Ինչու՞ է կարևոր առողջության առաջնային պահպանման օղակը

Ինչու՞ է կարևոր առողջության առաջնային պահպանման օղակը

Առողջական խնդիրներ ունենալիս Դուք առաջին հերթին առնչվում եք առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) օղակի հետ: Առողջության առաջնային պահպանման բժիշկը (ԱԱՊԲ), կամ որ ավելի հայտնի բնորոշում է՝ ընդհանուր բժիշկը, Ձեր բուժող բժիշկն է: Նա իրականացնում է պացիենտների ընդհանուր բժշկական օգնություն:

Առողջության առաջնային պահպանումը Ձեր առողջության պահպանման
տարբեր ասպեկտներ է ներառում: Քննարկենք ԱԱՊ հիմնաքարային գործառույթները:

Կանխարգելում

Կանխարգելումը ԱԱՊ նշանակալի բաղադրիչներից մեկն է: Կանխարգելման նպատակը տարբեր հիվանդությունների զարգացումը կանխելն է: Այս նպատակով կիրառվում են տարբեր մեթոդներ, ինչպես օրինակ տարեկան բուժզննումներ, սքրինինգներ, պատվաստումներ և այլն:

Բուժզննումներ

Կանոնավոր բուժզննումը հիվանդությունների կանխարգելման և վաղ հայտնաբերման հիմնաքարերից է: Դուք պետք է այցելեք ԱԱՊԲ-ին տարին մեկ անգամ, կամ գոնե երկու տարին մեկ: Կանոնավոր բուժզննումները ներառում են.

  • ֆիզիկական զննություն և հիվանդությունների պատմության վերլուծություն,
  • պարբերաբար կատարվող արյան անալիզներ և գործիքային հետազոտություններ,
  • կանխարգելիչ միջոցներ և պատվաստումներ,
  • կենսակերպի հետ կապված խորհուրդներ և աջակցում,
  • պացիենտների իրազեկում և ախտանշանների մոնիտորինգ:

Կանոնավոր բուժզննումներն ունեն բազմաթիվ առավելություններ, օրինակ՝

  • հիվանդությունների վաղ հայտնաբերում,
  • հիվանդությունների կանխարգելում,
  • առողջության պահպանման անհատական պլան
  • Ձեր բժշկի հետ վստահելի հարաբերությունների կառուցում:

Սքրինինգներ

Սքրինինգները կանխարգելիչ բուժօգնության կարևոր մասն են, քանի որ դրանք օգնում են հայտնաբերել պոտենցիալ ծանր հիվանդությունները վաղ փուլերում: Սովորաբար, այս փուլում Դուք կարող եք ախտանշաններ չունենալ: Ձեր տարիքից, սեռից, ընտանեկան պատմությունից, ռիսկի գործոններից և ուղեկցող հիվանդություններից կախված գուցե հատուկ սքրինինգների կարիք ունենաք: Ահա ամենատարածված սքրինինգային հետազոտությունների ցանկը.

  • Արյան մեջ խոլեստերինի մակարդակը որոշվում է սիրտանոթային հիվանդությունների ռիսկի գնահատման համար:
  • Կղանքում արյան հայտնաբերման թեստը խորհուրդ է տրվում 50 տարեկանից սկսած: Կղանքում արյան առկայությունը կարող է հաստ և ուղիղ աղիների քաղցկեղի նշան լինել:
  • PAP թեստը (PAP քսուք) խորհուրդ է տրվում մինչև 65 տարեկան, ակտիվ սեռական կյանք ունեցող կանանց: Այն հայտնաբերում է արգանդի վզիկի քաղցկեղը:
  • Մամոգրաֆիան խորհուրդ է տրվում 50 տարեկանից հետո, տարեկան 1 կամ 2 անգամ: Այն հայտնաբերում է կրծքագեղձի քաղցկեղը:
  • Կոլոնոսկոպիան խորհուրդ է տրվում 50 տարեկանից հետո, հաստ աղու քաղցկեղի և պոլիպների հայտնաբերման համար:
  • Դիաբետի և պրեդիաբետի սքրինինգը խորհուրդ է տրվում 45 տարեկանից սկսած՝ անկախ քաշից:

Սուր հիվանդությունների վարում

ԱԱՊ բժիշկները ախտորոշում և բուժում են տարբեր հիվանդություններ: Ահա նրանց կողմից բուժվող սուր հիվանդությունների և ինֆեկցիաների ցանկը.

  • Հարբուխ, գրիպ և այլ շնչառական վարակներ 
  • Անգինա և կոկորդի այլ վարակներ
  • Ականջի վարակներ
  • Հարքթային խոռոչների վարակներ
  • Թոքաբորբ
  • Բրոնխիտ
  • Միզուղիների վարակ
  • Մաշկային վարակներ (օրինակ՝ իմպետիգո, ցելյուլիտ)
  • Գաստրոէնտերիտ (օրինակ՝ սննդային թունավորում, վիրուսային գաստրիտ)
  • Գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս հիվանդություն (ԳԷՌՀ)
  • Ստամոքսի խոցեր
  • Կոնյուկտիվիտ
  • Մոնոնուկլեոզ
  • Արևայրուքներ
  • Միջատների խայթոցներ
  • Սպորտային վնասվածքներ (գերձգումներ, սալջարդներ, ոսկրերի կոտրվածքներ)
  • Փոքր վնասվածքներ (կտրած և քերծված վերքեր)

