Ի՞նչ է միզային համակարգը
Երիկամները, միզածորանները միզապարկը և միզուկը միասին կազմում են միզուղիները կամ, նույն ինքը՝ միզային համակարգը:

Միզային համակարգն օրգանիզմում իրականցնում է դրենաժային գործառույթ: Երիկամները ֆիլտրում են արյունը և գոյացնում մեզը, որը բաղկացած է ավելորդ հեղուկից և օրգանիզմին ոչ պիտանի նյութերից: Մեզը միզածորանների միջոցով երիկամներից անցնում է դեպի միզապարկ, ապա միզելու ընթացքում օրգանիզմից դուրս է գալիս միզուկով: Միզապարկն, իր հերթին, պահեստավորում է մեզը:
Ի՞նչ է միզուղիների վարակը
Առողջ մարդկանց միզուղիները ստերիլ են, այսինքն այնտեղ բակտերիաներ չկան: Երբ միզային համակարգում բակտերիաներ են հայտնվում, զարգանում է միզուղիների վարակ (ՄՈւՎ): Վարակը կարող է ընդգրկել միզային համակարգի ցանկացած մաս, օրինակ՝
- միզուկ (ուրեթրիտ)
- երիկամներ (պիելոնեֆրիտ)
- միզապարկ (ցիստիտ)
Ի՞նչն է հարուցում ՄՈւՎ
ՄՈւՎ-ը կարող է հարուցվել տարբեր միկրոօրգանիզմներով, հիմնականում հարուցվում է բակտերիաներով: Վերջիններս ապրում են ստամոքսաղիքային տրակտում: Նրանք կարող են հայտնվել շեքի շրջանում և շարժվել դեպի միզապարկ և երիկամներ:
Որքա՞ն հաճախ է հանդիպում ՄՈւՎ-ը
ՄՈւՎ-ը շատ տարածված ինֆեկցիա է և ավելի հաճախ հանդիպում է կանանց շրջանում: ԱՄՆ-ում կանանց մոտ 25-40% կյանքում գոնե մեկ անգամ ունեցել է միզուղիների վարակ:
Ո՞վ կարող է ունենալ ՄՈւՎ
ՄՈւՎ-ը կարող է լինել յուրաքանչյուրի մոտ: Որոշ գործոններ մեծացնում են այս հիվանդությունը ձեռք բերելու ռիսկը, օրինակ՝
- իգական սեռ
- շաքարային դիաբետ
- նախկինում միզապարկի կամ երիկամների ինֆեկցիա ունենալ
- հակաբեղմնավորիչ նպատակով սպերմիցիդների կամ ստոծանիների օգտագործում
- հաճախակի սեռական հարաբերություններ
- միզային համակարգի անատոմիական շեղումներ
- տղամարդկանց դեպքում՝ թլպատված չլինել կամ անալ սեքս
- երիկամային քարերը և միզածորանային ռեֆլյուքս
- ժառանգական նախատրամադրվածություն
Որո՞նք են ՄՈւՎ-ի նշանները
Նշաններն ու ախտանիշները տարբերվում են վարակի տեղակայումից կախված: Միզապարկի վարակի նշաններն են.
- Միզելու ընթացքում ցավ կամ այրոց (դիզուրիա)
- Հաճախ առաջացող միզելու ցանկություն
- Շտապ միզելու անհրաժեշտություն
- Մեզում արյան առկայություն (արյունամիզություն)
- Որովայնի ստորին հատվածում ցավ կամ դիսկոմֆորտ
- Վատ հոտով կամ պղտոր մեզ
- Անմիզապահություն (կորցնում եք սեփական միզապարկը կառավարելու ունակությունը և ակամա միզարձակում եք):
Երիկամների վարակի նշանները վերը նշվածներն են, ինչպես նաև.
- Տենդ (մարմնի ջերմաստիճանը 99.9°F կամ 37.7°C –ց բարձր)
- Գոտկային (մեջքի ստորին հատվածի) ցավ
- Սրտխառնոց և փսխում
- Ընդհանուր թուլություն
- Դող
- Գիտակցության խանգարումներ
Միզուղիների վարակ ունեցող երեխաները կարող են նաև.
- ավելի բարձր ջերմություն ունենալ
- ընդհանուր տեսքը վատ լինել
- անկողնում կամ տակը միզել
- հիվանդ լինել
Ե՞րբ դիմել բժշկի
Գրանցվե´ք Ձեր բժշկի մոտ խորհրդատվության, եթե Դուք կամ Ձեր երեխան ունի ՄՈւՎ-ի նշաններ: Զանգե´ք 911, եթե Դուք կամ Ձեր երեխան շատ թույլ եք զգում, քնկոտ եք կամ դժվարանում եք խոսել:
Ինչպե՞ս են բժիշկներն ախտորոշում ՄՈւՎ-ը
Ախոտորոշումը հիմնականում իրականցվում է ախտանշանների և հետազոտությունների հիման վրա: ՄՈւՎ-ի ախտորոշման համար կատարվող հետազոտություններն են.
