Հորմոններ

Հորմոններ

Ի՞նչ է հորմոնը։

Հորմոնները մեր օրգանիզմում տարբեր ֆունկցիաներ կարգավորող նյութեր են։ Ընդհանուր առմամբ դրանք ազդում են մեր օրգանզիմի աճի, զարգացման և մետաբոլիզմի վրա, կարգավորում են վերարտադրողական ֆունկցիան, էլեկտրոլիտների և հեղուկի քանակը։ Մեր օրգանիզմում էնդոկրին համակարգի և այլ օրգանների կողմից արտադրվում են 50-ից ավելի հորմոններ։ Այս նյութերի նույնիսկ չնչին քանակը հանգեցնում է օրգանիզմում էական փոփոխությունների, ինչի պատճառով էլ, հորմոնների բարձր կամ ցածր քանակները կարող են էականորեն ազդել մեր առողջության վրա։

Ինչպե՞ս են հորմոններն աշխատում։

Հորմոնները գործում են երկու ձևով։ Առաջինը՝ էնդոկրին գեղձերն արտադրում են հորմոն, որը խթանում է մեկ այլ հորմոնի արտադրությունը այլ գեղձում։ Օրինակ՝ հիպոֆիզը արտադրում է թիրոիդ խթանող հորմոնը (ԹԽՀ), որը խթանում է վահանագեղձի կողմից հորմոնների արտադրությունը։ Հորմոնների աշխատանքի մեկ այլ մեխանիզմ է բջիջների մետաբոլիզմի կարգավորումը։ Օրինակ, ենթաստամոքսային գեղձն արտադրում է հորմոն (ինսուլին), որն էլ իր հերթին իրականացնում է լյարդում և մկանային բջիջներում գլյուկոզայի նյութափոխանակությունը։

Ո՞ր օրգանները/ հյուսվածքներն են արտադրում հորմոններ։

Հորմոնների հիմնական աղբյուրը էնդոկրին գեղձերն են։ Վերջիններս արտադրում են հորմոններ և անմիջապես ձերբազատում մեր արյան մեջ։ Էնդոկրին համակարգի հիմնական գեղձերն են․ 

  • Հիպոթալամուս
  • Հիպոֆիզ
  • Էպիֆիզ
  • Վահանաձև գեղձ
  • Հարվահանաձև գեղձեր
  • Մակերիկամներ
  • Ենթաստամոքսային գեղձ
  • Ձվարաններ
  • Ամորձիներ

Կան հյուսվածներ, որոնք էնդոկրին համակարգի մաս չեն հանդիսանում, սակայն նույնպես արտադրում են հորմոններ։ Օրինակներն են ճարպային հյուսվածքը, լյարդը, երիկամները, ստամոքսաղիքային տրակտը և ընկերքը։

Հիպոթալամուս

Հիպոթալամուսը գլխուղեղի մի փոքր մասն է։ Այն արտադրում է հիպոֆիզի ֆունկցիաները կարգավորող հորմոններ։ Դրանք են․

  • Կորտիկոտրոպին ռիլիզինգ հորմոն – մեր օրգանիզմի սթրես-պատասխանի հիմնական համակարգողն է։
  • Դոպամին – հաճույքի և բավարարվածության հորմոնն է, կարգավորում է շարժումները և հիշողությունը։
  • Գոնադոտրոպին ռիլիզինգ հորմոն – խթանում է հիպոֆիզի կողմից լյուտեինիզացնող հորմոնի (ԼՀ) և ֆոլիկուլոխթանիչ հորմոնի (ՖԽՀ) արտադրությունը։ 
  • Սոմատոտրոպին ռիլիզինգ հորմոն – խթանում է հիպոֆիզում աճի հորմոնի (սոմատոտրոպին) սինթեզն ու ձերբազատումը։ 
  • Օքսիտոցին – սինթեզվում է հիպոթալամուսում և պաշարվում հիպոֆիզում։ Մասնակցում է վերարտադրողական ֆունկցիային։
  • Սոմատոստատին – ընկճում է այլ հորմոնների և ֆերմենտների արտադրությունը։
  • Թիրեոտրոպին ռիլիզինգ հորմոն – խթանում է հիպոֆիզի կողմից պրոլակտինի և թիրեոտրոպին խթանող հորմոնի (ԹԽՀ) արտադրությունը։ 

Հիպոֆիզ

Հիպոֆիզը փոքր, լոբու չափերի գեղձ է, որը տեղադրված է ուղեղի խորքում, անմիջապես հիպոթալամուսի տակ։ Այս գեղձը նաև կոչվում է «ղեկավար գեղձ», քանի որ արտադրում է գրեթե ամբողջ էնդոկրին համակարգը կարգավորող հորմոնները։ 

  • Ադրենոկորտիկոտրոպ հորմոն կամ կորտիկոտրոպին – խթանում է մակերիկամների կողմից կորտիզոլի արտադրությունը։ 
  • Ֆոլիկուլախթանող հորմոն (ՖԽՀ) – կարգավորում է դաշտանային ցիկլը և խթանում ձվարաններում ձվաբջջի հասունացումը։
  • Լյուտեինիզացնող հորմոն (ԼՀ) – կարգավորում է դաշտանային ցիկլը և խթանում ձվազատումը։
  • Աճի հորմոն կամ սոմատոտրոպին – խթանում է երեխայի աճը, մեծահասակների մոտ կարգավորում գլյուկոզայի մետաբոլիզմը։ 
  • Պրոլակտին – կարգավորում է վերարտադրողական ֆունկցիան, լակտացիան ու իմուն համակարգը, և ազդում վարքի վրա։
  • Թիրոիդ խթանող հորմոն (ԹԽՀ) – կարգավորում է վահանագեղձի կողմից հորմոնների արտադրությունը։
  • Անտիդիուրետիկ հորմոն (ԱԴՀ) կամ վազոպրեսին – կարգավորում է զարկերակային ճնշումը, արյան ծավալը և հյուսվածքներում հեղուկի պարունակությունը։
  • Օքսիտոցին – կարգավորում է կանանց վերարտադրողական ֆունկցիայի հիմնական ասպեկտները։

