Ակնե

Ակնե

Ի՞նչ է ակնեն:

Ակնեն մաշկային խնդիր է, որի պատճառով մաշկի վրա առաջանում են սպիտակ և սև կոմեդոններ, պզուկներ: Ակնեի բժշկական անվանումը «հասարակ ակնե» է: ԱՄՆ-ում ակնեն ամենատարածված մաշկային հիվանդությունն է, ախտահարում է երիտասարդների գրեթե 85%-ին:

Ու՞մ մոտ կարող է առաջանալ ակնե:

Ակնեն կարող է բոլորին էլ ախտահարել, սակայն ավելի հաճախ հանդիպում է դեռահասների և երիտասարդների մոտ: Պատճառը սեռահասունացման ժամանակ տեղի ունեցող հորմոնալ փոփոխություններն են: Սովորաբար, ակնեն անցնում է 30-40 տարեկանում: Դեռահասների մոտ ակնեն ավելի տարածված է տղաների, իսկ ավելի մեծ տարիքում՝ կանանց շրջանում:

Որոշ գործոններ մեծացնում են ակնե ունենալու հավանականությունը: Ահա դրանցից մի քանիսը.

  • հորմոնալ փոփոխություններ (սեռահասունացում, հղիություն)
  • առողջական խնդրի առկայություն (օրինակ՝ պոլիկիստոզ ձվարանների համախտանիշ, ճարպակալում)
  • ակնեի դրական ընտանեկան անամնեզ
  • մաշկի խնամքի ճարպոտոտ նյութերի օգտագործում (օրինակ՝ լոսյոններ, կոսմետիկ նյութեր)
  • մաշկի շարունակական վնասում (օրինակ՝ սաղավարտների կամ պինդ օձիքների առաջացրած ճնշում, դեմքի սքրաբների օգտագործում)
  • Սննդակարգի դերը ակնեի առաջացման գործում դեռևս լիարժեք պարզաբանված չէ:

Ինչպե՞ս է ակնեն առաջանում:

Ակնեի առաջացման հիմնական պատճառը խցանված մազարմատներն են կամ ծակոտիները: Ֆոլիկուլները մաշկի փոսիկներ են, որոնց մեջ «կանգնած են» մազերը: Առողջ մաշկում  բազմաթիվ պրոցեսներ են տեղի ունենում.

  • Ճարպային գեղձերն արտադրում են ճարպ, որը պաշտպանում է մեր մաշկը:
  • Մաշկի հին բջիջները մեռնում և շերտազատվում են, տեղ են ազատում նոր բջիջների համար:
  • Մաշկի վրա ապրում են որոշ բակտերիաներ (Cutibacterium acnes):

Ամփոփելով, վերը նշված պրոցեսները խաթարվում են, ինչը հանգեցնում է ակնեի առաջացման: Ճարպային նյութերի և նորմալ մաշկային բջիջների գերքանակները խցանում են մազի ֆոլիկուլները: Ուժեղացած ճարպագոյացումը նպաստում է նաև բակտերիաների աճին: Արդյունքում, ծակոտիները բորբոքվում են և պատռվում, ու հանգեցնում են պզուկների առաջացման:

Որտե՞ղ է ակնեն առաջանում:

Ակնեն սովորաբար առաջանում է մարմնի այն հատվածներում, որտեղ ճարպագեղձերն ամենաշատն են: Որպես կանոն, ակնեն առաջանում է դեմքին, ճակատին, պարանոցին, կրծքավանդակին, մեջքի և բազուկների վերին հատվածներում:

Որո՞նք են ակնեի ախտանշանները:

Ակնեի ախտանշաններն են. 

  • պապուլաներ – փոքր, անգույն կամ կարմիր, փափուկ բշտիկներ են
  • պուստուլաներ (պզուկներ) – թարախով լցված պապուլաներն են
  • սև կոմեդոններ – սև ծայր ունեցող խցանված ծակոտիներն են
  • սպիտակ կոմեդոններ – սպիտակ ծայր ունեցող խցանված ծակոտիներն են
  • հանգույցիկներ – մեծ, ցավոտ գնդեր են մաշկի տակ
  • կիստաներ – ցավոտ, թարախով լցված գոյացություններ են մաշկի տակ
Different types of acne flat illustration set for web design. Cartoon skin pimples, blackheads and cysts isolated vector illustration collection. Skincare problems and inflammation concept

Ինչքա՞ն ծանր կարող է լինել ակնեն:

Ակնեն ըստ ծանրության դասակարգվում է 4 աստիճանի.

