Ի՞նչ է սրտի բնածին արատը
Բնածին արատ նշանակում է առողջական խնդիր, որն առկա է ծնվելու պահից։ Սիրտը ամբողջությամբ ձևավորվում է հղիության 10-րդ շաբաթում։ Եթե սրտի և սրտին մոտ գտնվող խոշոր անոթների ձևավորման ընթացքում խնդիրներ են լինում, երեխան ծնվում է սրտի բնածին արատով, կարճ՝ ՍԲԱ։ Սրտի բնածին արատները կոչվում են նաև սրտի բնածին հիվանդություններ։
Սրտի արատները, որոնց հետևանքով արյունը չի հոսում բնականոն ձևով ներառում են՝
- Անցք միջնախասրտային կամ միջփորոքային միջնապատին։
- Արյունատար անոթների հետ կապված խնդիրներ (անոթների քանակի, անոթների դիրքի, արյան հոսքի արագության կամ հոսքի ուղղության խնդիրներ)։
- Սրտի փականների հետ կապված խնդիրներ։
Որոշ ՍԲԱ-ներ պարզ են և չեն դրսևորվում որևէ ախտանիշով, մյուսները կարող են կյանքին սպառնալ և պահանջում են բուժում նորածնային հասակում։ Բժիշկները սրտի արատները կարող են հայտնաբերել մինչև ծննդաբերելը կամ ծնվելուց անմիջապես հետո, բայց երբեմն ՍԲԱ-ները հայտնաբերվում են դեռահաս, երիտասարդ կամ մեծահասակ տարիքում։
Սրտի անատոմիան, ֆունկցիան և արյան շրջանառությունը
Որպեսզի հասկանանք սրտի բնածին արատները, անհրաժեշտ է պատկերացնել առողջ սիրտանոթային համակարգի աշխատանքը:
Առողջ սիրտն ունի չորս խոռոչ։
- Վերին երկու խոռոչները անվանում են նախասրտեր։
- Ստորին երկու խոռոչներն անվանում են փորոքներ։
Սրտի աջ և ձախ կեսերը տարբեր ֆունկցիաներ են կատարում՝
- Սրտի աջ խոռոչները արյունը մղում են դեպի թոքեր՝ թքային զարկերակի միջոցով։
- Թոքերում արյունը հագենում է թթվածնով, այնուհետև թոքային երակներով վերադառնում է սիրտ՝ ձախ նախասիրտ։
- Ձախ նախասրտից արյունն անցնում է ձախ փորոք, այնուհետև գլխավոր զարկերակով՝ աորտայով, և նրա ճյուղավորումներով արյունը տարածվում է ամբողջ օրգանիզմով։

Սրտի բնածին հիվանդությունների տարածվածությունը
Սրտի բնածին հիվանդությունները բնածին հիվանդություններից ամենատարածվածն են։ ԱՄՆ-ում ՍԲԱ ունեն բոլոր նորածինների 1%-ը։
Որո՞նք են սրտի բնածին արատների տեսակները
Կա ՍԲԱ-ների երկու մեծ խումբ՝
- Ցիանոտիկ (քիչ թթվածին արյան մեջ) բնածին արատներ
- Ացիանոտիկ (թթվածնի քանակը արյան մեջ նորմալ է) բնածին արատներ
Ի՞նչ է ցիանոզը
Ցիան նշանակում է կապույտ։ Ցիանոզը մաշկի, շուրթերի, լնդերի, եղունգների, աչքերի և բերանի շուրջ գտնվող մաշկի կապտությունն է։ ՍԲԱ ունեցող շատ երեխաներ ունեն ցիանոզ։ Երբեմն նրանց անվանում են կապույտ երեխաներ։
