Էլեկտրոնային ծխախոտներ. արդյո՞ք դրանք անվտանգ այլընտրանք են ծխելուն

Էլեկտրոնային ծխախոտներ. արդյո՞ք դրանք անվտանգ այլընտրանք են ծխելուն

Էլեկտրոնային ծխախոտները (էլ․-սիգ, վեյփեր) մարտկոցով աշխատող հատուկ ծխելու հարմարանքներ են, որոնք արտանետում են նիկոտին պարունակող քաղցրացված հեղուկ։ Այդ սարքերն օգտագործում են գոլորշիացման գործընթացը՝ թութունի այրման փոխարեն։

Էլեկտրոնային ծխախոտները կարող են շատ տարբեր տեսք ու ձև ունենալ։ Դրանք կարող են նման լինել սովորական ծխախոտների, գրիչների, USB կրիչների և այլն։ Բացի այդ, այս ծխելու սարքերը ներկայացված են համերի և բաղադրիչների մեծ բազմազանությամբ։

Արտադրող կազմակերպությունները ներկայացնում են էլեկտրոնային ծխախոտը որպես ծխելը թողնելու կամ նվազեցնելու արդյունավետ գործիք։ Այնուամենայնիվ, Սննդի և դեղորայքի վարչությունը (FDA) դասակարգում է էլեկտրոնային ծխախոտը որպես ծխախոտային արտադրանք։ 

Ի՞նչ է վեյփինգը

Էլեկտրոնային ծխախոտների (անկախ դրանց տեսակից) օգտագործման գործընթացն ընդունված է անվանել վեյփինգ (vaporization – գոլորշիացում)։ Գործընթացը բավականին նման է սովորական ծխախոտի օգտագործմանը, բայց ի տարբերություն դրա, վեյփինգը ենթադրում է հեղուկի և դրանում առկա փոքրիկ մասնիկների տաքացում։ Արդյունքում ձևավորվում է գոլորշի՝ սովորական ծխախոտի արտանետած ծխի փոխարեն։ 

Չնայած անվանմանը, վեյփինգի արդյունքում ձևավորվող գոլորշին սովորական ջրային գոլորշի չէ։ Այն պարունակում է նիկոտին, որոշ ծանր մետաղներ և այլ մասնիկներ։ Այսինքն, այստեղ մենք նկատի ունենք ոչ թե «մաքուր» գոլորշի, այլ գազային խառնուրդ։

Արդյո՞ք հնարավոր է կախվածության մեջ ընկնել էլեկտրոնային ծխախոտներից

Էլեկտրոնային ծխախոտների մեծ մասը պարունակում է նիկոտին։ Նիկոտինն այն հիմնական բաղադրիչն է, որը պատասխանատու է ծխախոտի կախվածություն առաջացնելու հատկության համար։ Այսպիսով, էլեկտրոնային ծխախոտները նույնպես կարող են կախվածություն առաջացնել։

Կախվածության հիմնական ախտանիշները՝

  • Էլեկտրոնային ծխախոտի օգտագործումը որպես հանգստանալու կամ թուլանալու արդյունավետ միջոց;
  • Մշտական օգտագործումը դադարեցնելու անհնարինության զգացում;
  • Ծխելը դադարեցնելու դեպքում «հանման համախտանիշի» նշանների առաջացում (տրամադրության և վարքի փոփոխություններ՝ անհանգստություն, տագնապ, զայրույթ, դյուրագրգռություն, անքնություն և այլն);
  • Ձգտում այնպիսի միջավայր ստեղծելու, որտեղ էլեկտրոնային ծխախոտների կիրառումն ընդունված է և հարմար, միաժամանակ խուսափում իրավիճակներից կամ գործառույթներից, որոնք կարող են ծխելու համար խոչընդոտ հանդիսանալ։

Այս ախտանիշները բավականին նման են ծխախոտի չարաշահման ախտանիշներին։

Դեռահասների մոտ էլեկտրոնային ծխախոտներից կախվածության նշանները կարող են շատ ավելի շուտ դրսևորվել, քան հասուն մարդկանց մոտ։ Երբեմն դրանք կարող են դրսևորվել անգամ նախքան կանոնավոր կերպով օգտագործումը սկսելը։ Բացի այդ, նիկոտինի օգտագործումը վաղ տարիքում կարող է մեծացնել ապագայում թմրանյութերից կախվածության առաջացման ռիսկը:

