Հիպոթիրեոզ

Հիպոթիրեոզ

Ի՞նչ է «վահանագեղձի անբավարար ակտիվությունը»:

Հիպոթիրեոզը կամ վահանագեղձի անբավարար ակտիվությունը վիճակ է, երբ վահանաձև գեղձը չի կարողանում բավարար քանակի հորմոններ սինթեզել և ձերբազատել արյան մեջ։ Վահանաձև գեղձի, դրա կողմից արտադրվող հորմոնների և դրանց ֆունկցիաների մասին կարող եք կարդալ այստեղ։

Ինչպե՞ս կարող եմ իմանալ, որ ունեմ հիպոթիրեոզ։ 

Հիպոթիրեոզի սիմպտոմները զարգանում են աստիճանաբար, երբեմն տարիների ընթացքում, և կարող են հիվանդության սկզբնական փուլերում ակնհայտ չլինել։ Դուք կարող եք նկատել քաշի անսովոր ավելացում կամ անընդհատ հոգնած զգաք։ Չբուժելու դեպքում, ժամանակի ընթացքում նաև այլ սիմպտոմեր են առաջանում։ Ահա հիպոթիրեոզի հնարավոր սիմպտոմների մի մասը. 

  • Ընդհանուր թուլություն և արագ հոգնելիություն
  • Քաշի ավելացում
  • Ցրտի հանդեպ գերզգայունություն
  • Փորկապություն
  • Ձայնի խռպոտություն
  • Կոպերի շրջանում այտուց
  • Մազերի և մաշկի չորություն
  • Բարակ մազեր, մազաթափություն
  • Մկանային թուլություն, մկանացավեր
  • Ձեռքերի և ոտքերի թմրածություն, ծակծկոցի զգացում
  • Դաշտանային ցիկլի խանգարումներ և անպտղություն
  • Սրտի ռիթմի դանդաղում (հազվասրտություն) և անկանոն ռիթմ (առիթմիա)
  • Տրամադրության փոփոխություններ և դեպրեսիա
  • Հիշողության վատացում

Այս նշանները նկատելու դեպքում Դուք պետք է դիմեք Ձեր բժշկին։

Ինչու՞ է վահանագեղձը սկսում ավելի քիչ քանակի հորմոններ արտադրել։ 

Բազմաթիվ իրավիճակներ կան, որոնք կարող են հանգեցնել վահանագեղձի ցածր ակտիվության։

  • Հաշիմոտոյի հիվանդությունը աուտոիմուն վիճակ է, որն ախտահարում է վահանագեղձը։ Այն վահանագեղձի ամենահաճախ հանդիպող հիվանդությունն է։ «Աուտոիմուն» տերմինը նշանակում է, որ մեր իմուն համակարգը հակամարմիններ է արտադրում մեր իսկ առողջ հյուսվածքների և մոլեկուլների դեմ։ Այս հակամարմիններն առաջացնում են վահանագեղձի բորբոքում և հանգեցնում հորմոնների արտադրման նվազեցմանը։ 
  • Թիրոիդիտ, օրինակ՝ վիրուսային
  • Վահանաձև գեղձի ուռուցքներ
  • Ճառագայթային բուժում
  • Վահանաձև գեղձի վիրահատություններ
  • Դեղորայք, օրինակ՝ լիթիում, ամիոդարոն
  • Բնածին խնդիրներ
  • Յոդի դեֆիցիտ
  • Հիպոֆիզի հիվանդություններ
  • Հղիություն

Ո՞վ կարող է ունենալ հիպոթիրեոզ։

Բոլորն էլ կարող են ունենալ հիպոթիրեոզ, սակայն որոշ գործոններ կարող են մեծացնել ռիսկը։ Դրանք են․

  • իգական սեռ
  • ընտանիքի անդամների մոտ վահանագեղձի հիվանդության առկայություն
  • աուտոիմուն հիվանդության առկայություն, օրինակ՝ տիպ 1 շաքարային դիաբետ և ցելիակիա
  • հիպերթիրեոզի (գերակտիվ վահանագեղձ) դեմ բուժում
  • պարանոցի և կրծքավանդակի շրջանում ճառագայթային բուժում ստանալու պատմություն
  • վահանագեղձի շրջանում կատարված վիրահատություններ 
  • հղիություն 

Կարո՞ղ են արդյոք երեխաներն ունենալ հիպոթիրեոզ։ 

Երեխաները նույնպես կարող են հիպոթիրեոզ ունենալ։ Կրծքի հասակի երեխաների մոտ հիպոթիրեոզը կարող է հանգեցնել ֆիզիկական և մտավոր զարգացման խորը խանգարումների։ Հիպոթիրեոզով կրծքի հասակի երեխաների մոտ կարող է լինել․ 

  • կերակրման խանգարումներ
  • քաշի վատ ավելացում և վատ աճ
  • մաշկի և աչքերի սկլերաների դեղնություն (դեղնուկ)
  • փորկապություն
  • մկանների թուլություն
  • չոր մաշկ
  • խռպոտ ձայնով լաց
  • մեծացած լեզու
  • պորտի շրջանի արտափքում (պորտային ճողվածք) 