Առողջ երեխաները՝ մասնավորապես նորածինները, կարող են ունենալ ցիանոտիկ ձեռքեր և ոտքեր երբ դրանք սառչում են։ Սառնության հետևանքով առանց այն էլ շատ բարակ արյունատար անոթները սեղմվում են, արդյունքում անբավարար քանակի արյուն է հասնում հյուսվածքներին, ինչի հետևանքով էլ կապտում են։ Սա կոչվում է պերիֆերիկ ցիանոզ, և դա նորմալ է։ Կենտրոնական ցիանոզ նշանակում է ամբողջ արյունը թթվածնով քիչ է հագեցած։
Սրտի ցիանոտիկ հիվանդություններ
Սրտի այս տեսակ անոմալիաների ժամանակ ամբողջ արյունը, որ տարածվում է օրգանիզմում պարունակում է նորմայից քիչ քանակությամբ թթվածին և կարիք ունեն արատի վիրաբուժական շտկման։ Օրինակներ՝
- Ձախ սրտի օբստրուկտիվ հիվանդություններ․ այս դեպքում նվազում է արյան հոսքը սրտից դեպի մարմնի մնացած հատվածները (սիստեմիկ արյան հոսքը): Օրինակներն են՝ հիպոպլաստիկ ձախ սրտի համախտանիշը (երբ սրտի ձախ բաժինները շատ փոքր են) և ընդհատված աորտայի աղեղը (աորտան ամբողջական չէ)։
- Աջ սրտի օբստուկտիվ հիվանդություններ․ այս դեպքում նվազում է արյան հոսքը սրտից դեպի թոքեր (թոքային արյան հոսքը)։ Օրինակներն են՝ Ֆալլոյի տետրադան (չորս անոմալիաների խումբ է), Էբշտեյնի անոմալիան, թոքային փականի ատրեզիան և եռփեղկ փականի ատրեզիան (փականները ճիշտ չեն ձևավորվել)։
- Խառը արատներ․ այս դեպքում սիստեմիկ և թոքային հոսքերը խառնվում են, որի մի օրինակն է մագիստրալ անոթների տրանսպոզիցիան, ինչը նշանակում է, որ սրտից դուրս եկող երկու խոշոր անոթները սխալ տեղերում են։ Մեկ այլ օրինակ է ընդհանուր զարկերակացողունը, երբ սիրտն ունի միայն մեկ խոշոր անոթ՝ երկուսի փոխարեն, որով արյունը դեպի ամբողջ օրգանիզմ է հասցնում։
Ինչպե՞ս է ցիանոզը վնասում երեխային
Ցիանոզն ինքն իրենով խնդիր չէ։ Այնուամենայնիվ, կարևոր է թե ինչպես է երեխայի մարմինը հաղթահարում թթվածնի ցածր մակարդակը։ Որքան արտահայտված և տևական է լինում ցիանոզը, այնքան մեծանում է նրա հասցրած վնասը երեխայի առողջությանը։ Ահա ցիանոզի ամենահաճախ հանդիպող ազդեցությունները՝
| Ազդեցություններ | Նկարագրություն |
| Աճ և զարգացում | Մինչ ծնվելը, երեխաները իրենց մայրիկների արգանդում ունեն արյան թթվածնի ցածր մակարդակ և զարգանում են նորմալ։ Թեթև կամ չափավոր արտահայտված ցիանոզով երեխաները սովորաբար ունենում են ցիանոզի շատ քիչ դրսևորումներ։ Տևական ժամանակ շարունակվող ցիանոզը անդրադառնում է օրգանիզմի որոշ ֆունկցիաների վրա։ Շատ ցածր թթվածնի մակարդակը կարող է կյանքին սպառնացող լինել, քանի որ մարմնի հյուսվածքները նորմալ աճի և զարգացման համար թթվածնի կարիք ունեն։ Այդ է պատճառը, որ վիրահատությունը վաղ է կատարվում, որպեսզի ցիանոզը շտկվի կամ նրա արտահայտվածությունը նվազի։ |
| Չափ | Արտահայտված ցիանոզով երեխաները հաճախ ավելի փոքր են, քան նույն տարիքի այլ երեխաները։ Նրանք կարող է ի վիճակի չլինեն կատարել նույնքան ֆիզիակական աշխատանք, որքան մյուս երեխաները։ |
