Միզուղիների վարակներ

Միզուղիների վարակներ

Ի՞նչ է միզային համակարգը

Երիկամները, միզածորանները միզապարկը և միզուկը միասին կազմում են միզուղիները կամ, նույն ինքը՝  միզային համակարգը:

Միզային համակարգն օրգանիզմում իրականցնում է դրենաժային գործառույթ: Երիկամները ֆիլտրում են արյունը և գոյացնում մեզը, որը բաղկացած է ավելորդ հեղուկից և օրգանիզմին ոչ պիտանի նյութերից: Մեզը միզածորանների միջոցով երիկամներից անցնում է դեպի միզապարկ, ապա միզելու ընթացքում օրգանիզմից դուրս է գալիս միզուկով: Միզապարկն, իր հերթին, պահեստավորում է մեզը:

Ի՞նչ է միզուղիների վարակը

Առողջ մարդկանց միզուղիները ստերիլ են, այսինքն այնտեղ բակտերիաներ չկան: Երբ միզային համակարգում բակտերիաներ են հայտնվում, զարգանում է միզուղիների վարակ (ՄՈւՎ): Վարակը կարող է ընդգրկել միզային համակարգի ցանկացած մաս, օրինակ՝

  • միզուկ (ուրեթրիտ)
  • երիկամներ (պիելոնեֆրիտ)
  • միզապարկ (ցիստիտ)

Ի՞նչն է հարուցում ՄՈւՎ

ՄՈւՎ-ը կարող է հարուցվել տարբեր միկրոօրգանիզմներով, հիմնականում հարուցվում է բակտերիաներով: Վերջիններս ապրում են ստամոքսաղիքային տրակտում: Նրանք կարող են հայտնվել շեքի շրջանում և շարժվել դեպի միզապարկ և երիկամներ:

Որքա՞ն հաճախ է հանդիպում ՄՈւՎ-ը

ՄՈւՎ-ը շատ տարածված ինֆեկցիա է և ավելի հաճախ հանդիպում է կանանց շրջանում: ԱՄՆ-ում կանանց մոտ 25-40% կյանքում գոնե մեկ անգամ ունեցել է միզուղիների վարակ:

Ո՞վ կարող է ունենալ ՄՈւՎ

ՄՈւՎ-ը կարող է լինել յուրաքանչյուրի մոտ: Որոշ գործոններ մեծացնում են այս հիվանդությունը ձեռք բերելու ռիսկը, օրինակ՝

  • իգական սեռ
  • շաքարային դիաբետ
  • նախկինում միզապարկի կամ երիկամների ինֆեկցիա ունենալ
  • հակաբեղմնավորիչ նպատակով սպերմիցիդների կամ ստոծանիների օգտագործում
  • հաճախակի սեռական հարաբերություններ
  • միզային համակարգի անատոմիական շեղումներ
  • տղամարդկանց դեպքում՝ թլպատված չլինել կամ անալ սեքս
  • երիկամային քարերը և միզածորանային ռեֆլյուքս
  • ժառանգական նախատրամադրվածություն

Որո՞նք են ՄՈւՎ-ի նշանները

Նշաններն ու ախտանիշները տարբերվում են վարակի տեղակայումից կախված: Միզապարկի վարակի նշաններն են.

  • Միզելու ընթացքում ցավ կամ այրոց (դիզուրիա)
  • Հաճախ առաջացող միզելու ցանկություն
  • Շտապ միզելու անհրաժեշտություն
  • Մեզում արյան առկայություն (արյունամիզություն)
  • Որովայնի ստորին հատվածում ցավ կամ դիսկոմֆորտ
  • Վատ հոտով կամ պղտոր մեզ
  • Անմիզապահություն (կորցնում եք սեփական միզապարկը կառավարելու ունակությունը և ակամա միզարձակում եք):

Երիկամների վարակի նշանները վերը նշվածներն են, ինչպես նաև.

  • Տենդ (մարմնի ջերմաստիճանը 99.9°F կամ 37.7°C –ց բարձր)
  • Գոտկային (մեջքի ստորին հատվածի) ցավ
  • Սրտխառնոց և փսխում
  • Ընդհանուր թուլություն
  • Դող
  • Գիտակցության խանգարումներ

Միզուղիների վարակ ունեցող երեխաները կարող են նաև.

  • ավելի բարձր ջերմություն ունենալ
  • ընդհանուր տեսքը վատ լինել
  • անկողնում կամ տակը միզել
  • հիվանդ լինել

Ե՞րբ դիմել բժշկի

Գրանցվե´ք Ձեր բժշկի մոտ խորհրդատվության, եթե Դուք կամ Ձեր երեխան ունի ՄՈւՎ-ի նշաններ: Զանգե´ք 911, եթե Դուք կամ Ձեր երեխան շատ թույլ եք զգում, քնկոտ եք կամ դժվարանում եք խոսել:

Ինչպե՞ս են բժիշկներն ախտորոշում ՄՈւՎ-ը

Ախոտորոշումը հիմնականում իրականցվում է ախտանշանների և հետազոտությունների հիման վրա: ՄՈւՎ-ի ախտորոշման համար կատարվող հետազոտություններն են.

