Դեպրեսիա

Դեպրեսիա

Ի՞նչ է դեպրեսիան

Դեպրեսիան տարածված հոգեկան խանգարում է։ Մենք կարող ենք այն սահմանել որպես տրամադրության խանգարում, որն ազդում է մարդու կյանքի գրեթե բոլոր կողմերի վրա։ 

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ դեպրեսիան ամբողջ մոլորակի վրա հաշմանդամության առաջին 5 պատճառներից մեկն է։ Դեպրեսիայով է տառապում ընդհանուր բնակչության մոտ 4 %-ը։ 

Կա հսկայական տարբերություն դեպրեսիայի և դեպրեսիվ վիճակի կամ զգացողության միջև։ Բոլորս հաճախ օգտագործում ենք այս եզրույթը երկարատև տխրությունը բնորոշելու համար, սակայն կլինիկական իմաստով այն շատ ավելի լայն է։ Գրեթե բոլորը ժամանակ առ ժամանակ իրենց ընկճված են զգում՝ կյանքի տարբեր իրավիճակներից ու իրադարձություններից ելնելով, սակայն ոչ բոլորն են ունենում դեպրեսիա՝ կլինիկական իմաստով։

Ինչպե՞ս ճանաչել դեպրեսիան

Դեպրեսիայի ախտանիշները կարող են տարբեր լինել՝ թեթևից մինչև շատ ծանր, ինչպես նաև, կարող են շատ տարբեր ձևով դրսևորվել յուրաքանչուր մարդու մոտ։

Դեպրեսիայի ամենատարածված ախտանիշներն են՝

  • երկարատև տխրություն;
  • հաճույք ստանալու անկարողություն;
  • անտարբերություն այն գործառույթների հանդեպ, որոնք առաջ մեծ ոգևորություն էին առաջացնում;
  • քնի խնդիրներ;
  • էներգիայի նվազում, հոգնածություն ու հյուծվածություն;
  • ախորժակի և/կամ քաշի զգալի փոփոխություն;
  • մտածելու և կենտրոնանալու դժվարություններ;
  • մեղավորության և անարժեքության զգացում;
  • ինքնասպանության մտքեր կամ փորձեր։

Կարո՞ղ է դեպրեսիան առաջացնել ֆիզիկական ախտանիշներ

Որոշ դեպքերում դեպրեսիան առաջացնում է ֆիզիկական փոփոխություններ, որոնք կարող են խաթարել մարմնի և ողջ օրգանիզմի բնականոն գործառույթները։ Այդպիսի փոփոխությունների օրինակ են՝ սթրեսի հորմորնների և բորբոքային գործընթացը կարգավորող հորմոնների բարձր մակարդակը, սրտի կծկումների, արյան շրջանառության և նյութափոխանակության գործընթացների փոփոխությունները։ 

Այս փոփոխությունները կարող են հիմք հանդիսանալ այլ հիվանդությունների և վիճակների համար, օրինակ՝ ստամոքս-աղիքային խնդիրներ, հոգեշարժողական ակտիվության փոփոխություններ, գլխացավեր, ֆիզիկական թուլություն և այլն։

Ինչի՞ց է առաջանում դեպրեսիան

Դեպրեսիայի առաջացման կոնկրետ պատճառը հայտնի չէ, բայց կան մի շարք գործոններ, որոնց առկայությունը նպաստում է այս վիճակի առաջացմանը։ 

Հիմնական գործոնները երեքն են՝

  • ժառանգականություն;
  • որոշակի հիվանդություններ և վիճակներ (հոդաբորբ, ցրված սկլերոզ, քաղցկեղ, ծանր հոգեբանական վիճակներ և այլն);
  • ուղեղում տեղի ունեցող քիմիական պրոցեսներ (ուղեղի քիմիական կազմում առկա տարրերի փոփոխություններ, օր․ նեյրոհաղորդիչների՝ սերոտոնին, դոֆամին, նորէպինեֆրին);

Ու՞մ մոտ կարող է առաջանալ դեպրեսիա

Դեպրեսիա կարող է առաջանալ ցանկացած մարդու մոտ՝ անկախ տարիքից, սեռից և ապրելակերպից, բայց, օրինակ, կանայք ավելի հակված են դեպրեսիա ունենալուն, քան տղամարդիկ։

