Տարեցների հատուկ բժշկական կարիքները

Տարեցների հատուկ բժշկական կարիքները

Ովքե՞ր են տարեցների տարիքային խմբում

Ծեր կամ տարեց անձի բնորոշումը հակասական և տարաբնույթ է։ Սովորաբար անձը համարվում է տարեց 60 և ավել տարիքում։ Առողջապահական ծառայությունների բարելավմանը զուգընթաց ավելանում է նաև բնակչության մեջ ծեր մարդկանց թիվը և համամասնությունը։ 2019թ․-ին 60 տարեկանից մեծ մարդկանց քանակը 1 միլիարդ էր։ Այս թիվը 2030թ.-ին աճելու է մինչև 1,4 միլիարդ, իսկ 2050թ․-ին արդեն 2,1 միլիարդ։

Ի՞նչ է ծերացումը

Ծերացումը բնական գործընթաց է։ Ծերացումը բնորոշվում է որպես ֆիզիոլոգիական ամբողջականության շարունակական կորուստ, որը հանգեցնում է ֆունկցիոնալ խանգարումների և մահվան հավանականության մեծացման։ Ծերացման ընթացքում տեղի ունեցող փոփոխություններն ընդգրկում են մարմնի բոլոր օրգաններն ու ազդում բոլոր ֆունկցիաների վրա։

  • Սիրտը սկսում է ավելի թույլ և դանդաղ կծկվել, արյունատար անոթները դառնում են ավելի կարծր, հաստ և լուսանցքը նեղանում է։
  • Երիկամների ֆունկցիան նվազում է։ Միզապարկը սկսում է ավելի վատ կատարել իր գործառույթները և չի կարողանում նույն քանակի մեզ պահել, որքան նախկինում։
  • Լյարդը աստիճանաբար կորցնում է թույների և դեղորայքի «չեզոքացման» ունակությունը։
  • Թոքերը դառնում են ավելի քիչ առաձգական, շնչառությունը դժվարանում է և արյան մեջ թթվածնի քանակությունը կարող է նվազել։
  • Ուղեղի գործառույթները նվազում են, ռեֆլեքսներն ու զգայունությունը թուլանում, դանդաղում են մտածողության և հիշողության պրոցեսները։
  • Տեղի է ունենում ոսկրային զանգվածի կորուստ (օստեոպենիա) և մկանային զանգվածի կորուստ (սարկոպենիա)։
  • Իմուն համակարգը վատ է արձագանքում վարակներին, առողջացման պրոցեսները դանդաղում են, մեծանում է քաղցկեղի առաջացման ռիսկը։
  • Նյութափոխանակությունը դանդաղում է, որոշ հյուսվածքների զգայունությունը հորմոնների նկատմամբ նվազում է, փոխվում է նաև հորմոնների արտադրությունը։

Տարեցներն առօրյա կյանքում բախվում են տարբեր մարտահրավերների հետ, օրինակ՝ սոցիալական մտահոգություններ, ֆինանսական սահմանափակումներ, շարժունակության, ճանաչողական կարողությունների և առողջության հետ կապված խնդիրների։

Ի՞նչ առողջական խնդիրներ են բնորոշ տարեցներին

Մարդու օրգանիզմի բնական ծերացման պրոցեսը սովորաբար հանգեցնում է տարբեր քրոնիկ վիճակների։ Քրոնիկ տերմինը նշանակում է, որ այս խնդիրները երկարատև են և պետք է գտնվեն բժիշկների շարունակական հսկողության տակ։ Ահա ամենատարածված քրոնիկ խնդիրների ցանկը.

  • Արթրիտ կամ քրոնիկ ցավ
  • Սրտի և արյունատար անոթների հիվանդություններ. բարձր զարկերակային ճնշում, օրթոստատիկ հիպոտենզիա, (ցածր զարկերակային ճնշում), բարձր խոլեստերին, աթերոսկլերոզ, կորոնար զարկերակների հիվանդություն, սրտային անբավարարություն, սրտի ոչ նորմալ ռիթմեր, անեմիա, սրտի փականային հիվանդություններ, տրանզիտոր իշեմիկ գրոհ (ՏԻԳ), արյան մակարդուկներ, խորը երակների թրոմբոզ, վարիկոզ երակներ և այլն։
  • Քաղցկեղ
  • Թոքերի քրոնիկ հիվանդություն
  • Ալցհեյմերի հիվանդություն
  • Դեմենցիա
  • Դեպրեսիա
  • Օստեոպորոզ
  • Դիաբետ
  • Քնի ապնոե
  • Երիկամների և միզապարկի հիվանդություններ. անմիզապահություն, միզուղիների վարակ և երիկամների քրոնիկ հիվանդություն։
  • Դեպրեսիա և տագնապ

Բարձր է նաև սուր հիվանդությունների և տրավմաների ռիսկը։ Ի տարբերություն քրոնիկ հիվանդությունների, դրանք սովորաբար կարճատև են և բուժելի։ Տարեցների որոշ սուր առաջացող առողջական խնդիրներն են.