  • Մեզի անալիզ – Այս անալիզի համար Դուք պետք է միզեք հատուկ բաժակի մեջ: Լաբորանտները մեզի նմուշի մեջ ստուգում են արյան սպիտակ բջիջների (լեյկոցիտներ), նիտրիտների և այլ տարրերի առկայությունը: Մեզում լեյկոցիտների առկայությունը միզուղիների վարակի նշան է:
  • Մեզի ցանքս – Մեզի նմուշում ստուգվում է բակտերիաների առկայությունը:

Երբեմն բժիշկը այլ հետազոտություններ էլ է նշանակում, օրինակ՝

  • սոնոգրաֆիա
  • համակարգչային շերտագրություն (ՀՇ)
  • ցիստոսկոպիա

Ինչպե՞ս է բուժվում ՄՈւՎ-ը

Միզուղիների վարակը բուժվում է հակաբիոտիկներով: Վերջիններս բակտերիաներին սպանող դեղերն են: Դուք պետք է խստորեն հետևեք բժշկի ցուցումներին հակաբիոտիկներ ընդունելիս: Եթե Դուք դրանք նորմալ չեք ընդունում, վարակը կարող է նորից զարգանալ կամ հակաբիոտիկների հանդեպ կայունություն ձեռք բերել:

Բժիշկները ՄՈւՎ-ի բուժման համար հաճախ նշանակում են հետևյալ հակաբիոտիկները.

  • Նիտրոֆուրանտոին
  • Սուլֆոնամիդներ
  • Ամոքսիցիլլին
  • Ցեֆալոսպորիններ
  • Դոքսիցիկլին
  • Ֆոսֆոմիցին
  • Քինոլոններ

Կախված նրանից, թե ինչ անտիբիոտիկ եք ստանալու, բուժումը կարող է իրականցվել դեղորայքի մեկանգամյա դոզայով կամ մինչև 10 օր տևող բուժման կուրսով: Ձեր ախտանիշները կարող են նվազել բուժումը սկսելու հենց առաջին օրվանից, սակայն անհրաժեշտ է ստանալ բուժման լրիվ կուրսը՝ վարակը միզուղիներից լիարժեք հեռացնելու նպատակով: 

Տենդի և ցավի դեմ կարելի է ընդունել առանց դեղատոմսի վաճառվող դեղեր, օրինակ, ացետամինոֆեն կամ իբուպրոֆեն:

Եթե ունեք բարձր ջերմություն, ուժեղ ցավեր կամ չեք կարող նորմալ սնվել և հեղուկներ ընդունել, Դուք գուցե հոսպիտալացվեք և ստանաք ներերակային հակաբիոտիկներ և հեղուկներ:

Ի՞նչ է միզապարկի կրկնող վարակը

Եթե Դուք ունենում եք միզապարկի վարակ 2 և ավելի անգամ 6 ամսվա ընթացքում կամ 3 և ավելի անգամ 1 տարվա ընթացքում, դա կոչվում է միզապարկի կրկնվող վարակ: Կանանց մոտ, միզուղիների անատոմիայով պայմանավորված, ավելի հավանական է հաճախակի միզապարկի վարակը (կանանց միզածորանը ավելի կարճ է, քան տղամարդկանցը և հետանցքին ավելի մոտ է տեղակայված): Եթե Դուք ունենում եք միզուղիների կրկնվող վարակ, Դուք պետք է անցնեք լրացուցիչ հետազոտություններ, օրինակ՝ ՀՇ կամ ցիստոսկոպիա (միզապարկի խոռոչը ներսից զննվում է էնդոսկոպ կոչվող բարակ խողովակով):

Կարո՞ղ եմ արդյոք կանխարգելել ՄՈւՎ-ը

Այո, Դուք կարող եք կանխարգելել միզուղիների վարակը: Կենսակերպի ստորև թվարկված փոփոխությունները կարող են օգնել այդ հարցում.

  • Հետևեք հիգիենային:
  • Ավելի շատ հեղուկներ խմեք:
  • Փոխեք միզելու սովորությունները (միզեք սեքսից հետո և ավելի հաճախ միզեք):
  • Փոխեք հակաբեղմնավորիչները (սպերմիցիդների կամ դիաֆրագմայի փոխարեն այլ հակաբեղմնավորիչներ փորձեք):
  • Սեքսի ընթացքում օգտագործեք ջրային հիմքով լուբրիկանտներ:
  • Խուսափեք նեղ հագուստից (փորձեք հագնել ազատ հագուստ և բամբակյա ներքնազգեստ):
  • Ընդունեք առանց դեղատոմսի վաճառվող հավելումներ (լոռամրգի հյութ, լոռամրգի հաբեր կամ «D-մաննոզ» կոչվող հավելում):
  • Պոստմենոպաուզալ կանանց բժիշկը կարող է խորհուրդ տալ ներհեշտոցային էստրոգեն:
  • Երբեմն կարող են խորհուրդ տրվել կանխարգելիչ հակաբիոտիկներ:

Ինֆորմացիայի աղբյուրներն են.
Urology Care Foundation
UpToDate
CDC
Mayo Clinic
Cleveland Clinic
Medscape

Arrow Left Arrow Right
Mariam Avetisyan, MD

Հեղինակի մասին

Mariam Avetisyan, MD

is a pediatric anesthesiologist and intensive care specialist in Armenia. Through her writing, she explains complex medical topics in simple terms and helps families spot health concerns early.