| Ֆիզիկական ակտիվության մակարդակ | Մկանները՝ ներառյալ ինքնին նաև սրտամկանը, լավ աշխատանքի համար կարիք ունեն թթվածնի որոշակի մակարդակի։ Ֆիզիակական աշխատանքը մեծացնում է թթվածնի պահանջը։ Երեխաները սովորաբար սահմանափակում են իրենց ֆիզիակական ակտիվության մակարդակը, բայց ֆիզիկական ծանրաբեռնվախության ժամանակ ցիանոզը ավելի նկատելի է դառնում, իսկ փոքրիկ երեխաները կարող են շուտ հոգնել կերակրման ժամանակ։ |
| Սովորել | Ուղեղը կարիք ունի բավարար թթվածնի, որպեսզի զարգանա և աշխատի ինչպես որ հարկն է։ Ցիանոզով որոշ երեխաներ կարող է կարիք ունենան ավելի երկար ժամանակ իրենց նշաձողին հասնելու համար։ Օրինակ՝ նրանք կարող է քայլեն կամ վազեն ավելի ուշ, քան նույն տարիքի այլ երեխաները։ Սրտի բնածին արատներով երեխաների մեծ մասը չունեն սովորելու հետ կապված նշանակալի խնդիրներ։ |
| Սեռահասունություն | Հետազոտական աշխատանքները ցույց են տվել, որ ցիանոզով դեռահասները ավելի ուշ են հասնում սեռահասունացման, քան նրանց հասակակիցները։ Երեխայի բժիշկը հետևում է դրան երեխայի աճին զուգահեռ, և ծնողը կարող է քննարկել յուրաքանչյուր մտահոգություն բժիշկի հետ։ |
| Թմբկափայտի մատներ | Արտահայտված ցիանոզով երեխաների մոտ, երբ ցիանոզը տևում է ամիսներ կամ տարիներ, հաճախ զարգանում է մի իրավիճակ, որը կոչվում է «թբկափայտի մատներ»։ Թմբկափայտի նմանվող մատների դեպքում, մատների ծայրերը դառնում են լայն և տափակ։ Այս տարբերվող արտաքինը կարող է շատ տխրեցնող լինել որոշ երեխաների համար։ Թմբկափայտի մատները սովորաբար բարելավվում է սրտի բնածին արատի վիրահատական շտկումից հետո։ |
| Պոլիցիտեմիա | Երբ չկա բավարար թթվածին, օրգանիզմը ավելացնում է արյան կարմիր բջիջների քանակը, որոնք կապում են թթվածինը և տեղափոխում։ Այս երևույթը կոչվում է պոլիցիտեմիա և կարող է ասոցացվել արյունահոսության և կապտուկների հետ։ |
Սրտի ոչ ցիանոտիկ հիվանդություններ
Ներառում է այն իրավիճակները, երբ սիրտը սխալ ճանապարհով է մղում արյունը դեպի մարմին։ Օրինակ՝
- Անցք սրտում․ սրտի պատերից մեկը կարող է ունենալ ոչ նորմալ բացվածք։ Կախված անցքի տեղակայումից, այն կարող է կոչվել միջնախասրտային միջնապատի դեֆեկտ, նախասիրտ – փորոքային հաղորդակցություն, բաց զարկերակային ծորան կամ միջփորոքային միջնապատի դեֆեկտ։
- Աորտայի խնդիրներ․ աորտան գլխավոր զարկերակն է, որը ստանում է արյունը սրտից և մղում այն դեպի մարմնի մնացած հատվածներ։ Այն կարող է լինել շատ նեղ (աորտայի կոարկտացիա)։ Մեկ այլ դեպքում աորտալ փականի (որը բացվում և փակվում է՝ կարգավորելով արյան հոսքը) բացումը կարող է սահմափակ լինել կամ էլ աորտալ փականի թերթիկները երեքի փոխարեն կարող են լինել միայն երկուսը (երկփեղկ աորտալ փական)։