Թեթև ծանրության (առաջին աստիճան) – գերազանցապես սև և սպիտակ կոմեդոններ են, եզակի պապուլաներ և պուստուլաներ

Միջին ծանրության կամ պուստուլար ակնե (երկրորդ աստիճան) – բազմաթիվ պապուլաներ և պուստուլաներ դեմքին

Ոչ շատ ծանր կամ նոդուլոցիստիկ ակնե (երրորդ աստիճան) – բազմաթիվ պապուլաներ և պուստուլաներ, որոշ բորբոքված հանգույցիկներ դեմքին, մեջքին և կրծքավանդակին 

Ծանր նոդուլոցիստիկ ակնե (չորրորդ աստիճան) – բազմաթիվ հանգույցիկներ և բորբոքված պուստուլաներ

Երբեմն կարող են առաջանալ ակնեի բարդություններ, օրինակ՝ սպիներ և մաշկի գույնի փոփոխություններ. մաշկը կարող է դառնալ ավելի մուգ (հիպերպիգմենտացիա) կամ ավելի բաց (հիպոպիգմենտացիա):

Կարո՞ղ եմ ինքնուրույն բուժել իմ ակնեն:

Եթե Ձեր ակնեն թեթև աստիճանի է, կարող եք փորձել ինքնուրույն բուժել: Ակնեի բուժման համար կան առանց դեղատոմսի նշանակվող բազմաթիվ դեղեր: Օրինակ՝ սալիցիլաթթու, բենզոիլ պերօքսիդ, ծծումբ, ալֆա հիդրօքի թթու, ադապալեն կամ թեյի ծառի յուղ:

Ակնեի դեպքում մաշկի խնամքը նույնպես շատ կարևոր է: Ահա որոշ կարևոր խորհուրդներ.

  • Դեմքը լվացեք օրական երկու անգամից ոչ ավել, օգտագործեք նուրբ, օճառ չպարունակող դեմքը մաքրող միջոցներ և գոլ (ոչ թե տաք) ջուր: Ցանկալի է խուսափել լուֆայից կամ սպունգից, փոխարենը, դեմքը ձեռքերով լվացեք: Կոպիտ լվացումը կամ սքրաբների օգտագործումը կարող են վնասել մաշկը:
  • Օրվա վերջում անպայման մաքրեք շպարը:
  • Խուսափեք մաշկի խնամքի համար նախատեսված գրգոռ նյութեր պարունակող պարագաներից (օրինակ՝ ալկոհոլ, տտպող միջոցներ, տոներներ և էքսֆոլիանտներ).
  • Մի սեղմեք կամ պոկեք պզուկները, որովհետև դա կարող է խորացնել ակնեն և առաջացնել մաշկի բորբոքում կամ սպի:
  • Օգտագործեք դեմքը խոնավեցնող միջոցներ: Ընտրեք «ոչ կոմեդոգեն» պիտակ ունեցողները:
  • Խուսափեք արևի ճառագայթներից և օգտագործեք լայն սպեկտրի (պաշտպանում են և՛ UVA և՛ UVB ճառագայթներից) արևապաշտպան միջոցներ SPF 30 և բարձր:

Ե՞րբ դիմել բժշկի:

Կապվեք ձեր թերապևտի հետ, եթե Դուք բուժում եք ակնեն առանց դեղատոմսի դուրս գրվող դեղերով 3 ամսից ավել, և ակնեն չի անցնում: Նաև պետք է դիմել մասնագետի օգնությանը, եթե ունեք միջին աստիճանի կամ ծանր ակնե (երկրորդ, երրորդ և չորրորդ աստիճան):

Ո՞վ է բուժում ակնեն:

Եթե ակնեն ծանր աստիճանի է, Ձեր թերապևտը կարող է ուղղորդել մաշկաբանի մոտ: Մաշկաբանը մաշկային հիվանդություններով զբաղվող մասնագետն է:

Ինչպե՞ս է ակնեն ախտորոշվում:

Ակնեն ախտորոշվում է մաշկի արտաքին զննման և բժշկական պատմության հիման վրա: Բժիշկը կարող է հարցեր տալ ընտանիքում ակնե ունեցող անձանց, Ձեր ընդունած դեղորայքի, դաշտանային ցիկլի և առկա սթրեսի մասին:

Ախտորոշիչ հետազոտությունների կարիք հազվադեպ է լինում: Այնուամենայնիվ, բժիշկը կարող է որոշ հետազոտությունններ նշանակել՝ այլ խնդիրները բացառելու նպատակով:

Ինչպե՞ս է բուժվում ակնեն:

Ակնեի բուժման համար բազմաթիվ դեղեր կան: Բժիշկն ընտրում է բուժման պլանը Ձեր տարիքը, ակնեի ծանրության աստիճանը և պատճառները հաշվի առնելով: Բուժման նպատակներն են կանխարգելել նոր գոյացությունների առաջացումը և բուժել մաշկը: Բժիշկը կարող է խորհուրդ տալ օգտագործել տեղային օգտագորխման կամ խմելու դեղեր, կամ նույնիսկ համադրել երկուսն էլ:

Տեղային օգտագործման դեղերը կարող են պարունակել տարբեր նյութեր՝ բենեզոիլ պերօքսիդ, սալիցիլաթթու, ազելաթթու, ռետինոիդներ, անտիբիոտիկներ և դապսոն:

Խմելու դեղերը կարող են պարունակել անտիբիոտիկներ, իզոտռետինոին, հակաբեղմնավորիչներ, հորմոններ և այլն:

Ինֆորմացիայի աղբյուրներն են.
UpToDate
Mayo Clinic
Cleveland Clinic

Arrow Left Arrow Right
Mariam Avetisyan, MD

Հեղինակի մասին

Mariam Avetisyan, MD

is a pediatric anesthesiologist and intensive care specialist in Armenia. Through her writing, she explains complex medical topics in simple terms and helps families spot health concerns early.