  • Թոքաբորբ
  • Բրոնխիտ
  • Սինուսիտ
  • Գրիպ
  • Ապենդիցիտ
  • Սրտամկանի ինֆարկտ
  • Ինսուլտ
  • Կոտրվածքներ և հոդախախտեր

Ինչու՞ տարեցներն ունեն հատուկ բժշկական կարիքներ

Տարեց բուժառուները նշանակալիորեն տարբերվում են ավելի երիտասարդ մեծահասակներից, ինչի հետևանքով էլ բժշկական խնամքը յուրահատուկ է և բարդ։ Ծերերի հիվանդությունների վարման վրա ազդող գործոնները ներառում են զուգակցվող հիվանդությունները, բազմաթիվ դեղերի ընդունումը, կոգնիտիվ ֆունկցիաների նվազումը և այլն։

Բազմաթիվ քրոնիկ հիվանդությունների զուգակցում

Որպես կանոն, տարեցների մոտ միաժամանակ լինում են տարբեր քրոնիկ հիվանդություններ։ Արդյունքում, հիվանդությունները փոխազդում և պոտենցում են մեկը մյուսին։ Այս պրոցեսները էլ ավելի են բարդացնում հիվանդությունների ախտորոշումը և բուժումը։

Բազմակի դեղերի միաժամանակյա ընդունում

Սովորաբար ծերերը ընդունում են մեկից ավելի դեղորայք (հաճախ հինգ և ավելի)։ Դեղերը կարող են փոխազդել միմյանց և հիվանդությունների հետ։ Սա հանգեցնում է դեղորայքային կողմնակի ազդեցությունների առաջացման ռիսկի բարձրացմանը։

Տարիքային ֆիզիոլոգիական փոփոխություններ 

Ինչպես արդեն նշվել էր, ծերացումը հանգեցնում է տարիքային ֆիզիոլոգիական փոփոխությունների։ Այս փոխակերպումները մեծացնում են տարբեր հիվանդությունների ռիսկը, հանգեցնում կոգնիտիվ գործառույթների և ֆունկցիոնալ նվազման։

Կոգնիտիվ գործառույթների նվազում և զգայական խանգարումներ

Ծերացման գործընթացում տեղի ունեցող այլ պրոցեսների նման, կոգնիտիվ գործառույթների նվազումը նույնպես բնական պրոցես է։ Կոգնիտիվ գործառույթների նորմալ տարիքային նվազումը մեղմ է և դանդաղ է տեղի ունենում։ Ձեր մտածելու կարողությունը կարող է դանդաղել, կարող եք ունենալ դժվարություններ ուշադրության կենտրոնացման, միաժամանակ տարբեր գործողություններ անելու, տեղեկատվությունը մտքում պահելու և համապատասխան բառեր գտնելու հետ կապված։ Ոչ նորմալ ծերացման դեպքում կոգնիտիվ ֆունկցիաների նվազումը ավելի ծանր է և կարող է հանգեցնել դեմենցիայի, դելիրիումի և դեպրեսիայի։

Նկարի աղբյուրը. National Institute of Aging

Զգայական խանգարումները նույնպես նպաստում են կոգնիտիվ ֆունկցիաների շարունակական նվազմանը։ Գլոբալ ծերացման արդյունքում զգայական խանգարումները, ինչպես օրինակ լսողության և տեսողության կորուստը, դարձել է շատ տարածված։ Հետազոտությունները ցույց են տալիս որ 65 տարեկան և ավելի մեծ անձանց գրեթե մեկ երրորդն ապրում է արտահայտված զգայական խանգարումով։

Կոգնիտիվ ունակությունների նվազումը ազդում է բուժման արդյունավետության վրա, նվազեցնում բուժառուի մասնակցությունը իր բուժմանը և ավելացնում խնամողի բեռը։

Ֆունկցիոնալ նվազում

Ֆունկցիոնալ նվազումը առօրյա գործողություններ կատարելու և ինքնախնամք իրականացնելու ունակությունների նվազումն է, որն առաջանում է ֆիզիկական և մտավոր ունակությունների նվազման հետևանքով։ Ավելին, երբ բուժառուն ունի մի քանի հիվանդություններ, դա հանգեցնում է սպասվածից ավելի ծանր անաշխատունակության։ Սա տեղի է ունենում, քանի որ օրգանիզմի հիվանդությունը կոմպենսացնելու ունակությունը խաթարվում է մեկ այլ հիվանդության պատճառով։

Խոցելիություն

Խոցելիությունը ծերերի մոտ հաճախ հանդիպող կլինիկական համախտանիշ է։ Այն բնորոշվում է ֆիզիկական և մտավոր պաշարների նվազմամբ։ Սա հանգեցնում է սթրեսորների նկատմամբ բարձր զգայունության։ Խոցելիությանը բնորոշ է անկանխատեսելի քաշի կորուստը, հյուծումը, թուլությունը, դանդաղ քայլքը, ցածր ֆիզիկական ակտիվությունը և պատահական ընկնելու հետևանքով առաջացող վնասվածքները։ Այս ամենը հանգեցնում է ավելի երկար հոսպիտալիզացիաների, հիվանդություններից և վիրահատություններից հետո ապաքինման բարդ ընթացքի և մահացության ավելի բարձր տոկոսի։

Ո՞վ է բուժում տարեցներին

Տարեցները կարող են դիմել տարբեր բժիշկ-մասնագետների` ընտանեկան բժիշկների, թերապևտների և նեղ մասնագետների (օրինակ` սրտաբանի): Նրանք կարող են դիմել նաև գերիատրի (ծերաբույժ): Գերիատրները ընտանեկան բժիշկներ են կամ թերապներ, ովքեր մասնագիտացած են տարեցների առողջապահական հարցերում։ Ձեր բժշկական պատմությունից կամ կարիքներից կախված, Դուք կարող եք դիմել գերիատրի օգնությանը կամ շարունակել աշխատել առողջության առաջնային պահպանման բժշկի հետ։

Ինֆորմացիայի աղբյուրներն են.
WHO
Weill Institute for Neurosciences
National Institute of Aging
American Geriatrics Society
Pasadena Health Center

Arrow Left Arrow Right
Mariam Avetisyan, MD

Հեղինակի մասին

Mariam Avetisyan, MD

is a pediatric anesthesiologist and intensive care specialist in Armenia. Through her writing, she explains complex medical topics in simple terms and helps families spot health concerns early.