Կախվածությունից բացի, նիկոտինը կարող է շատ այլ վնասներ հասցնել մարդու օրգանիզմին։ Այն բարձրացնում է արյան ճնշումը, ինչպես նաև կտրուկ ավելացնում ադրենալինի մակարդակը, ինչի հետևանքով զգալիորեն արագանում է սրտի կծկումների հաճախականությունը։ Արդյունքում մեծանում է սրտի կաթվածի առաջացման հավանականությունը։

Նիկոտինի օգտագործումն ազդում է երեխաների և դեռահասների զարգացման վրա։ Այն կարող է առաջացնել ուսման դժվարություններ, անհանգստություն և նույնիսկ տագնապային խանգարում։ Ընդհանուր առմամբ, նիկոտինը խաթարում է ուղեղի բնականոն զարգացման ընթացքը, ինչի արդյունքում կարող են բազմաթիվ խնդիրներ առաջանալ։

Նմանատիպ հետևանքներ կարող են առաջանալ, եթե նիկոտին օգտագործի հղի կինը։ Պտղի զարգացումը (հատկապես ուղեղի) խաթարվում է։

Այսպիսով, նիկոտինը բավականին վտանգավոր է, և այն հանդիսանում է գրեթե բոլոր էլեկտրոնային ծխախոտների հիմնական բաղադրիչը։

Արդյո՞ք էլեկտրոնային ծխախոտները կարող են անվնաս համարվել

Էլեկտրոնային ծխախոտները միևնույնն է ծխախոտ են, նույնիսկ հաշվի առնելով բոլոր տարբերությունները։ Դրանք կարող են մեծ վնաս հասցնել մարդուն և իր շրջապատին (էլ․ ծխախոտների դեպքում նույնպես կիրառելի է «երկրորդային կամ պասիվ ծուխ» հասկացությունը)։

Նկարում նշված «Juul Pod»-ն ու «Puff Bar»-ն էլէկտրոնային ծխախոտի տեսակ են։

Ի՞նչ են իրականում իրենցից ներկայացնում էլեկտրոնային ծխախոտները

Ցավոք, էլեկտրոնային ծխախոտներն ակտիվ գովազդվում են որպես ծխելու անվնաս այլընտրանք։  Գովազդը, համերի հսկայական բազմազանությունը («ավանդականից» և մենթոլից՝ մինչև ձմերուկ) և կպչուն հոտի բացակայությունը դրանք գրավիչ են դարձնում դեռահասների և երիտասարդների համար։

Էլեկտրոնային ծխախոտների պատճառած ողջ վնասը հասկանալու համար պետք է իմանալ, թե ինչ են դրանք ներառում՝

ԲաղադրիչԱռողջության համար հիմնական վտանգները
Թութուն (հեղուկի մեջ)*Կախվածություն
*Սիրտանոթային հիվանդություններ, 2-րդ տիպի շաքարային դիաբետ, ուռուցքների առաջացում
*Բացասական ազդեցություն պտղի թոքերի զարգացման վրա
*Այլ թունավոր ազդեցություններ
Պրոպիլեն գլիկոլՇնչառական ուղիների գրգռում
ԳլիցերինԵրկարատև ներշնչման ազդեցությունը դեռևս անհայտ է
ՑինամալդեհիդԹունավոր ազդեցություն բջիջների վրա (լաբորատոր պայմաններում)
ԴիացետիլՕբլիտերատիվ բրոնխիոլիտ (քրոնիկ, անդառնալի թոքերի հիվանդություն, որի դեպքում թոքերի փոքր շնչուղիները (բրոնխիոլները) վնասվում և մշտապես նեղանում են: Այս վիճակն առաջացնում է շնչառության շարունակական դժվարացում, հազ և թոքերի ֆունկցիայի նվազում)
ԲենզալդեհիդՇնչառական ուղիների գրգռում
ԱկրոլեինԹունավոր, գրգռիչ ազդեցություն
ՖորմալդեհիդՔաղցկեղածին ազդեցություն (նպաստում է քաղցկեղի առաջացմանը)
ԱցետալդեհիդՄեծ հավանականությամբ քաղցկեղածին է
ՔրոմՔաղցկեղածին ազդեցություն
ՆիկելՔաղցկեղածին ազդեցություն
ԿապարԹունավոր, հավանաբար քաղցկեղածին ազդեցություն
Հեղուկում առկա նուրբ և մանր մասնիկներ*Շնչառական խնդիրներ
*Թոքերի ֆունկցիայի նվազումՎաղաժամ մահ

