ցիռոզ: 
  • ստամոքսի բորբոքում (գաստրիտ) և խոցեր
  • ենթաստամոքսային գեղձի բորբոքում (պանկրեատիտ)
  • սրտի ռիթմի խանգարումներ (առիթմիա)
  • չկարգավորվող բարձր զարկերակային ճնշում (հիպերտենզիա)
  • տեսողության հետ կապված խնդիրներ
  • ոսկրերի խտության նվազում (օստեոպորոզ)
  • արյան ցածր շաքար (հիպոգլիկեմիա), հատկապես դիաբետ ունեցող և ինսուլին ստացող անձանց մոտ
  • վերջույթների թմրածություն և ցավ (ծայրամասային նեյրոպաթիա)
  • կենտրոնական նյարդային համակարգի հիվանդություններ, օրինակ՝ դեմենցիա, կարճատև հիշողության կորուստ
  • քաղցկեղների ռիսկի մեծացում (բերանի, կոկորդի, լյարդի, ենթաստամոքսային գեղձի, ստամոքսի և կրծքագեղձի) 
  • Այլ դեղերի հետ փոխազդեցությունը իջեցնում է դրանց էֆեկտիվությունը և բերում կողմնակի ազդեցությունների առաջացման:
  • Հղիության ընթացքում խմելը կարող է հանգեցնել երեխայի մոտ զարգացման բնածին արատների:

Ինֆորմացիայի աղբյուրները:
UpToDate
Mayo Clinic
Cleveland Clinic
National Institute on Alcohol Abuse and Alcoholism (NIAAA)

Arrow Left Arrow Right
Mariam Avetisyan, MD

Հեղինակի մասին

Mariam Avetisyan, MD

is a pediatric anesthesiologist and intensive care specialist in Armenia. Through her writing, she explains complex medical topics in simple terms and helps families spot health concerns early.