- Թոքային զարկերակի խնդիրներ․ թոքային զարկերակը ստանում է արյունը սրտի աջ բաժիններից և մղում այն դեպի թոքեր թթվածնով հագեցնելու համար։ Երբ այս զարկերակը շատ նեղ է լինում, այս երևույթը կոչում ենք թոքային զարկերակի նեղացում։
Որո՞նք են ախտանիշները
Ծանր ՍԲԱ-ները հայտնաբերվում են ծնվելուց անմիջապես հետո կամ կյանքի առաջին ամիսներին։ Ախտանիշները ներառում են՝
- Գունատ կամ կապույտ շուրթեր, լեզու կամ եղունգներ։ Մաշկի գույնից կախված այս նշանները կարող են հեշտ հայտնաբերվել կամ ընդհակառակը՝ դժվար։
- Հաճախացած շնչառություն։
- Այտուցներ ոտքերին, աչքերի շուրջ։
- Սնվելու ընթացքում դժվարաշնչություն, քաշի դանդաղ ավելացում։
Ոչ շատ ծանր արատները հայտնաբերվում են ավելի ուշ։ Ավելի մեծ տարիքի երեխաների մոտ ՍԲԱ-ը դրսևորվում է հետևյալ ախտանիշներով՝
- Ֆիզիկական ակտիվության ժամանակ վաղաժամ հևոց։
- ֆիզիկական ակտիվության ժամանակ վաղաժամ հոգնածության զգացողություն։
- Թուլություն։
- Վերջույթների այտուցվածություն։
Ի՞նչն է հարուցում սրտի բնածին արատ
Ոչ ոքին հայտնի չէ ՍԲԱ-ի զարգացման պատճառը։ Այն բազմագործոնային է, այսինքն պատճառը մեկը չէ, կան մի շարք գործոններ, որոնք մեծացնում են ՍԲԱ-ի զարգացման ռիսկը։ Այդ բազմաթիվ գործոնները կարող են լինել գենետիկ կամ արտաքին միջավայրով պայմանավորվել։ Առավել հավանական գործոնները մայրականն են և ընտանեկան պատմությունը։
Մայրական գործոնը
Երբ կինը հղի է, այն ամենը ինչ ազդում է իր օրգանիզմի վրա, կարող է անդրադառնալ երեխայի ներարգանդային զարգացման վրա։ Օրինակ, հիվանդությունները՝ շաքարային դիաբետը, կարմրուկը, վիրուսային ինֆեկցիաները կարող են մեծացնել ՍԲԱ-ով երեխա ունենալու հավանականությունը։ Հավանականությունը մեծանում է նաև որոշ դեղորայքների օգտագործման դեպքում, օրինակ դեղեր, որոնք օգտագործվում են ակնեն բուժելու համար, լիթիում պարունակող դեղորայք, ալկոհոլ, թմրանյութեր։
Ընտանեկան պատմությունը
Եթե դուք ՍԲԱ-ով երեխայի ծնողներ եք, ձեր հաջորդ երեխայի ՍԲԱ-ով ծնվելու հավանականությունը մեծանում է 1%-ից (100 երեխայից մեկը) մինչև 3% (100 երեխայից 3-ը)։ Բժիշկները կարող են հայտնաբերել այն ծնողներին, ովքեր ունեն ՍԲԱ-ով երեխա ունենալու բարձր ռիսկ։ Այն կախված է մոր վիճակից և ծնողների ընտանեկան պատմությունից։ Քանի որ ՍԲԱ-ը բազմագործոնային հիվանդություն է, հնարավոր չէ ճշգրտորեն կանխատեսել, հնարավոր է միայն ռիսկերը գնահատել։
Որո՞նք են սրտի բնածին արատների բարդությունները
ՍԲԱ-ները մեծացնում են հետևալ ախտաբանական վիճակների զարգացման ռիսկը՝
