Ի՞նչ է պեպտիկ խոցը
Խոցային հիվանդությունը (ԽՀ) վիճակ է, որը բնորոշվում է պեպտիկ խոցերի առաջացմամբ։ Վերջիններս ստամոքսի և ստամոքսաղիքային տրակտի (ՍԱՏ) վերին հատվածների ներքին շերտի վրա առաջացող բաց վերքեր են։
ՍԱՏ-ը կազմված է միմյանց հետ հաղորդակցվող խոռոչավոր օրգաններից և խողովակներից։ Այն ներառում է բերանը, կերակրափողը, ստամոքսը, բարակ և հաստ աղիները, հետանցքը։ Բարակ աղիների սկզբնական հատվածը կոչվում է 12-մատնյա աղիք։ ՍԱՏ-ի հիմնական ֆունկցիան սննդի մարսումն է։ Այս պրոցեսը տեղի է ունենում մարսողական ֆերմենտների և ստամոքսի թթվի շնորհիվ։ Այս նյութերը խիստ քայքայիչ են, ինչի համար էլ ստամոքսն ու աղիները արտադրում են լորձ՝ այս օրգանների ներքին շերտը (լորձաթաղանթ) պաշտպանելու նպատակով։ Պեպտիկ խոցերն առաջանում են, երբ մարսողական ֆերմենտների և ստամոքսաթթվի արտադրությունը գերակշռում է պաշտպանիչ նյութերի արտադրությանը։
Պեպտիկ խոցերի ի՞նչ տեսակներ կան
Կան պեպտիկ խոցերի երկու հիմնական տեսակներ․
- Ստամոքսի խոցերն առաջանում են ստամոքսում։ Պեպտիկ խոցերի մոտ 20%-ը ստամոքսի խոցերն են։
- Դուոդենալ խոցերն առաջանում են 12-մատնյա աղիքում։ Պեպտիկ խոցերի մոտ 80%-ը դրանք են։
Հազվադեպ պեպտիկ խոցերն առաջանում են․
- կերակրափողի լորձաթաղանթի վրա՝ քրոնիկ ռեֆլյուքսի հետևանքով (կերակրափողի խոցեր), և
- բարակ աղիների այլ մասերում (օրինակ՝ յեյունալ խոցեր)

Որո՞նք են խոցային հիվանդության ախտանշանները
ԽՀ ունեցող մարդկանց մեծ մասը կարող է ախտանշաններ ընդհանրապես չունենալ։ Հաճախ հանդիպող ախտանշանները նման են այլ ՍԱՏ հիվանդություններին (ինչպես օրինակ գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս հիվանդությանը)։ Որովայնի վերին հատվածի (էպիգաստրալ շրջան) դիսկոմֆորտը, ցավը և մարսողության խանգարումը գերակշռող ախտանշաններն են։ Այլ նշաններն են․
- Վքնածություն
- Գղտոց
- Այրոց
- Սնվելիս արագ հագեցման զգացում
- Սրտխառնոց և փսխում
- Ախորժակի կորուստ
- Դեպի մեջք ճառագայթող ցավ
- Սնվելիս կամ սոված ժամանակ ուժեղացող ցավ
- Ցավ, որի պատճառով կարող եք քնից արթնանալ
Ինչու՞ են առաջանում պեպտիկ խոցերը
Երբ ՍԱՏ բնական պաշտպանական մեխանիզմներն ընդդեմ մարսողական ֆերմենտների և աղաթթվի, դադարում են պատշաճ աշխատելուց, առաջանում է ԽՀ։ Դեպքերի մեծամասնությունում, վերոնշյալ դիսբալանսի համար պատասխանատու են լինում երկու գործոններ։ Դրանք են՝
- Helicobacter pylori. aյս միկրօրգանիզմը (բակտերիան) նորմայում ապրում է ստամոքսում և 12-մատնյա աղիքում։ Հիմնականում այն անվնաս է, բայց երբեմն առաջացնում է բորբոքում և խոց։
- ՈՍՀԴ-երի կանոնավոր օգտագործում․ ՈՍՀԴ-երը առանց դեղատոմսի տրվող դեղեր են, որոնք օգտագործվում են ցավը, տենդը և բորբոքումը բուժելու նպատակով։ Այս խմբին են պատկանում իբուպրոֆենը, ասպիրինը, նապրոքսենը, կետոպրոֆենը, դիկլոֆենակը և այլ դեղեր։ Ացետամինոֆենը (պարացետամոլ) այս խմբին չի պատկանում։ ՈՍՀԴ-երը վնասում են ստամոքսի և 12-մատնյա աղու լորձաթաղանթները մի քանի մեխանիզմներով, ներառյալ տեղային գրգռող ազդեցությունը և պաշտպանիչ նյութերի սինթեզի ընկճումը։ Խոցերի առաջացման ռիսկը անհատական է և կախված է բազմաթիվ գործոններից։ Ռիսկն ավելի բարձր է, երբ օգտագործում եք բարձր դոզաներով ՈՍՀԴ-եր, միաժամանակ երկու և ավելի ՈՍՀԴ-եր կամ ՈՍՀԴ-երն ընդունում եք որոշակի այլ դեղերի հետ միաժամանակ (օրինակ՝ արյունը նոսրացնող դեղեր)։