Բացի այդ, կան որոշակի գործոններ, որոնք բարձրացնում են դեպրեսիայի առաջացման հավանականությունը։ Դրանք են՝

  • տրավմատիկ կամ սթրեսային իրադարձություններ (սեռական կամ ֆիզիկական բռնություն, սիրելիի մահ կամ կորուստ, ֆինանսական խնդիրներ և այլն);
  • ալկոհոլի, հանգստացնող հաբերի կամ թմրանյութերի օգտագործում;
  • ծանր կամ քրոնիկ հիվանդությունների առկայություն;
  • ցածր ինքնագնահատական, ուժեղ ինքնաքննադատություն, հոռետեսություն և այլ անձնային հատկանիշներ;
  • սեռական, կրոնական կամ այլ փոքրամասնության մաս լինելը՝ բավարար աջակցության բացակայության պայմաններում;
  • որոշակի դեղամիջոցների, օրինակ՝ քնաբերների, ինչպես նաև արյան բարձր ճնշումը կարգավորող դեղամիջոցների կանոնավոր ընդունումը։

Արդյո՞ք դեպրեսիան ժառանգական հիվանդություն է

Ինչպես արդեն նշվել է, ժառանգականությունը դեպրեսիայի առաջացման պատճառներից մեկն է, բայց ոչ միակը։ Դեպրեսիայի, շիզոֆրենիայի, երկբևեռ խանգարման, ալկոհոլիզմի կամ ինքնասպանության պատմություն ունեցող ազգականների առկայությունը կարող է հիմք հանդիսանալ դեպրեսիայի համար:

Ինչպե՞ս է ախտորոշվում դեպրեսիան

Դեպրեսիայի ախտորոշման հիմք են հանդիսանում հիմնական ախտանիշները, անձի բժշկական պատմությունը և հոգեկան առողջության պատմությունը, այդ թվում նաև ընտանեկան պատմությունը։

Առողջապահության ոլորտի մասնագետները կարող են ախտորոշման մեջ նշել դեպրեսիայի որոշակի տեսակ, օրինակ՝ կլինիկական կամ ծանր դեպրեսիա, սեզոնային աֆեկտիվ (հուզական) խանգարում, հետծննդաբերական դեպրեսիա՝ կախված ախտանիշների համատեքստից։

Ախտորոշում ստանալու համար Դուք պետք է ունենաք դեպրեսիայի առնվազն 5 ախտանիշ, որոնք անդադար ուղեկցում են ձեզ երկու շաբաթվա կամ ավելի մեծ ժամանակային միջակայքի ընթացքում։

Բացի այդ, բժիշկը կարող է նշանակել հավելյալ ստուգումներ՝ համոզվելու համար, որ առաջացած ախտանիշների հիմքում ընկած չեն այլ չախտորոշված հիվանդություններ ու վիճակներ։

Ե՞րբ դիմել բժշկի օգնությանը

Եթե Դուք կամ Ձեր սիրելիները տառապում են դեպրեսիայի ախտանիշներից, պետք է անհապաղ դիմել Ձեր առաջնային օղակի բժշկին։ Շատ կարևոր է դիմել մասնագիտական օգնության այն ժամանակ, երբ ախտանիշներն ի հայտ են եկել, ոչ թե սպասել անելանելի վիճակի մեջ հայտնվելուն։

Արդյո՞ք դեպրեսիան բուժվում է

Դեպրեսիան բուժելի է։ Այլ հոգեկան առողջության խնդիրների հետ համեմատության մեջ այն նույնիսկ ամենաբուժելիներից մեկն է։ Դեպրեսիայով տառապող մարդկանց գրեթե 90%-ը, ովքեր դիմում են օգնության, ի վերջո լավ են արձագանքում բուժմանը և բարեհաջող ապաքինվում են։

Հիմնական խնդիրն այն է, որ դեպրեսիայով տառապող մարդիկ հազվադեպ են իրենց կամքով օգնության դիմում։ 

Դեպրեսիայի բուժումը հիմնականում ներառում է թիմային աշխատանք։ Հիմնական տարբերակները՝