Ցանկում ներառված են էլեկտրոնային ծխախոտների հիմնական, բայց ոչ բոլոր բաղադրիչները, որոնք կարող են բավականին մեծ վնաս հասցնել մարդկանց։ 

Էլեկտրոնային ծխախոտների օգտագործման երկարատև հետևանքների վերաբերյալ հստակ փաստեր դեռևս չկան, բայց ավելի շատ ուսումնասիրություններից հետո հնարավոր կլինի դրանք բացահայտել: Գիտնականները դեռևս պարզում են, թե իրականում որքան վնասակար կարող են լինել էլեկտրոնային ծխախոտները:

Այնուամենայնիվ, այն, ինչ մենք արդեն գիտենք, բավարար է էլեկտրոնային ծխախոտները որպես վտանգավոր ապրանքներ բնորոշելու համար։ Հետևաբար, դրանց օգտագործումը պետք է պարտադիր վերահսկվի։ 

Կարելի՞ է արդյոք օգտագործել էլեկտրոնային ծխախոտ ծխելը թողնելու նպատակով

Չնայած որոշ մարդկանց համար այս ռազմավարությունը կարող է աշխատել, մենք խորհուրդ չենք տալիս անցնել ծխելու մեկ տեսակից մյուսին։ Ոչ մի հաստատված բուժման մեթոդ չի ներառում էլեկտրոնային ծխախոտի կիրառումը ծխելը թողնելու համար։

Մարդիկ, ովքեր սովորական ծխախոտից անցում են կատարում էլեկտրոնային արտադրանքին, կարող են հետաձգել բժշկական օգնության դիմելը կամ ապացուցված գործիքներ փորձարկելը։ Նման «ինքնաբուժությունը» կարող է դանդաղեցնել կամ նույնիսկ խաթարել կախվածությունից ազատվելու գործընթացը։

Ե՞րբ է պետք դիմել բժշկի օգնությանը 

Եթե Դուք կախվածություն եք ձեռք բերել ծխելուց (անկախ նրանից՝ խոսքը սովորական ծխախոտի, թե էլեկտրոնային տարբերակների մասին է), պետք է դիմեք ձեր ընտանեկան բժշկին՝ պատշաճ բուժում ստանալու համար։

Գոյություն ունեն բուժման տարբեր եղանակներ, որոնք կարող են ներառել հետևյալը՝ դեղորայք, նիկոտինի փոխարինմամբ բուժում, վարքային շտկում։ Բուժման ռազմավարությունն ընտրվում է անձի անհատական առանձնահատկությունների և կոնկրետ դեպքի հիման վրա։ Համընդհանուր մոտեցում բոլորի համար գոյություն չունի։

Բացի այդ, բժիշկը կարող է նշանակել որոշ հետազոտություններ՝ ծխելու հետևանքով արդեն իսկ օրգանիզմին պատճառված վնասի աստիճանը պարզելու համար։

Կանխարգելում

Կանխարգելման լավագույն միջոցներից մեկը կառավարության կողմից կանխարգելիչ ռազմավարությունների իրագործումն է, որոնցից են՝ գովազդի սահմանափակումը, խանութներում ամբողջ ծխախոտային արտադրանքի (ոչ միայն սովորական ծխախոտների) համար փակ դարակների օգտագործումը, հանրային վայրերում էլեկտրոնային ծխախոտների օգտագործման վերահսկողությունը և այլն։

Բացի այդ, ինչպես և սովորական ծխախոտների դեպքում, Դուք կարող եք օգնել երեխաներին և երիտասարդներին խուսափել վեյփինգից՝ նրանց չծխելու օրինակ ցույց տալով։

Աղբյուրները․
Cleveland Clinic
U.S. Centers for disease control and prevention
Medical News Today
World Health Organization
National Library of Medicine 

Arrow Left Arrow Right
Genrietta Ter-Minasyan, Bachelor's degree

Հեղինակի մասին

Genrietta Ter-Minasyan, Bachelor's degree

is a consulting psychologist living and working in Armenia. Also, she is a psychotherapist in education (Gestalt approach). Through her writing, she tries to increase awareness about mental health conditions, diseases, and issues in society; eliminate stigmatization; and help people get the support they need.