ԽՀ այլ, հազվադեպ հանդիպող պատճառներն են՝
- ՍԱՏ այլ վարակներ
- Քիմիոթերապիա
- Ճառագայթային բուժում
- Կորտիկոստերոիդների օգտագործում
- Աուտոիմուն հիվանդություններ
- Ստամոքսի քաղցկեղ
- Զոլինգեր-Էլիսոնի համախտանիշ
- Ծանր հիվանդություն կամ տրավմա
ԽՀ առաջացման ռիսկը ավելի մեծ է, եթե Դուք․
- 60 տարեկանից մեծ եք
- Նախկինում ունեցել եք պեպտիկ խոցեր
- Ունեք ԽՀ ունեցող ընտանքի անդամ
- Ծխում եք
- Խմում եք ալկոհոլ
- Ծանր սթրես եք տանում
- Ուտում եք կծու սնունդ
Որո՞նք են ԽՀ բարդությունները
Չբուժելու դեպքում ԽՀ կարող է հանգեցնել․
- Ստամոքսաղիքային թափածակman (անցք ստամոքսի կամ աղիների պատի մեջ)
- Ստամոքսաղիքային արյունահոսության (արյան կորուստ պեպտիկ խոցերի մակերեսից)
ՍԱՏ արյունահոսության և թափածակման ախտանշաններն են․
- Ստամոքսի ուժեղ, սուր ցավ
- Որովայնի այտուցվածություն և պնդություն
- Արյունային փսխում
- Արյուն կղանքւմ
- Սև կամ ձյութանման կղանք
- Ծանր արյան կորստի նշաններ, ինչպես օրինակ ուշագնացություն, ցածր զարկերակային ճնշում և գունատ մաշկ
Ե՞րբ դիմել բժշկի
Դիմեք Ձեր բժշկին, եթե ունեք ԽՀ ախտանշաններ։ Զանգե՛ք շտապ օգնություն, եթե ունեք բարդացած ԽՀ վերոնշյալ ախտանշանները։
Ինչպե՞ս են ախտորոշվում խոցերը
Քանի որ ԽՀ ախտանշանները նման են այլ ՍԱՏ հիվանդություններ, բժիշկը կարող է նշանակել հետազոտություններ՝ էնդոսկոպիա և H. pylori որոշում։
ՍԱՏ վերին հատվածների էնդոսկոպիա
Ծայրին տեսախցիկ ունեցող բարակ ճկուն խողովակը բերանի խոռոչով անցկացվում է դեպի ստամոքս։ Ինչի շնորհիվ բժիշկը կարող է ուղղակիորեն զննել ՍԱՏ վերին հատվածները, վերցնել հյուսվածքի կտորներ (բիոպսիա) բորբոքումը, ուռուցքային բջիջները կամ H. pylori հայտնաբերելու համար։
H. pylori որոշում
ԽՀ ունեցողների մոտ պետք է որոշվի այս բակտերիայի առկայությունը, և եթե այն առկա է, պետք է բուժվի։ H. pylori հայտնաբերման անալիզները կարող են իրականացվել հետևյալ միջոցներով՝
- Բիոպսիա
- Կղանք
- Շնչառություն
Ինչպե՞ս է բուժվում խոցային հիվանդությունը
Բուժումը կախված է հիվանդության պատճառից։ Եթե ԽՀ առաջացման պատճառը H. pylori բակտերիան է, բուժման պլանն անպայման ներառում է հակաբակտերիալ դեղրայք։ ԽՀ բուժման համար օգտագործվող այլ դեղերն են՝
- Պրոտոնային պոմպի ինհիբիտորներ (օմեպրազոլ, լանսոպրազոլ, պանտոպրազոլ)
- H2 բլոկերներ (ֆամոտիդին)
Այս երկու խմբերի դեղերն ընկճում են ստամոքսի աղաթթվի արտադրությունը։
Եթե Դուք ընդունում եք ՈՍՀԴ, բժիշկը կարող է խորհուրդ տալ դադարեցնել դրանց ընդունումը, կամ դրանք փոխարինել այլ դեղորայքով։
Որոշ մեթոդներ կարող են օգնել ախտանշանների նվազելուն, դրանք են՝
- Ծխելը դադարեցնել
- Դադարեցնել ալկոհոլի ընդունումը
- Ընդունել անտացիդներ
Կարո՞ղ եմ արդյոք կանխարգելել խոցային հիվանդությունը
Այո, Դուք կարող եք կանխարգելել պեպտիկ խոցերի առաջացումը։ Ռիսկը նվազեցնելու համար խորհուրդ է տրվում․
- Խուսափել ծխախոտ պարունակող արտադրանքնրից (ներառյալ էլեկտրոնային ծխախոտեր և վեյփեր)
- Խուսափել ալկոհոլի օգտագործումից
- Ասպիրինը և այլ ՈՍՀԴ-երն օգտագործել զգուշորեն
- Կառավարել սթրեսը
- Չանտեսել խոցի ախտանշանները
- Խմել բավարար քանակի հեղուկներ
- Կանոնավոր այցելել Ձեր բժշկին
Աղբյուրներն են․
UpToDate
American College of Gastroenterology
Mayo Clinic
Cleveland Clinic
American Academy of Family Physicians