- Ոչ նորմալ սրտի ռիթմ (առիթմիաներ)
- Սրտային անբավարարություն
- Երիկամի հիվանդություն
- Թրոմբագոյացում
- Թոքային հիպերտենզիա
- Էնդոկարդիտ
- Լյարդի հիվանդություն
- Խոսքի խանգարումներ
- Ուշադրության պակասի և գերակտիվության խանգարում (ՈւՊԳԽ)
Բարդությունները կարող են ի հայտ գալ ՍԲԱ-ի բուժումից տարիներ անց։
Ինչպե՞ս է ախտորոշվում սրտի բնածին արատը
Սրտի բնածին արատը կարող է ախտորոշվել հղիության ընթացքում կամ ծնվելուց հետո։ Հղիության ընթացքում պտղի ուլտրաձայանին հետազոտությամբ հնարավոր է հայտնաբերել ՍԲԱ-ն։ Երեխայի ծնվելուց հետո բժիշկը կարող է մտածել, որ երեխան ունի ՍԲԱ, եթե երեխան ունի՝
- Աճի հապաղում
- Շուրթերի, լեզվի կամ եղունգների գույնի փոփոխություն
Բժիշկը սրտի աուսկուլտացիայի ընթացքում կարող է լսել ախտաբանական աղմուկ։ Սրտի աղմուկների մեծ մասը վտանգավոր չեն երեխայի համար, այդ աղմուկների հետևում չկան ախտաբանական շեղումներ։ Այնուամենայնիվ, որոշ աղմուկներ ի հայտ են գալիս սրտի կառուցվածքային փոփոխությունների հետևանքով, երբ խանգարվում է դեպի սիրտ և սրտից դեպի անոթներ արյան բնականոն հոսքը։
Ի՞նչ հետազոտություններ է անհրաժեշտ ՍԲԱ-ի ախտորոշման համար
Հետազոտությունները, որոնք օգնում են հայտնաբերել ՍԲԱ նորածինների, երեխաների և մեծահասակների մոտ ներառում են՝
- Ֆիզիկալ զննում։ Ֆիզիկալ զննման ընթացքում բժիշկը լսում է սիրտը և կարող է ախտաբանական աղմուկներ հայտնաբերել
- Պուլսօքսիմետրիա։ Պուլսօքսիմետրը սարք է, որը չափում է արյան մեջ թթվածնի քանակը։ Թթվածնի ցածր քանակը սրտի կամ թոքերի հիվանդության նշան է։
- Էլեկտրասրտագրություն։ Էլեկտրասրտագրությունը (ԷՍԳ) չափում է սրտի էլեկտրական ակտիվությունը։
- Էխոսրտագրություն։ Էխոսրտագրության ընթացքում ուլտրաձայնային ալիքների շնորհիվ վիզուալիզացվում է սրտի անատոմիական կառույցները՝ խոռոչները, փականները։
- Սրտի կաթետերիզացիա։ Հետազոտության շնորհիվ գաղափար են կազմում սրտի կծկողական ֆունկցիայի և արյան ներսրտային շրջանառության մասին։
- Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ)։ ՄՌՏ-ի շնորհիվ ստացվում է սրտի անատոմիայի մանրակրկիտ պատկերը։
Ինչպե՞ս բուժել սրտի բնածին արատը
ՍԲԱ-ի բուժումը կարող է ներառել՝
- Սրտի կաթետերիզացիա և դեֆեկտի փակում ներանոթային եղանակով
- Դեղորայքներ, որոնք կօգնեն սրտին աշխատել ավելի արդյունավետ, կառավարել զարկերակային ճնշումը
- Թթվածնաթերապիա
- Պրոստագլանդին E1
- ՍԲԱ-ի վիրաբուժական շտկում։ Ծանր դեպքերում կարող է սրտի փոխպատվաստման կարիք լինել։
Որոշ ՍԲԱ-ներ կարիք չունեն բուժման, իսկ որոշները պետք է բուժել ծնվելուց հետո ինչքան հնարավոր է շուտ։
Ինչքա՞ն ժամանակ է պահանջվում բուժվելուց հետո վերականգնվելու համար