- Մեզի անալիզ – Այս անալիզի համար Դուք պետք է միզեք հատուկ բաժակի մեջ: Լաբորանտները մեզի նմուշի մեջ ստուգում են արյան սպիտակ բջիջների (լեյկոցիտներ), նիտրիտների և այլ տարրերի առկայությունը: Մեզում լեյկոցիտների առկայությունը միզուղիների վարակի նշան է:
- Մեզի ցանքս – Մեզի նմուշում ստուգվում է բակտերիաների առկայությունը:
Երբեմն բժիշկը այլ հետազոտություններ էլ է նշանակում, օրինակ՝
- սոնոգրաֆիա
- համակարգչային շերտագրություն (ՀՇ)
- ցիստոսկոպիա

Ինչպե՞ս է բուժվում ՄՈւՎ-ը
Միզուղիների վարակը բուժվում է հակաբիոտիկներով: Վերջիններս բակտերիաներին սպանող դեղերն են: Դուք պետք է խստորեն հետևեք բժշկի ցուցումներին հակաբիոտիկներ ընդունելիս: Եթե Դուք դրանք նորմալ չեք ընդունում, վարակը կարող է նորից զարգանալ կամ հակաբիոտիկների հանդեպ կայունություն ձեռք բերել:
Բժիշկները ՄՈւՎ-ի բուժման համար հաճախ նշանակում են հետևյալ հակաբիոտիկները.
- Նիտրոֆուրանտոին
- Սուլֆոնամիդներ
- Ամոքսիցիլլին
- Ցեֆալոսպորիններ
- Դոքսիցիկլին
- Ֆոսֆոմիցին
- Քինոլոններ
Կախված նրանից, թե ինչ անտիբիոտիկ եք ստանալու, բուժումը կարող է իրականցվել դեղորայքի մեկանգամյա դոզայով կամ մինչև 10 օր տևող բուժման կուրսով: Ձեր ախտանիշները կարող են նվազել բուժումը սկսելու հենց առաջին օրվանից, սակայն անհրաժեշտ է ստանալ բուժման լրիվ կուրսը՝ վարակը միզուղիներից լիարժեք հեռացնելու նպատակով:
Տենդի և ցավի դեմ կարելի է ընդունել առանց դեղատոմսի վաճառվող դեղեր, օրինակ, ացետամինոֆեն կամ իբուպրոֆեն:
Եթե ունեք բարձր ջերմություն, ուժեղ ցավեր կամ չեք կարող նորմալ սնվել և հեղուկներ ընդունել, Դուք գուցե հոսպիտալացվեք և ստանաք ներերակային հակաբիոտիկներ և հեղուկներ:
Ի՞նչ է միզապարկի կրկնող վարակը
Եթե Դուք ունենում եք միզապարկի վարակ 2 և ավելի անգամ 6 ամսվա ընթացքում կամ 3 և ավելի անգամ 1 տարվա ընթացքում, դա կոչվում է միզապարկի կրկնվող վարակ: Կանանց մոտ, միզուղիների անատոմիայով պայմանավորված, ավելի հավանական է հաճախակի միզապարկի վարակը (կանանց միզածորանը ավելի կարճ է, քան տղամարդկանցը և հետանցքին ավելի մոտ է տեղակայված): Եթե Դուք ունենում եք միզուղիների կրկնվող վարակ, Դուք պետք է անցնեք լրացուցիչ հետազոտություններ, օրինակ՝ ՀՇ կամ ցիստոսկոպիա (միզապարկի խոռոչը ներսից զննվում է էնդոսկոպ կոչվող բարակ խողովակով):
Կարո՞ղ եմ արդյոք կանխարգելել ՄՈւՎ-ը
Այո, Դուք կարող եք կանխարգելել միզուղիների վարակը: Կենսակերպի ստորև թվարկված փոփոխությունները կարող են օգնել այդ հարցում.
- Հետևեք հիգիենային:
- Ավելի շատ հեղուկներ խմեք:
- Փոխեք միզելու սովորությունները (միզեք սեքսից հետո և ավելի հաճախ միզեք):
- Փոխեք հակաբեղմնավորիչները (սպերմիցիդների կամ դիաֆրագմայի փոխարեն այլ հակաբեղմնավորիչներ փորձեք):
- Սեքսի ընթացքում օգտագործեք ջրային հիմքով լուբրիկանտներ:
- Խուսափեք նեղ հագուստից (փորձեք հագնել ազատ հագուստ և բամբակյա ներքնազգեստ):
- Ընդունեք առանց դեղատոմսի վաճառվող հավելումներ (լոռամրգի հյութ, լոռամրգի հաբեր կամ «D-մաննոզ» կոչվող հավելում):
- Պոստմենոպաուզալ կանանց բժիշկը կարող է խորհուրդ տալ ներհեշտոցային էստրոգեն:
- Երբեմն կարող են խորհուրդ տրվել կանխարգելիչ հակաբիոտիկներ:
Ինֆորմացիայի աղբյուրներն են.
Urology Care Foundation
UpToDate
CDC
Mayo Clinic
Cleveland Clinic
Medscape