Եթե պացիենտն ունի ավելի լուրջ հիվանդություն, ԱԱՊԲ-ը կարող է ուղղորդել նեղ մասնագետի մոտ (օրինակ՝ մաշկաբան, թոքաբան) հետագա ախտորոշման և բուժման համար:

Քրոնիկ հիվանդությունների վարում

Քրոնիկ հիվանդությունների վարման հարցում հնարավոր չէ թերագնահատել ԱԱՊԲ-ների դերը: Քրոնիկ հիվանդությունները երկարատև վիճակներ են, որոնք կարող են ախտահարել տարբեր օրգաններ: ԱԱՊԲ-ը ախտորոշում և բուժում է բազմաթիվ հիվանդություններ, օրինակ՝

  • Շաքարային դիաբետ
  • Բարձր զարկերակային ճնշում
  • Արյան բարձր խոլեսթերին
  • Սրտային հիվանդություններ (օրինակ՝ աթերոսկլերոզ, կարդիոմիոպաթիա)
  • Ասթմա
  • Արթրիտ
  • Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն (ԹՔՕՀ)
  • Վահանձև գեղձի հիվանդություններ (հիպոթիրեոզ, հիպերթիրեոզ)
  • Ճարպակալում
  • Դեպրեսիա և տագնապ
  • Նյութերի չարաշահումներ (օրինակ՝ ալկոհոլի օգտագործման խանգարում)

Կանանց բուժօգնություն

ԱԱՊԲ-ները նաև ախտորոշում և բուժում են կանանց վերարտադրողական համակարգի հետ կապված հիվանդությունները: Մասնավորապես, ԱԱՊԲ-ները կարող են վարել.

  • դաշտանադադարը,
  • օստեոպորոզը,
  • հետծննդաբերական դեպրեսիան,
  • անմիզապահությունը:

ԱԲԲ-երը կարող են նաև օգնել հղիության կանխարգելման, պլանավորման և նախածննդյան խնամքի հարցում, իրականացնում են որոշ հետազոտություն(օրինակ՝ PAP թեստ):

Տղամարդկանց բուժօգնություն

ԱԱՊԲ-ները կարող են ախտորոշել և բուժել տղամարդկանց վերարտադրողական համակարգի հետ կապված հիվանդությունները, օրինակ՝

  • շագանակագեղձի հիվանդություններ (օրինակ՝ շագանակագեղձի բարորակ հիպերպլազիա)
  • էրեկտիլ դիսֆունկցիա
  • անմիզապահություն

Հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ

Ձեր ԱԱՊ-ը կարող է նաև վարել հոգեկան առողջության հետ կապված խանգարումները, ինչպիսիք են, օրինակ, տագնապը և դեպրեսիան: Երբեմն Ձեզ կարող են նաև ուղղորդել հոգեբանի կամ հոգեբույժի մոտ:

Քրոնիկ ցավի վարում

Երեք ամիս և ավել ձգձգվող ցավը կոչվում է քրոնիկ ցավ: Վերջինս շատ հաճախ է հանդիպում՝  ԱՄՆ-ում մեծահասակների  20%-ից ավելին ունի քրոնիկ ցավ: Քրոնիկ ցավի օրինակներն են մեջքի ցավը, արթրիտը, գլխացավերը և նեյրոպաթիկ ցավը: Քրոնիկ ցավի բուժմամբ զբաղվում են տարբեր մասնագետներ զբաղվել, ներառյալ առողջության առաջնային պահպանման բժիշկները: Նրանք բուժում են ցավի պատճառը, տալիս խորհուրդներ կենսակերպի և սթրեսի կառավարման հետ կապված, և բարդ դեպքերում, ուղղորդում այլ մասնագետի մոտ (ցավի մասնագետ, նյարդաբան, հոգեբույժ):

Ապահովում հասանելիություն նեղ մասնագետներին

ԱԱՊԲ-ները կարող են զբաղվել ցանկացած առողջական խնդրով: Նրանք կարող են նշանակել անալիզներ և հետազոտություններ, դուրս գրել դեղորայք: Սակայն նրանք նաև համագործակցում են նեղ մասնագետների հետ: Բժշկական նեղ մասնագիտական բուժօգնություն իրականացնողները, կամ այլ կերպ՝ նեղ մասնագետները, բուժում են կոնկրետ օրգաններ, օրինակ՝ սիրտ, թոքեր, երիկամներ և այլն: Հիմնականում նեղ մասնագետների մոտ խորհրդատվության գրանցվելու համար անհրաժեշտ է ԱԱՊԲ-ի կողմից ուղղորդում:

Առողջության առաջնային պահպանման առավելությունները

  • ԱԱՊԲ-ի մոտ կանոնավոր հաճախելը նվազեցնում է առողջապահական ընդհանուր ծախսերը և կարող է երկարաժամկետ կտրվածքով խնայել Ձեր գումարը:
  • Ձեր ողջ բժշկական պատմությունը լինում է մեկ վայրում:
  • Դուք ավելի քիչ եք այցելում հոսպիտալներ կամ դիմում Շտապ Օգնության:
  • Ավելի լավ հաղորդակցություն. ավելի հեշտ է խոսել ծանոթ մարդու հետ, հարազատ միջավայրում:

Ինֆորմացիայի աղբյուրներն են.
American Academy of Family Physicians
WHO
John Hopkins Medicine
MedlinePlus
Harvard Health Publishing

Arrow Left Arrow Right
Mariam Avetisyan, MD

Հեղինակի մասին

Mariam Avetisyan, MD

is a pediatric anesthesiologist and intensive care specialist in Armenia. Through her writing, she explains complex medical topics in simple terms and helps families spot health concerns early.