Ավելի մեծ տարիքի երեխաների մոտ հիպոթիրեոզի ախտանշանները գրեթե նույնն են, ինչ մեծահասակների մոտ։ Լրացուցիչ ախտանշաններն են․

  • վատ աճ և ցածր հասակ
  • ատամների ուշ ծկթում
  • ուշացած սեռահասունացում
  • մտավոր զարգացման հապաղում 

Ե՞րբ պետք է դիմել բժշկի։ 

Դիմե՛ք բժշկին, եթե անսովոր հոգնածություն եք զգում կամ ունեք հիպոթիրեոզի այլ նշաններ։

Ինչպե՞ս է ախտորոշվում հիպոթիրեոզը։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ախտանշանները ոչ սպեցիֆիկ են, հիպոթիրեոզի ախտորոշումը կատարվում է արյան անալիզների հիման վրա։ 

Առաջին հետազոտությունը արյան մեջ թիրեոիդ խթանող հորմոնի (ԹԽՀ) որոշումն է։ Հնարավոր սցենարներից մեկը բարձր ԹԽՀ և վահանագեղձի նորմալ հորմոններն  են։ Սա կոչվում է ենթակլինիկակկան կամ թեթև հիպոթիրեոզ։ Վերջինս նշանակում է, որ Դուք չունեք բնորոշ ախտանշաններ, սակայն բարձր է հիպոթիրեոզ ձեռք բերելու ռիսկը։ Հաջորդ հնարավոր սցենարը բարձր ԹԽՀ և վահանագեղձի ցած հորմոններն են։ Այսպիսով հաստատվում է հիպոթիրեոզ ախտորոշումը։ 

Ձեր բժիշկը կարող է նշանակել նաև գործիքային հետազոտություններ, օրինակ ուլտրաձայնային հետազոտություն (սոնոգրաֆիա) և համակարգչային շերտագրություն (ՀՇ)։

Ո՞վ է բուժում հիպոթիրեոզը։ 

Առաջին հերթին Դուք պետք է դիմեք ձեր թերապևտին։ Երբեն Ձեզ կարող են ուղղորդել հորմոնային շեղումներով զբաղվող հատուկ մասնագետի՝ ներզատաբանի (էնդոկրինոլոգ) մոտ։ 

Ինչպե՞ս է բուժվում հիպոթիրեոզը։

Բժիշկները սովորաբար նշանակում են լևոթիրոքսին կոչվող դեղորայքը, որը փոխարինում է վահանաձև գեղձի հորմոններին։ Այս հաբը պետք է ընդունեք ամեն օր, դատարկ ստամոքսով, վաղ առավոտյան։ Դուք Ձեզ արդեն ավելի լավ կզգաք 1-2 շաբաթ անց։ Այնուամենայնիվ, հիպոթիրեոզը բուժվում է ողջ կյանքի ընթացքում։ Դուք պետք է պարբերաբար այցելեք Ձեր բժշկին, հանձնեք ԹԽՀ անալիզ բուժման փոփոխությունների և մոնիտորինգի նպատակով։

Ի՞նչ կլինի, եթե հիպոթիրեոզը չբուժվի։ 

Հիպոթիրեոզը կարող է հանգեցնել ծանր և կյանքին վտանգ սպառնացող բարդությունների, օրինակ՝ 

  • սրտային խնդիրներ (սրտի իշեմիկ հիվանդություն և սրտային անբավարարություն)
  • միքսէդեմա կոմա
  • հղիության ընթացքում խնդիրներ (բարձր զարկերակային ճնշոըմ, վիժում կամ վաղաժամ ծննդաբերություն)
  • նորածնի մոտ զարգացման արատներ

Կարելի՞ է արդյոք կանխարգելել հիպոթիրեոզը։

Հնարավոր է կանխարգելել միայն յոդի անբավարարության պատճառով առաջացող հիպոթիրեոզը։ Դուք պետք է Ձեր սննդակարգում ընդգրկեք յոդ պարունակող սննդամթերքներ (որոշակի ձկնատեսակներ, մանրածովախեցգետին, յոդացված աղ)։ Ընդհակառակը, այլ պատճառներով առաջացող հիպոթիրեոզը (օրինակ՝ Հաշիմոտոյի հիվանդություն) կանխարգելելի չէ։ Չկան հատուկ հավելումներ կամ սննդակարգեր։ Բարդությունների ռիսկի նվազեցման միակ եղանակը վաղ ախտորոշումն ու բուժումն է։


Ինֆորմացիայի աղբյուրներն են․
Mayo Clinic
Cleveland Clinic
UpToDate
Medscape

Arrow Left Arrow Right
Mariam Avetisyan, MD

Հեղինակի մասին

Mariam Avetisyan, MD

is a pediatric anesthesiologist and intensive care specialist in Armenia. Through her writing, she explains complex medical topics in simple terms and helps families spot health concerns early.