Էպիֆիզ

Ուղեղի խորքում տեղակայված փոքր գեղձ է, տեղադրված է թալամուսի վերևում։ Գեղձի հիմնական ֆունկցիան մելատոնինի արտադրությունն է։ Մելատոնինը ցիրկադային համակարգի մասն է և կարգավորում է քնի և արթմնիության ցիկլը։

Վահանաձև գեղձ

Վահանձև գեղձը փոքր, թիթեռանման գեղձ է, տեղադրված պարանոցի միջին մասում, ադամախնձորից ներքև։ Վահանագեղձի կողմից արտադրվող հիմնական հորմոններն են․

  • Եռյոդթիրոնին (T3) 
  • Թիրոքսին (T4)
  • Կալցիտոնին

T3-ը և T4-ը միասին կոչվում են «վահանագեղձի հորմոններ»։ Վերջիններս ունեն մի շարք ֆունկցիաներ։ Մասնավորապես, դրանք պատասխանատու են հյուսվածքներում մետաբոլիզմի համար, կարգավորում են զարկերակային ճնշումը, սրտի զարկերը, մարսողական ֆունկցիան և երեխայի ուղեղի զարգացումը։ Կալցիտոնինը կարգավորում է ոսկրերի մետաբոլիզմը և կալցիումի ու ֆոսֆատների մակարդակը արյան մեջ։

Հարվահանաձև գեղձեր

Այս գեղձերը սիսեռի չափ ունեցող կառուցվածքներ են, որոնք տեղադրված են վահանաձև գեղձի հետևում, սովորաբար դրանք չորսն են։ Հարվահանաձև գեղձերն արտադրում են պարաթիրոիդ հորմոն (ՊԹՀ), որը կարգավորում է արյան մեջ կալցիումի մակարդակը և ակտիվացնում վիտամին D-ն։

Մակերիկամներ

Այս եռանկյունաձև զույգ գեղձերը կպած են երկու երիկամների գագաթներին։ Արտադրում են հետևյալ հորմոնները․

  • Կորտիզոլ – կարգավորում է մետաբոլիզմը, իմունիտետը և սթրես պատասխանը։
  • Ալդոստերոն – կարգավորում է օրգանիզմում աղի և ջրի քանակը, ազդում զարկերակային ճնշման վրա։ 
  • ԴՀԷԱ-ն և տեստոստերոնը թույլ սեռական հորմոններ են։ Դրանք դեր ունեն երեխաների սեռական օրգանների զարգացման և սեռահասունացման մեջ։
  • Ադրենալինը (էպինեֆրին) և նորադրենալինը (նորադրենալին), կոչվում են կատեխոլամիններ, կարգավորում են սթրես պատասխանը, մեծացնում սրտի զարկերը, զարկերակային ճնշումը և շնչառության հաճախականությունը, նաև լայնացնում են բբերը։

Ենթաստամոքսային գեղձ

Այս օրգանը մարսողական համակարգի մի մասն է։ Ենթաստամոքսային գեղձում կան երկու տեսակի բջիջներ։ Մի տեսակի բջիջներն արտադրում են մարսողական ֆերմենտներ և արտազատում դրանք աղիներ, իսկ մյուսները (կղզյակային բջիջներ) արտադրում են գլյուկագոն և ինսուլին։ Վերջիններս կարգավորում են արյան մեջ շաքարի մակարդակը։ Ինսուլինի ոչ բավարար քանակը տիպ 1 շաքարային դիաբետի հիմնական պաթոգենետիկ մեխանիզմն է։

Ձվարաններ

Ձվարանները երկու օվալաձև օրգաններ են, որոնք տեղադրված են կոնքի խոռոչում, արգանդի երկու կողմերում։ Ձվարանները կանանց վերարտադրողական համակարգի մի մասն են։ Դրանց հիմնական ֆունկցիան ձվաբջիջների և հետևյալ սեռական հորմոնների արտադրությունն է․ 

  • Էստրոգեն
  • Պրոգեստերոն
  • Տեստոստերոն

Այս հորմոնները ընդգրկված են դաշտանային ցիկլի և վեարտադրողականության մեջ։

Ամորձիներ

Ամորձիները երկու օվալաձև օրգաններն են, որոնք տեղադրված են մաշկային գրպանիկում (փոշտ), առնանդամի հետևում։ Ամորձիները արական վերարտադրողական համակարգի մի մասն են։ Դրանք արտադրում են սերմ և տեստոստերոն։ Վերջինս պատասխանատու է հասուն տղամարդուն բնորոշ ֆիզիկական հատկանիշների զարգացման, սեռական ֆունկցիայի , մկանների և ոսկրերի ամրության համար։

Ինֆորմացիայի աղբյուրներն են․
Medscape
Society for endocrinology
Cleveland clinic

Arrow Left Arrow Right
Mariam Avetisyan, MD

Հեղինակի մասին

Mariam Avetisyan, MD

is a pediatric anesthesiologist and intensive care specialist in Armenia. Through her writing, she explains complex medical topics in simple terms and helps families spot health concerns early.