  • դեղորայքային բուժում;
  • հոգեթերապիա;
  • հավելյալ բժշկական մեթոդներ (օր․ մերսումներ կամ յոգա՝ նրանց համար, ում ախտանիշները թեթև են);
  • ուղեղի սիմուլյացիոն թերապիա։

Ինչպե՞ս ճիշտ աջակցել, եթե նկատում եք մարդու մոտ դեպրեսիայի ախտանիշներ

Դեպրեսիան բարդ վիճակ է, որից չի կարելի ազատվել ուղղակի կամքի ուժ դրսևորելով։ Դեպրեսիայով տառապող մարդուն չի կարելի ասել հետևյալը՝

  • «Հավաքվի՛ր»։
  • «Վիճակդ այդքան էլ վատ չէ»։
  • «Քեզ պարզապես ավելի շատ կարգապահություն է պետք։ Գուցե պետք է ավելի շատ աշխատես կամ մի զբաղմունք գտնես»։
  • «Աֆրիկայում աղքատ երեխաները խմելու ջուր չունեն։ Նրանց համեմատ դու ընդհանրապես խնդիրներ չունես»։

Այս և նմանատիպ արտահայտությունները ոչ միայն չեն օգնի, այլ կարող են նույնիսկ զգալիորեն վատթարացնել վիճակը։ Դրանք կարող են առաջացնել ուժեղ ամոթ և մեղքի զգացում։ Դրա փոխարեն, փորձեք հավատացնել մարդուն, որ իր վիճակը բուժելի է, և ամաչելու առիթ չկա։

Ճիշտ աջակցության դեպքում վերականգնման գործընթացը կարող է ավելի հեշտ ու արագ լինել։ Եթե մարդու մոտ նկատում եք դեպրեսիայի նշաններ, պետք է փորձեք համոզել նրան դիմել բժշկի կամ հոգեկան առողջության մասնագետի։

Նաև կարևոր է իմանալ ինքնասպանության ռիսկի մասին։ Մի վախեցեք հարցնել նման մտքերի առկայության մասին։ Հետազոտությունները ցույց են տվել, որ ինքնասպանության մտքերի մասին հարցնելը կարող է նվազեցնել իրական փորձերի հավանականությունը։

Հնարավո՞ր է կանխել դեպրեսիան

Դեպրեսիան կանխելու արդյունավետ համայնքային մոտեցումները ներառում են դպրոցական ծրագրեր՝ երեխաների և դեռահասների մոտ հոգեբանական առողջ ռեակցիաների զարգացման համար (այստեղ խոսքը գնում է հոգեբանական կողմի մասին)։

Մեծահասակների դեպքում ինքնախնամքը և հույզերի հետ գործ ունենալու ունակությունը նույնպես նշանակալի արդյունքների կարող են բերել։ Դեպրեսիայի հավանականությունը նվազեցնելու համար պետք է փորձել առողջ ապրելակերպ վարել, ներառյալ առողջ սնունդը, լավ քունը, ֆիզիկական ակտիվությունը և հոգեբանական բարեկեցությունը։

Ընդհանուր առմամբ, դեպրեսիայի մասին բաց զրույցները օգնում են վերացնել խարանը (ստիգմա) և հեշտացնել մարդկանց համար օգնություն խնդրելու գործընթացը։ Կարևոր է իմանալ, որ դեպրեսիայով տառապող մարդը ծույլ կամ թույլ չէ։ Նա չի կարող ընտրել իր վիճակը կամ պարզապես դադարել զգալ այն, ինչ զգում է։

Հարազատների, ընկերների և հասարակության ճիշտ աջակցության դեպքում մարդիկ կարող են ժամանակին օգնություն ստանալ կամ  նույնիսկ խուսափել այս վիճակի ի հայտ գալուց։

Աղբյուրներն են.
World Health Organization
American Psychiatric Association
Mayo Clinic
WebMD

Arrow Left Arrow Right
Genrietta Ter-Minasyan, Bachelor's degree

Հեղինակի մասին

Genrietta Ter-Minasyan, Bachelor's degree

is a consulting psychologist living and working in Armenia. Also, she is a psychotherapist in education (Gestalt approach). Through her writing, she tries to increase awareness about mental health conditions, diseases, and issues in society; eliminate stigmatization; and help people get the support they need.