Բուժման տևողությունը կախված է բուժման եղանակից, իրականացված միջամտությունից։ Այն կարող է տևել օրեր, շաբաթներ կամ ամիսներ։ Ապաքինման տևողությունը պետք է քննարկել բուժող բժշկի հետ։
Ի՞նչ սպասել, եթե ես ունեմ ՍԲԱ
Տասնամայակներ առաջ, ՍԲԱ ունեցող երեխաների միայն 10% էին ապրում մինչև հասուն տարիք։ Շնորհիվ ախտորոշման և բուժման ժամանակակաից ձեռքբերումների, ապրելիությունը կազմում է մոտ 90%։
Հնարավո՞ր է կանխարգելել ՍԲԱ-ը
ՍԲԱ-ի կանխարգելման փորձված ոչ մի մեթոդ գոյություն չունի։ Սովորաբար երեխաները ծնվում են ՍԲԱ-ով առանց պատճառի հայտնաբերման։ Դա կառավարման ենթակա չէ։
Ինչպե՞ս կարող եմ նվազեցնել հավանականությունը
Հղիության ընթացքում պետք է հետևել բժշկի խորհուրդներին, այդ թվում՝
- Չօգտագործել թմրանյութեր
- Անցնել նախատեսված բոլոր սկրինինգային հետազոտությունները, որպեսզի հնարավորինս շուտ հայտնաբերվի խնդիրը
- Պետք է վերահսկել բոլոր ուղեկցող հիվանդությունները, օրինակ՝ շաքարային դիաբետը, ֆենիլկետոնուրիան
- Չծխել և խուսափել պասիվ ծխելուց· Խուսափել ալկոհոլ օգտագործելուց
Ե՞րբ դիմել անհետաձգելի բուժօգնության բաժանմունք
ՍԲԱ ունեցող մարդկանց պետք է անհապաղ տեղափոխել անհետաձգելի բուժօգնության բաժանմունք, եթե նրանց մոտ ի հայտ գա՝
- Գլխապտույտ
- Շնչահեղձություն
- Ցավ կրծքավանդակում
- Ուշագնացություն
Արդյո՞ք ձեր երեխան գտնվում է բակտերիալ էնդոկարդիտի զարգացման ռիսկի խմբում
Որոշակի ՍԲԱ ունեցող երեխաների մոտ բակտերիալ էնդոկարդիտի զարգացման ռիսկը ավելի բարձր է քան մյուս երեխաների շրջանում։ Սրտաբանից պետք է հարցնել արդյոք երեխան գտնվում է էնդոկարդիտի զարգացման ցածր, միջին թե՞ բարձր ռիսկի խմբում։ Բարձր ռիսկի խմբում գտնվող երեխաներին հաճախ նշանակում են կանխարգելիչ հակաբակտերիալ թերապիա։
Ի՞նչ է բակտերիալ էնդոկարդիտը
Բակտերիալ էնդոկարդիտը սիրտը ներսից պատող թաղանթի՝ էնդոկարդի ինֆեկցիոն բորբոքումն է։ Դա հնարավոր է դառնում, երբ բակտերիան անցնում է արյան մեջ և տարածվում օրգանիզմում։ Որոշ բակտերիաներ ախտահարում են սրտի այն տեղամասերը որտեղ արյան հոսքը հարթ չէ։ Բակտերիալ էնդոկարդիտը հաճախ չի հանդիպում, բայց կյանքին սպառնացող իրավիճակ է։ Որոշ բնածին արատներ ունեն բակտերիալ էնդոկարդիտի զարգացման համեմատաբար ավելի բարձր ռիսկ, քանի որ այդ արատների դեպքում սրտում առաջանում է արյան տուրբուլենտ հոսք։
Ի՞նչն է հարուցում բակտերիալ էնդոկարդիտ
Էնդոկարդիտ հարուցող բակտերիաները սովորաբար գտնվում են բերանի խոռոչում, մարսողական համակարգում և միզատար ուղիներում։ Բերանի խոռոչում բորբոքման, բաց արյունահոսության կամ աբսցեսի առկայության դեպքում բակտերիաները կարող են անցնել արյան հուն և տարածվել օրգանիզմով, հասնել սրտին։ Երբեմն բակտերիաները սիրտ են հասնում օրգանիզմում արդեն իսկ առկա բորբոքման օջախներից՝ թոքերից (թոքաբորբ), մաշկից (ցելյուլիտ), միզուղիների ինֆեկցիաներից։ Որոշ ատամնաբուժական և այլ բժշկական միջամտություններ բարձրացնում են էնդոկարդիտի զարգացման ռիսկը։ Դա պայմանավորված է նրանով, որ այդ միջամտությունների ընթացքում կարող է առաջանալ արյունահոսություն, որն էլ նպաստում է բակտերիաների տարածմանը։
Ինչպե՞ս կանխարգելել
Էնդոկարդիտը կանխարգելելու համար պետք է հետևյալը՝
- Ատամները մաքրել
- Հետևել հակաբակտերիալ թերապիայի ընդունման հանձնարարականներին
Բերանի խոռոչի հիգիենան
Պետք է հետևել երեխայի բերանի խոռոչի հիգիենային։ Պետք է շարունակական և կանոնավոր կերպով այցելել ատամնաբույժի, ինչպես նաև ամեն օր մաքրել ատամները։ Այն օգնում է կանխարգելել ատամների և լնդերի ախտահարումը, որոնք համարվում են տարածված ուղի ինֆեկցիայի տարածման համար։
Հակաբակտերիալ թերապիայի հանձնարարականներ
Կան ատամնաբույժների համար նախատեսված հանձնարարականներ, որոնց պետք է հետևել ինֆեկցիաները կանխարգելելու համար։ Այդ հանձնարարականները խորհուրդ են տալիս իրականացնել հակաբակտերիալ թերապիա ատամները բուժելուց առաջ։ Ամերիկյան սրտաբանական ասոցիացիայի հանձնարարականները հյուսիսային ամերիկայում ստանդարտ պրակտիկա են։ Եթե դուք գիտեք, որ ձեր երեխային անհրաժեշտ է հակաբակտերիալ թերապիա ատամնաբուժական կամ մեկ այլ բժշկական միջամտությունից առաջ, քննարկեք ձեր ընտանեկան բժշկի կամ ատամնաբույժի հետ դեղորայքի հարցը, ովքեր կնշանակեն համապատասխան հակաբիոտիկը։
Սրտի բնածին արատները մեծահասակների մոտ
Մեծահասակների ՍԲԱ-ները ներառում են մի շարք սրտի արատներ, որոնք առկա են ծնվելու պահից, բայց մնացել են չախտորոշված կամ չբուժված։ Այդ վիճակները կարող են դրսևորվել տարբեր ծանրության աստիճաններով, ազդելով սրտի կառուցվածքի և ֆունկցիայի վրա։ Չնայած ՍԲԱ ունեցող մեծահասակների մեծամասնությունը կարող են վարել նորմալ, ակտիվ կյանք, բայց տարիքի հետ նրանց մոտ կարող են ի հայտ գալ տարբեր բարդություններ, օրինակ՝ սրտային անբավարարություն, առիթմիաներ, թոքային հիպերտենզիա և այլն։ Այդ պատճառով ծայրահեղ կարևոր է, որ ՍԲԱ ունեցող բոլոր մարդիկ շարունակական հսկվեն ՍԲԱ-ներով մասնագիտացված սրտաբանների մոտ։ Մեծահասակների ՍԲԱ-ների բուժումը կախված է արատի տեսակից և ախտանիշներից։ Բուժումը ներառում է՝ դեղորայքային թերապիա, կենսակերպի փոփոխություն, որոշ դեպքերում՝ վիրաբուժական միջամտություն։
Աղբյուրներ։
Mayo Clinic
Cleveland Clinic
Park’s Pediatric Cardiology
UpToDate